Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետի հայտարարությունների վերաբերյալ նախկինում արդեն իսկ ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ»

Փետրվար 17,2021 19:25

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ փաստաբանները ՀՔԾ և դատախազություն էին դիմել Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին ուղիղ եթերում արած հայտարարությունների հետ կապված, որտեղ նա ասել էր. «Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետևից, էսօրվա դեբոշերների հետևից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից։ Գնալու ենք Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետևից։ Էդ հայրենիքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են»: Փաստաբանները գտնում են, որ Փաշինյանի գործողություններում առկա են եղել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, նաեւ՝ ՔՕ 226, 332 եւ այլ հոդվածներով հատկանիշներ:

Դատավորը հայտնեց, որ դատարան են ուղարկվել գործի նյութերը։ Փաստաբանների բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին ՀՔԾ ներկայացուցիչները։ Վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ Դավիթ Բոստանջյանը նախ շեշտեց՝ փաստաբան Արամ Օրբելյանը հղում է արել Նիկոլ Փաշինյանի մի շարք գրառումներին ու հայտարարություններին, սակայն վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում պարզել է՝ առկա են նույնաբովանդակ, նմանատիպ հանցագործությունների մասին հաղորդումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են որոշումներ, որոնք դրանք վերացված չեն․ «Բացառվում է նույն անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը։ Որոշմամբ վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ վարչապետի նոյեմբերի 10-ի եւ 16-ի հայտարարությունների վերաբերյալ նախկինում արդեն իսկ ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ, նախապատրաստվել են նյութեր, եւ ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնատար անձ բռնության կոչեր է կատարել, արդարացնել բռնության արարքը կամ կազմակերպված խումբ է ստեղծել»։

Դատախազ Գևորգ Պետրոսյանն էլ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի գրառման առնչությամբ նյութեր են նախապատրաստվել պատգամավոր Արման Աբովյանի, ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանի դիմումների հիման վրա։ Հավելենք, որ այդ դիմումները դատարան ուղարկված նյութերի թվում են։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին՝ ժամը 10-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728