«Ազատության» հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցին հասարակ քաղաքացուն մատչելի լեզվով բացատրել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է անել այնպես, որպեսզի գյուղերի սահմանամերձ դառնալը դիտվի առավելություն: «Կան հարկային արտոնություններ եւ բիզնեսի արտոնություններ: Օրենքով դա կա, տնտեսական առումով դա կա: Ավելի ուշ կարող է եւ տղամարդկանց եւ կանանց շաբաթը մեկ կամ երկու անգամ ներգրավեն ռազմական պատրաստվածության մեջ»,-պատասխանեց պարոն Բագրատյանը:
Դիտարկմանը, թե այդպիսի առավելությունը կարող է վերաբերել նորմալ երկրին, նախկին վարչապետը նկատեց. «Օրինակ, այսօր հայտարարում է, թե նոր Գյումրի պետք է սարքել: Ուրեմն, այդ քաղաքը կքանդվի: Այդպիսի բան չեն ասում: Եթե ասում ես՝ նորը պիտի սարքել, ուրեմն՝ հինը պիտի քանդես: Քանդելը՝ կքանդի, սարքելը՝ չի սարքի: Կամ, հինգ օր առաջ ասում է՝ վեց անգամ ավելացել է գյուղատնտեսության վարկավորումը: Նայում եմ՝ 2020 թվականին տնտեսության աճը մեկ տոկոս է: Որ էդպես է, ինչի՞ եք փողերը վարի տվել: Ակնարկած «առավելությունների» պայմաններում սահմանամերձ գյուղերը արագորեն դատարկվում են: Այսինքն, շուռնուխցին հիմա թշնամու ավտոմատի նշանառության տակ ապրելու եւ աշխատելու բացառիկ առավելությո՞ւն ունի: Մի անգամ մի նորմալ բան չասաց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ