Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կփոխհատուցեն անշարժ գույքի հարկը, 50 տոկոսով էլ՝ գազի, լույսի, եւ այլ վարձերը

Փետրվար 17,2021 17:30

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 միլիարդ դրամի չափով գումար:

Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը բնակչության դժգոհությունն է առաջացրել: Խոսքը, մասնավորապես՝ Խնձորեսկի, Քարահունջի մասին է: Այս համայնքները ծրագրում չեն ընդգրկվել:

Դավիթ Խաչատրյանի խոսքով, համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչեւ համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքը:

«Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետեւաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տարբերակը»,- ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա խոսքով, չի բացառվում, որ այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլեւ Ակներ եւ Վերին շեն համայնքները: Դավիթ Խաչատրյանը վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի եւ փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ:

Սոցապի պաշտոնյան ասաց, որ սոցիալական աջակցությունից, ընդհանուր առմամբ, օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի եւս 39 համայնքում: Սոցիալական աջակցությամբ նախատեսվում է փոխհատուցել նշյալ բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը, 50 տոկոսով էլ կփոխհատուցվեն 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

«Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետեւանքով վնասված բնակելի տների վնասի չափն ու կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության եւս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 միլիոն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 միլիոն, երրորդի դեպքում՝ 1 միլիոն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 միլիոն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 միլիոն դրամ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նա նաեւ ասաց, որ շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728