Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կնքահայրն ու նրա առաքելությունը

Փետրվար 18,2021 12:30

Հարցազրույց Սեւակ սարկավագ Գրիգորյանի հետ

– Սեւակ սարկավագ, կխնդրեմ խոսեք կնքահոր եւ նրա առաքելության մասին:

– Մկրտության արարողության կարեւոր անձերից մեկը կնքահայրն է, որն ունի անփոխարինելի դերակատարություն եւ առաքելություն թե՛ մկրտության ծեսի ժամանակ եւ թե՛ երեխայի` դեռ չմկրտված անձի կյանքում։ Կնքահայրը համարվում է հոգեւոր ծնող, հայր եւ դաստիարակ եւ հետաքրքրական է, որ մի քանի տասնամյակ առաջ ծնողների մահվան պարագային երեխային հանձնում էին ոչ թե մոտ ազգականի, այլ՝ կնքահոր խնամքին, ինչը վկայում է հայոց ավանդական ընտանիքում կնքահոր վայելած մեծ դերի ու հարգանքի մասին։ Այս իսկ պատճառով մեզանում մեծ կարեւորություն է տրվում կնքահոր ընտրությանը։ Կնքահոր առաքելության ծիրը պարզ է` հոգեւոր դաստիարակություն տա իր սանիկին, սակայն մինչեւ այդ հոգեւոր դաստիարակության հասնելը նա եկեղեցում վկայում է իր սանիկի` մկրտությանը պատրաստ լինելը, այսինքն` միայն մկրտությունից հետո չէ, որ կնքահայրն իր սանիկի կյանքում ունի առաքելություն, այլ` մինչեւ մկրտությունը նա պետք է բացատրի մկրտության կարեւորության ու դերի մասին:

– Ո՞վ կարող է դառնալ կնքահայր:

– Կնքահայրությունը սոսկ մի պաշտոն չէ, որ յուրաքանչյուր ոք կարողանա դառնալ կնքահայր: Եկեղեցին այդ պաշտոնի հետ կապված ունի որոշ սահմանափակումներ: Եթե կետերով թվարկելու լինեմ, թե ով կարող է դառնալ կնքահայր, ապա կստացվի հետեւյալը.
ա. պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու զավակ (մկրտությամբ է, որ դառնում են եկեղեցու զավակ, այսինքն` նաեւ պետք է մկրտված լինի),
բ. լինի չափահաս եւ տղամարդ,
գ. մոտ արյունակցական կապ չունենա մկրտվողի հետ. չլինի նրա հայրը, պապը կամ եղբայրը,
դ. գոնե որոշ չափով տիրապետի եկեղեցու վարդապետությանը` սանիկին ճիշտ հոգեւոր դաստիարակություն տալու համար:

– Հաճախ ենք լսում, որ մարդիկ մկրտությունից առաջ, այսպես ասած՝ կնքամայր են փնտրում, այնինչ մեր եկեղեցին չունի հատուկ առանձնացրած կնքամոր պաշտոն:

– Կնքահոր ընտրության պարագային, հաճախ շատերը կանգնում են խնդրի առաջ: Արդյոք պարտադի՞ր է նրա ամուսնացած լինելը եւ կնքահոր կողքին կնքամոր առկայությունը, կամ նրա տղամարդ լինելը: Ասեմ, որ մեր եկեղեցում կնքահոր կողքին պարտադիր չէ կնքամոր առկայությունը, սակայն խրախուսելի է նրա ամուսնացած լինելը, որը կարող է հեշտացնել մկրտվողի հոգեւոր դաստիարակության գործը: Իսկ ինչ վերաբերում է կնքահոր փոխարեն կնքամորը, ապա ասեմ, որ ըստ եկեղեցու՝ Սուրբ Հայրերի մկրտության ժամանակ կնքամայր հանդիսանում է եկեղեցին, որի արգանդից ծնունդ է առնում երեխան, որպես քրիստոնյա: Սուրբ Գրիգոր Տաթեւացին նույնիսկ արգելում է կնոջ ներկայությունը արարողությանը, փաստելով, որ Աստվածամայրը ներկա չէր Հիսուսի՝ Հորդանանում մկրտությանը: Ներկա չլինելու մեկ այլ պատճառ Սուրբ Հայրերն ասում են, որ կինը գտնվում է անմաքրության շրջանում եւ չի կարող եկեղեցի մտնել (սա կապված է մինչեւ երեխայի քառասունք ընկած ժամանակահատվածի անմաքրության հետ):

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728