Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքերի հետ միայն դիվանագիտություն, այլ ոչ թե առեւտուր

Փետրվար 18,2021 13:00

Անընդհատ քննարկվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական շփումների ակտիվացման հարցը: Ընդ որում, կարծիքները չափազանց ծայրահեղ են. մոռանալ անցյալը, նայել առաջ եւ սկսել ակտիվ առեւտուր անել մեր հարեւանների հետ, կամ ընդհակառակը՝ մեկուսանալ եւ պասիվանալ` ընդհանրապես չշփվելով թշնամի հարեւանների հետ:

Կարծում ենք, որ այսօր այդ հարցերը պետք է լուծվեն ողջամտության սահմաններում, երբեք թուրքերին չհամարելով վստահելի գործընկերներ, առավել եւս` անվտանգության երաշխավորներ: Բայց զուգահեռաբար անհրաժեշտ համարելով ակտիվացնելու ենթակառուցվածքների բացման գործընթացում հայանպաստ ուղիների որոնումը եւ դրանով իսկ, մեր կամքը թելադրելու ոչ բարյացակամ հարեւաններին: Իսկ այդ ուղիները կան, եւ գոնե հիմա իրավունք չունենք դրանք մեր ձեռքից բաց թողնելու:

Եթե բացելու ենք սահմանները, թուրքական կապիտալին թույլ տալով անարգել մխրճվել Հայաստանի տնտեսական շուկա, ապա մեր դարավոր թշնամուն տուն ենք հրավիրելու, որ տնտեսական համագործակցության քողի տակ երկիրը քանդի ներսից, խարխլի ազգային անվտանգությունը, իսպառ վերացնի առանց այն էլ մեր պետության տկարացած տնտեսության ինքնավարությունը: Այս պարագայում, մեզ համար բնավ չի գործելու այն ընդունելի մոտեցումը, թե օտարերկրյա կապիտալը ազգություն չի ճանաչում եւ հանգրվանում է այնտեղ, որտեղ շահաբեր է, անգամ, երբ այն նույնիսկ շահաբեր է մեզ համար:

Թուրքիայի կողմից նախաձեռնած շրջափակումը, որն, ի դեպ, դեռեւս երեսուն տարի առաջ նպատակ ուներ տնտեսապես ծնկի բերելու Հայաստանը, իր բացասական հետեւանքներով մեզ համար դրական ազդեցություն ունեցավ այն առումով, որ ձեռք բերեցինք գոյատեւման իմունիտետ, անգամ արտաքին աշխարհ դուրս գալու սահմանափակ ճանապարհների դեպքում: Ուրեմն, չպետք է խանդավառվենք, թե սահմանների բացումով տնտեսական թռիչքաձեւ աճ ենք ունենալու, մանավանդ՝ համագործակցելով եւ մերձենալով մեր թուրքալեզու հարեւանների հետ:

Սակայն սահմանների բացումը, որն արդեն նոյեմբերի 9-ից պարտադրանք դարձավ մեզ համար, ունի նաեւ իր դրական նշանակությունը:

Իրանը եւ Ռուսաստանը, որոնք չափազանց շահագրգռված են տնտեսական հաղորդակցման ճանապարհներ ունենալու համար, ամեն ինչ անելու են, որ Մեղրիի տարանցիկ ճանապարհը անխափան գործի: Իսկ դա շատ կարեւոր խաղաթուղթ կդառնա մեզ համար: Որքան էլ որ գտնվենք տնտեսապես հզորների թելադրանքի ազդեցության ներքո, այնուամենայնիվ, ստեղծված նոր իրավիճակում հայերի կողմից էլ կլինեն հակազդեցության լծակներ, կապված տարանցիկ ճանապարհի անխափան գործարկման հետ, եթե իրականացնենք ճկուն դիվանագիտություն:

Ուրեմն, եթե սահմաններ են բացվելու, ապա ամեն ինչ անելու ենք, որ դրանք մեզ տանեն ոչ թե անբարյացակամ հարեւանների հետ վտանգավոր համագործակցության ու մերձեցման, դրանից բխող անվտանգային տարաբնույթ ռիսկերի ձեւավորումներով, այլ տնտեսական ճկուն դիվանագիտության իրագործման: Մեղրիի տարանցիկ ճանապարհը պարտավոր ենք դարձնելու ազդեցիկ լծակ մեր դիվանագիտության ոլորտում, եւ հնարավորինս փորձելու ենք ուժեղների հետ բանակցելիս դրանով իսկ լուծելու հայանպաստ խնդիրներ:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
17.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728