Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ ճանապարհը՝ ապահովել Արցախի անվտանգությունը, տեսնում ենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության մեջ. Արցախի ԱԺ փոխնախագահ. «ՀԺ»

Փետրվար 18,2021 09:00

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Հարությունյանը, Գագիկ Բաղունցը եւ Մետաքսե Հակոբյանը շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով Արցախում ռուսերենին կտրվի պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Նախագծի համահեղինակ, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախագծով ռուսերենին տրվում է ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ:

2013 թվականին Արցախի Ազգային ժողովում ընդունված «Լեզվի մասին» օրենքով սահմանվում է, որ պետական լեզուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետական հոգածությամբ ու հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու է: Իսկ պաշտոնական լեզուն սահմանվում է որպես պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու:

– Պարոն Բաղունց, այս նախագիծը շրջանառության մեջ դնելը ինչո՞վ է պայմանավորված:

– Եթե կարճ ասեմ՝ դաժան իրականությամբ: Պայմանավորված է հետպատերազմական իրավիճակով եւ այդ իրավիճակի ընկալմամբ. անվտանգության ապահովման խնդիրը լուծելու մի բաղադրիչը ավելի սերտ հարաբերություններն է Ռուսաստանի Դաշնության հետ:

Հաշվի առնելով խաղաղապահ ուժերի առկայությունը Արցախի Հանրապետությունում, նրանց մշակույթը կրող ինժեներական զորքերի ներկայությունը, որոնք բավականին լուրջ օգնություն են ցուցաբերում քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաեւ հետագա համագործակցության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելը, մենք գնացինք այս քայլին: Բայց ես բոլորին ուզում եմ զգուշացնել, որ մեր Սահմանադրության հետ հակասության մասին խոսք լինել չի կարող: Սահմանադրության այդ հոդվածը, ըստ որի՝ հայերենը պետական լեզու է, մնում է անփոփոխ: Խոսքը ռուսերենի՝ որպես պաշտոնական լեզու ընդունելու մասին է: Բոլոր պաշտոնական փաստաթղթերը շարունակելու են մնալ հին լեզվով՝ հայերենով:

– Նախագիծը քննարկվե՞լ է հայաստանցի եւ ռուս գործընկերների հետ:

– Մենք տեղյակ ենք պահել մեր մի շարք կոլեգաների, համապատասխան մարմինների, իրավաբանների հետ խորհրդակցել ենք, որպեսզի մեր Սահմանադրության, մյուս օրենքների հետ հակասություն չառաջանա: Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրված, եւ մենք պատրաստ ենք թե՛ հանրային քննարկումների, թե՛ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում քննարկումների: Չենք բացառում որոշ փոփոխություններ, բայց էությունը, որը բխում է իրավիճակից, անհրաժեշտություն է: Միակ ճանապարհը՝ այս տարածաշրջանում ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը, մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ ավելի սերտ համագործակցության մեջ: Ադրբեջանի եւ Թուրքիայի ալյանսին միացել են մի շարք միջազգային ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներ: Այսօր սեփական ուժերով գրեթե հնարավոր չի, եւ մեր կողմից պահանջվում է ավելի մեծ զոհաբերություն:

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այսօր գրեթե ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող ապահովել իր անկախությունն ու անվտանգությունը:

– Արցախի Ազգային ժողովի խմբակցություններում նախագծի վերաբերյալ կա՞ կոնսենսուս:

– Օրենքի նախագիծը մշակվել է «Ազատ Հայրենիք» եւ «Միասնական Հայրենիք» խմբակցությունների կողմից, վերջնական փուլում միացել է «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը: Մյուս երկու խմբակցությունները՝ «Դաշնակցությունը» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, դեռ հստակ կարծիք չեն հայտնել օրենքի վերաբերյալ:

-Պարո՛ն Բաղունց, նախորդ տարեվերջին լուրեր էին շրջանառվում Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Հավաստի՞ են այդ տեղեկությունները:

– Նման տարբերակ քննարկվում է: Բայց քննարկվում է մի մեծ համալիրի ներքո, եւ այդ ծրագիրը վերջնական մշակումից հետո կներկայացնենք հանրային քննարկման: Սա ընդամենը քննարկման մի տարբերակն է: Մենք անընդհատ փորձում ենք ավելի էֆեկտիվ դարձնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը: Ինչ տարբերակ որ վերջնական կընդունեն, այդ տարբերակի մասին կխոսենք, հանրությանը տեղյակ կպահենք ու հանրության մասնակցությունը, նախաձեռնությունները, կարծիքները անպայման հաշվի կառնենք: Մեր այսօրվա աշխարհում ամեն ինչ կապված է ռազմաքաղաքական իրավիճակի հետ: Շատ քայլեր, որոնք կատարվում են մեր կողմից, ոչ թե հանրային մոտեցումներ են, այլ հստակ. իրական քննարկումների արդյունք է՝ տարածաշրջանում իշխող իրավիճակի եւ անվտանգության, անկախության պահպանման պայմաններ ստեղծելու համար:

Նանե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728