Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք աշխատել ենք համավարակի հենց առաջին օրվանից

Փետրվար 18,2021 14:00

Կորոնավիրուսն իր տեսակով, բուժման համարյա անհնարինությամբ ցավ է պատճառում ոչ միայն մեզ, այլեւ ողջ աշխարհին։ Որքան էլ ուզենք շրջանցել, միեւնույն ժամանակ չենք կարողանում չանդրադառնալ այդ խնդրին։ Իմ զրուցակիցն է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Աստղիկ Բեյբուտյանը։

– Տիկին Բեյբուտյան, խնդրում եմ համառոտ ներկայացնել Ձեր աշխատանքային անցյալը:

– Ավարտելով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, անմիջապես աշխատել եմ իմ մասնագիտությամբ։ Մասնակցել եմ բազմաթիվ սեմինարիների։ 2019 թվականից հանդիսանում եմ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը։ Այժմ կրկին ուսանող եմ, սովորում եմ ԵՊԲՀ-ում եւ EMBA-ում։

– Կորոնավիրուսի մեծածավալ տարածումը եւ այսքան շատ մահերը վկայեցին, որ ինֆեկցիոնիստների, ավելին՝ արհեստավարժ մասնագետների պակաս կա, ի՞նչ կասեք այս մասին:

– Կորոնավիրուսի մեծածավալ տարածումը եւ մահերը կապված էին ոչ թե ինֆեկցիոնիստների, ավելի արհեստավարժ մասնագետների պակասով, այլ հիվանդության նոր լինելու հետ։ Մենք չունեինք անձնական փորձ հիվանդության բուժման համար։ Մենք հետեւում եւ առաջնորդվում էինք միջազգային փորձով։ Սակայն նշեմ նաեւ, որ մեր բժիշկների եւ բուժանձնակազմի անձնազոհ, անտրտունջ, սրտացավ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բուժվել են հիվանդների 97 տոկոսը, եւ միայն, ցավոք, ունեցել ենք 1 տոկոս մահացության ցուցանիշ եւ 2 տոկոս այլ բուժհաստատություններ տեղափոխված հիվանդներ։ Նշեմ, որ մենք աշխատել ենք համավարակի հենց առաջին օրվանից։

– Որպես տնօրեն, ինչպե՞ս կգնահատեք Ձեր եւ աշխատակազմի աշխատանքային հարաբերությունները:

– Իրականում ես նշանակման օրվանից ի վեր անցել եմ շատ բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհ, բայց կարճ ժամանակահատվածում կարողացել եմ ի շահ հիվանդանոցի հաղթահարել այդ դժվարությունները եւ հիվանդանոցում ստեղծել առողջ, աշխատանքային մթնոլորտ։

– Ի՞նչ է անհրաժեշտ հիվանդանոցի գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:

– Հիվանդանոցն այս ընթացքում գրանցել է բազմաթիվ դրական արդյունքներ։ Կայունացվել է հիվանդանոցի ֆինանսական վիճակը, ունեցել ենք վճարովի ծառայությունների աճ՝ մոտ 200-300 տոկոսի չափով։ Կատարվել են վերանորոգման աշխատանքներ։
Հիվանդանոցը հագեցել է նոր սարքավորումներով, տեղադրվել է կենտրոնացված թթվածնի 15 կետ, ինչպես նաեւ կատարվել են բժշկական օգնության եւ սպասակման որակը բարձրացնող այլ բազմաթիվ միջոցառումներ։

Չնայած այն հանգամանքին, որ ունեմ կառավարման ընդամենը մեկ տարվա փորձ, կարողացել եմ պատվով կատարել իմ ստանձնած պարտականությունները, որի համար ՀՀ վարչապետի կողմից արժանացել եմ հուշամեդալի։ Այս տարվա ընթացքում արժանացել եմ նաեւ բազմաթիվ պատվոգրերի, որոնցից ուզում եմ առանձնացնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրված պատվոգիրը։ Հպարտ եմ, որ հայ եմ եւ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Զրույցը վարեց
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728