Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են ջանքերն իրենց պատմության արյունոտ էջերը քողարկելու՝ ստիպելով Մինեսոտա նահանգին փետրվարի 26-ը Ադրբեջանի օր հայտարարել

Փետրվար 17,2021 17:00

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց երկերեսանի հասարակական կապերի արշավը` ազդելու ԱՄՆ քաղաքականության վրա, մարդու իրավունքների իրենց արձանագրությունը մաքուր ներկայացնելու և կոծկելու ահաբեկիչների ֆինանսավորումը հայ ժողովրդի դեմ անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում, Ամերիկայի հայկական համագումար (Համագումար) հորդորում է ամբողջ երկրի ակտիվիստներին զգոն մնալ:

Երկուշաբթի օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց մի տեսանյութ, որում ներկայացված էին կրակոցներ ադրբեջանական կողմից, խոշոր ու փոքր տրամաչափի զինատեսակներից՝ Հայաստանի հարավային Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զորքերը չպետք է տեղակայվեն Սյունիքի համայնքները կապող ավտոճանապարհներին, քանի որ դա լուրջ վտանգ է խաղաղ բնակիչների իրավունքների համար»,– գրել է Թաթոյանը Facebook-ի հանրային գրառման մեջ:

Մինչ Ադրբեջանի կողմից սկսված բռնությունը շարունակվում է հայերի նկատմամբ, հակասելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պայմաններին, Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են ջանքերն իրենց պատմության ամենաարյունոտ էջերը քողարկելու համար՝ ստիպելով Մինեսոտա նահանգին հայտարարել փետրվարի 26-ը որպես Ադրբեջանի օր՝ այն օրը, երբ հայերի համար Սումգայիթի ջարդերի հիշատակի օրն է՝ այն ջարդերի, որոնք առաջնորդեցին Ադրբեջանի իշխանությունները և որոնք տևեցին 1988թ.-ի փետրվարի 26-ից մինչև 1988թ.-ի մարտի 1-ը:

Ֆիլադելֆիայում, MUSIAD USA կազմակերպությունը (Թուրք-ամերիկյան բիզնես ասոցիացիա) հովանավորեց I-95 North խճուղու վրա տեղադրված գովազդային վահանակը, որում ցինիկորեն գրված է. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են հայերի հետ ներդաշնակ ապրել: Իսկ հայե՞րը»:

Հայտարարությունը խեղաթյուրում է իրականությունը և լիովին անտեսում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող վայրագությունները՝ ռազմագերիների խոշտանգումներից մինչև Հայաստանի օմբուդսմենի կողմից երեկ հայտարարված հարձակումները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակումը՝ ի լրումն 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության շարունակական մերժման:

Արդեն տասնամյակներ շարունակ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսել ստերի զանգվածային արշավ հորինելու համար, որն անտեսում է նրանց բոլոր վայրագությունները և զոհերի վրա մեղքը բարդելու փորձերը: Համագումարը կոչ է անում MUSIAD կազմակերպությանը պարզաբանել, թե արդյո՞ք High-Tech Port by MUSIAD-ի ընթացքում խթանված ռազմական վաճառքը, որը նպատակ ուներ «Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերությանը նոր շուկաներ հասնելու հնարավորություն տալ» օգտագործվել է հայ քրիստոնյաների դեմ կամ բաժի՞ն է հասել նաև ջիհադիստներին, որոնք տեղափոխվել էին Թուրքիայի կողմից և ֆինանսավորվում էին Ադրբեջանի կողմից՝ հայ ժողովրդի դեմ կռվելու համար:

«Համագումարը ողջունում է Ֆիլադելֆիայի հայ համայնքի արագ գործողությունը` ի նշան բողոքի վերջերս տեղադրված այս խաբուսիկ գովազդային արշավի դեմ»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

«Մենք համայնքին հորդորում ենք շարունակել մեր ձայները լսելի դարձնել ոչ միայն Ֆիլադելֆիայում, այլ նաև Մինեսոտայում և ամբողջ երկրում»,– հավելեց Խալոյանը:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728