«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է հանդիպումները քաղաքացիների հետ:
Լրատվամիջոցները Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են մարդիկ քիչ, ինչին նա պատասխանեց. «Կշատանան: Փետրվարի 20-ին այստեղ շատ մարդ կլինի: Իսկ դրանից հետո այս հրապարակը մենք կօգտագործենք որպես շտաբ: Այսինքն, ոչ միայն ես կլինեմ այստեղ, այլեւ իմ մյուս գործընկերները կլինեն: Չնայած, Իշխան Սաղաթելյանը միշտ գալիս է: Շարժումը որպեսզի առաջ գնա, մի կենտրոն պիտի լինի: Առաջին դեպքը չէ, որ այս հրապարակը ծառայում է որպես շտաբ: Դա եղել է որոշ ընտրություններից հետո, եղել է նաեւ Ղարաբաղյան շարժման ժամանակ»:
Հարցին՝ մինչ ինքը այստեղ վարչապետի հրաժարականն է պահանջում, Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում՝ Գյումրիում, հայտարարեց, թե շենացնելու են, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Դա նրա առաջին սուտն է՞: Որ ուզենա էլ, չի կարողանա: Նախ եւ առաջ, այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ ինքը չի կարողանում կառավարել: Ոչ բանակն է կարողանում ղեկավարել, ոչ պետությունը: Երկրորդ, երբ մարդու ամբողջ ուշքն ու դարդը ուղղված է նրան, որ իշխանություն պահի, պոպուլիստական քայլեր կարող է անել: Բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը արդեն դարձել է վտանգավոր մեր պետության համար: Նրա ամենահայրենասիրական քայլը կլիներ այն, որ կամավոր դուրս գար ու գնար:
Դիտարկմանը, թե այսօր տեսագրություն տրածվեց, թե ինչպես են Շիրակում Փաշինյանի մեքենան կանգնեցնում եւ ժողովուրդը նրան աջակցություն է ցույց տալիս, Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց. «Երկու հանգամանք կա. առաջին, իշխանությունը այդպիսի բաներ միշտ էլ կարողանում է կազմակերպել: Դա դժվար չէ: Երկրորդ, եթե հետեւեք, թե Գյումրիի հանրահավաքում ո՞ր մասն էր Գյումրիից, ո՞ր մասն էր բերված, կտեսնեք, որ դա կազմակերպված ներկայացում էր: Նաեւ հասարակության մեջ ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որոնք այդ ղեկավարի նկատմամբ հարգանքով են վերաբերվում: Խոսքը ընդհանուր ժողովրդի մասին է եւ նրանց, ում ինքը անվանեց էլիտա: էլիտան՝ բոլոր մասնագետները, գիտնականները, արվեստագետները, բոլոր այն մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են, նրա նկատմամբ որեւէ հարգանք չունեն: Իսկ ժողովուրդն էլ նրա ղեկավարման տարիների ընթացքում ավելի լավ չի ապրել: Նիկոլը այս ամեն ինչի համար պատասխան տալու է: Բայց լինելու է երկու դատ: Առաջինում ինքը պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, երկրորդը կլինի պատերազմում դավաճանության համար»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ