«Մեդիա» կենտրոնի այսօրվա հյուրը «Ժողովրդավարական ինտեգրացիա» կենտրոնի տնօրեն (Ավստրիա), Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետ (Գերմանիա) և Շվեդիայի միջազգային հարցերի ինստիտուտի (Շվեդիա) հետազոտող Անտոն Շեխովցովն էր։
Անտոն Շոխովցովը խոսեց իր ուսումնասիրությունների մասին, թե արդյոք մեծացել է ծայրահեղ աջ ուժերի ազդեցությունը ժողովրդավարական պետություններում։
Նշելով, որ Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը արևմտյան Եվրոպայի աջ ծայրահեղականների վրա 2012-2013 թվականներից, Շեխովցովն ասաց, թե պատճառը այն է, որ Ռուսաստանը կորցնում է մեծամասնության աջակցությունը Արևմուտքում։ Բացի դրանից կան մի քանի այլ պատճառներ Ռուսաստանի՝ Եվրոպայի աջ ծայրահեղականներին օգնելու համար. «Այդ պատճառներից է մեդիան, քանի որ Ռուսաստանը կարիք ունի ցույց տալու իր քաղաքացիներին, որ Ռուսաստանը մեկուսացված չէ․․․նաև Ռուսաստանը ուզում է տարածել իր քաղաքական հայացքները Եվրոպայում»:
Նա խոսեց նաև ռուս տարբեր քաղաքական գործիչներից. «Տարբեր ռուս քաղաքական գործիչների կապը եվրոպական աջ ծայրահեղականների հետ սկսվել է դեռևս 90-ականներից, օրինակ՝ Վլադիմիր Ժիրինովսկին մեկն է այն ականավոր ռուս քաղաքական գործիչներից, որը կապեր է հաստատել եվրոպական աջ ծայրահեղականների հետ»։
Խոսք գնաց նաև դավադրության տեսությունների մասին։ Շեխովցովի խոսքով այն բավականին տարածված է Ռուսաստանում։ Մասնավորապես նշեց մերօրյա «ամենացնորամիտ» դավադրության տեսություններից մի քանիսը, օրինակ Տափակ Երկրի դավադրության տեսությունը, որը ի դեպ մեծաթիվ հետևորդներ ունի, բացատրելով, որ դավադրության տեսությունները տարածելու հիմնական նպատակներից մեկը մարդկանց թույլ դարձնելն է։
Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ