Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու մասին որոշումը կայացրած դատարանից պաշտպանը խնդրել էր տրամադրել որոշման օրինակը, սակայն մերժվել էր

Փետրվար 18,2021 14:30

ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներից մեկով արձանագրել է, որ երբ պետությունը սկսում է գաղտնի հսկողություն, որի գոյությունը հայտնի չէ հսկվող անձանց, եւ արդյունքում այդ հսկողությունը հնարավոր չի լինում բողոքարկել, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարող է էականորն նսեմացվել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին, 2020թ. փետրվարի 18-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր բերել փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Երեկ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լ. Աբգարյան, բավարարել է ճանաչված փաստաբանի բողոքը եւ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչ որոշում էր կայացրել Երեւան քաղաքի դատարանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, անցյալ տարի փետրվարի 18-ին քննության է առնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Մարտիրոսյանի միջնորդությունը՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին, որոշել է. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մարտիրոսյանի միջնորդությունը բավարարել, եւ փաստաբան Լ.Սիմոնյանի պաշտպանյալի (անուն-ազգանունը չենք հրապարակում անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով) հեռախոսահամարով 2 ամիս ժամկետով իրականացնել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Լիպարիտ Սիմոնյանը երեկ «Առավոտին» ասաց. «Նշված որոշման օրինակն ինձ տրամադրվել է քրեական գործով նախաքննության ավարտից հետո, երբ 2020թ. սեպտեմբերի 2-ին էլեկտրոնային եղանակով ստացել եմ քրեական գործի նյութերը: Մինչ այդ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերից տեղեկացված լինելով, որ պաշտպանյալիս նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 18-ի որոշման հիման վրա իրականացվել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, որոշումը կայացրած դատարանից խնդրել եմ տրամադրել որոշման օրինակը, սակայն ստացել եմ մերժումներ»:

Պաշտպանն ասում է, որ միջնորդություն էր ներկայացրել քննիչին նույնպես՝ դատարանի որոշման պատճենն իրեն տրամադրելու համար, քանի որ այն բողոքարկելու նպատակ է ունեցել: Քննիչը որոշել է. «Մեղադրյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը մերժել ամբողջությամբ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»: Քննիչի որոշումը բողոքարկվել է գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Գ. Ամիրյանին:

Պաշտպանը բերել էր տասնյակ նախադեպային որոշումներ, զուգահեռ անցկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ կատարված օրինախախտության հետ:

Մասնավորապես, «Halford v. the UK գործով»՝ 1997 թվականի հունիսի 25-ի վճռով, ՄԻ եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով՝ պետական մարմինների միջամտությունն անձնական կյանքի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին թույլատրվում է այն դեպքում, երբ «նախատեսված է օրենքով»:

Լ. Սիմոնյանն ասում է. «Հասարակական հսկողության բացակայության եւ իշխանությունը չարաշահելու վտանգի պատճառով պետական մարմինների կողմից հեռահաղորդակցության հսկողության եւ գաղտնալսման գաղտնի միջոցառումների համատեքստում ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին կամայական միջամտությունից անձի պաշտպանությունը: Հետեւաբար, ներպետական օրենսդրությունը պետք է հստակ լուսաբանի պետական իրավասու մարմինների կողմից նման գաղտնի միջոցառումների կիրառման հանգամանքներն ու պայմանները: Այլ խոսքով՝ օրենքը պետք է բավականաչափ հստակ լինի իր հասկացությունների մեջ՝ պատշաճ կերպով անձին մատնանշելով այն հանգամանքները, որոնց դեպքում հանրային իշխանությունները իրավասու են նման գաղտնի միջոցների դիմել»:

Այս կարգի գործերով Եվրոպական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը եւ վերահսկման այլ ձեւերը լուրջ միջամտություն են անձնական կյանքի եւ հաղորդակցության նկատմամբ եւ համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ օրենքի վրա:

Վերաքննիչ բողոքում պաշտպանն անդրադարձել էր այն հարցին, թե Երեւան քաղաքի դատարանի որոշումը կայացնելիս առկա՞ էին այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք են տվել գալ այն հետեւության, թե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, թե ոչ: Ըստ նրա, դատարանի որոշման պատճառաբանական մասից էլ երեւում է, որ դատարանը նշել է միայն, որ «Նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է…», սակայն չի պատճառաբանել, թե ինչ ապացույցների հետազոտման հիման վրա է եկել նման հետեւության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728