Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ:
Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։
Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:
Կարդացեք նաև
Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
ՀՀ ԱԳՆ