«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այսօր «Ազատության» հրապարակում խոսեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ հանրության հետ հանդիպումների արդյունավետության մասին: Նա, մասնավորապես, ասաց. «Կարծում եմ՝ ժողովրդի հետ այսպիսի ձեւաչափով հանդիպումները աշխատում են եւ սա պետք էր շուտ անել: Ամենեւին էլ կարեւորն չէ, թե քանի մարդ է գալիս «Ազատության» հրապարակ: Հիմա ամեն բան հեռարձակվում է, եւ յուրաքանչյուրը, ով իր մեջ ունի նույն հարցադրում, իրեն հետաքրքրող պատասխանը ուրիշի հարցով ստանում է:
Ժողովրդին իսկապես հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունեցել՝ դավաճանություն արդյոք եղե՞լ է, Սյունիքը ի՞նչ վիճակում է, Հայաստանը որպես անկախ պետականություն մնալո՞ւ է, թե՞ չէ: Այս հարցերը մարդկանց իսկապես մտահոգում են:
Միայն մի խնդիր կա: Ժամանակակից տեխնիկան մի կողմից օգնում է , որպեսզի մեկի հարցադրումը ամբողջ երկրով մեկ սփռվի, մյուս կողմից էլ դա խանգարում է, որ ամեն մեկը անձամբ գա իր հարցի պատասխանը ստանալու: Սա շատ կարեւոր է, որովհետեւ հասկացանք, որ Նիկոլի համար կարեւոր է գլխաքանակը, մեր համար՝ մարդկանց մասնակցությունը: Ինքը վախենում է մարդկանցից, թեեւ նրանցով եկավ իշխանության: Եվ եթե տեսնում եք նրա այցերը, օրինակ, այսօր՝ Գյումրի, ինչքան էլ տեսարաններ են կազմակերպում, չի մնացել մարդ, որը նրա նկատմամբ հարգանք տածի: Այս առումով, կարծում եմ, այսպիսի հավաքները շատ կարեւոր են, որտեղ հանրությունը ստանում է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը: Ու Վազգեն Մանուկյանի պարագան այս առումով շատ կարեւոր է: Վազգեն Մանուկյանը շատ պարզ ու հստակ է ասում, որ ինքը գալիս է նորմալ ընտրություններ անցկացնելու, որից հետո քաղաքականությունից դուրս է գալու:
Դժվար է ասել, թե փետրվարի 20-ին որքան մարդ կհավաքվի: Ասում են՝ այդ օրը ձյուն ու ցուրտ է սպասվում: Բայց ինչ էլ լինի, Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար այլեւս գոյություն չունի: Նա շատ լավ գիտի, որ իր վախճանը մոտ է, ինչից հետո սկսվելու են Հայաստանի նոր ձեռքբերումները եւ մեծ հնարավորություններ են բացվելու Հայաստանի եւ Արցախի համար»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ