Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ապստամբություն չէր, այլ ահաբեկչություն»․ սպանված ոստիկանների այրիները՝ «Սասնա ծռերին»

Փետրվար 17,2021 16:49

2016թ․-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով (Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան եւ մյուսներ) հերթական դատական նիստում այսօր պաշտպանական ճառերի ավարտին ռեպլիկներով (կարճ ելույթներ) հանդես եկան դատավարության կողմերը։

Մեղադրող դատախազ Արամ Արամյան․ «Պաշտպանական կողմի փաստարկները, որոնք միտված էին արդարացնելու մեղադրյալներին, հերքվել են գործի քննության ժամանակ՝ բավարար ապացույցների համակցությամբ։ Ինչ վերաբերում է ապստամբության իրավունքի պատճառաբանությամբ նրանց վերագրվող հանցագործությունների փաստին իրավաչափ բնույթ հաղորդելու սկզբունքին, որը փորձում է իրացնել պաշտպանական կողմը, ապա մենք մանրամասն ասել ենք՝ ներպետական եւ միջազգային կարգավորումներով այդ պնդումներն անհիմն են եւ չունեն իրավաբանական հիմնավորում»։

Հասմիկ Ոսկանյան

Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրի Հասմիկ Ոսկանյան․ «Ես հասկացա, որ մեղադրյալների պաշտպանները փաստերը սխալ, ծիծաղելի են ներկայացնում։ Ես մի բան գիտեմ՝ զոհվել են երեք ոստիկաններ, որոնցից մեկն իմ ամուսինն է, որը մնացել է մինչեւ վերջ, չի փախել, անզեն է եղել։ Մարդուն դիտավորյալ կրակոցով վիրավորել են, որի հետեւանքով նա մահացել է։ Դա ապստամբություն չի, դա ահաբեկչություն չէ։ Եթե հիմա մենք նրանց արդարացնենք, նրանք պետության դեմ ծանր հանցագործություն են արել, մարդուն արնաքամ վիճակում թողել․․․եթե խաղաղ նպատակներով էին մտել եւ իրենց լավ տղու տեղ դնելով՝ կրակոցով վիրավորել, դա՞ է իրենց հեղափոխությունը։

Երեք ոստիկանների ընտանիքների եւ տղայիս անունից խնդրում եմ ձեզ, պարոն դատավոր, պատժեք ամենախիստ ձեւով, որ սրանից հետո իրենց հեղափոխության անվան տակ իրավունք չվերապահեն մարդկանց կյանքեր շուռ տալ․․․ուրիշ բառեր չեմ գտնում։ Եթե նրանք քաջություն չունեն եւ ամուսնուս սպանությունը մեկը մյուսի վրա են գցում, ուրեմն թող բոլորը պատժվեն։ Նրանք բոլորով են որոշել, որ պետք է հարձակում գործեն։ Նորից եմ խնդրում, պարոն դատավոր, թող պատժվեն»։

Հիշեցնենք, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, մեղադրանքը չի ընդունում։

Արմեն Բիլյան

Մեղադրյալ Արմեն Բիլյան․ «Ես համարձակություն ունեմ․․․Ապստամբել եմ, լավ եմ արել, քանի որ ՀՀ-ում տիրում էր «բեսպրեդելը»։ Արցախի համար մեծ վտանգ կար 2016թ․-ին։ Եթե ոմանց համար դա տարածք է, մեր համար հայրենիք է։ Մնացածը նորից չասեմ։ Մեղադրանքը եւ քրեական գործը բռնաբարված են։ Մինչեւ վերջ պայքարելու եմ իրավունքներիս համար, դա արդեն պատվի խնդիր է․․․

Սերժը երեկ ասեց, որ պատրաստ էր 5+2-ին։ Եթե իր համար դա հող է, իմ համար հայրենիք է։ Այս քրեական գործը Սերժի պատվերով է»։

Արփինե Թումասյան

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրի Արփինե Թումասյան․ «Եթե դեռ կա պետություն, հանցագործների համար ցմահ ազատազրկում եմ պահանջում։ Եթե կա արդարադատություն, պահանջում եմ ցմահ, որովհետեւ այս մարդիկ մի օր չզղջացին իրենց արարքի համար։ Ես չեմ ուզում, որ իմ նման կանայք եւ երեխաները շատանան։ Նրանք ներում չունեն։ զենքը եղել է Սմբատի ձեռքում, գնդակը հանվել է ամուսնուս լեզվի միջից․․․բոլորին ցմահ․․․հայը հայի վրա զենք պահեց, իսկ պաշտպանները փորձում են վիճակը մեղմացնել։ Ամեն մեկի ընտանիքում նման բան լիներ՝ կհասկանային, թե սա ինչ դաժան ցավ է։ Չնայած՝ Հայաստանի ընտանիքների կեսում այսօր այդ ցավն է»։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը, մեղադրանքը չի ընդունում։

Մեղադրյալ Սմբատ Բարսեղյանն էլ իր ռեպլիկում նախընտրեց բանաստեղծական մեջբերում անել։

Արեգ Կյուրեղյան

Մեղադրյալ Արեգ Կյուրեղյան․ «Ասացիք՝ հայը հայի վրա զենք բարձրացրեց․․․2008թ․-ին լավ եմ հիշում, թե ով ում արյունը թափեց։ Ինչ վերաբերում է գնդի գրավմանը, հիշեցնեմ, որ այդ գունդը զբաղվում էր ոչ թե իր պարտականությունները կատարելով, այլ գրեթե բոլորը հանդիսանում էին հանցագործ՝ ՀՀ քաղաքացու հանդեպ։ Այդ նրանք էին առեւանգում ՀՀ քաղաքացիներին, խոշտանգելով սպանում, ծեծում, վիրավորում, այդ թվում՝ կանանց եւ երեխաներին։ Այդ գնդի այն անձնակազմը, որը անգամ եթե չի մասնակցել խոշտանգումներին, տեղյակ է եղել եւ դատարաններում կեղծ ցուցմունքներ է տվել։ Դա եղել է ոչ թե ոստիկանություն, այլ հանցավոր խումբ, որի միջոցով ՀՀ-ում իրացվել է իշխանությունը։ Մեր գործողությունները ոչ թե ահաբեկչական էին, այլ հակաահաբեկչական»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728