Այսօր մի քանի նախարարների ուղեկցությամբ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Շիրակի մարզպետի առանձնասենյակում հանդիպեց մարզի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ խորհրդակցություն անցկացնելով։
Եվ մինչ լրագրողները փոթորկախառն ձյան տակ մարզպետարանի շենքի դիմաց ժամեր շարունակ սպասում էին վարչապետին, նա ուղիղ եթեր մտավ՝ մանրամասնելով խորհրդակցության թեման։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես խոսեց Շիրակի մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրներից, Գյումրին, Հայաստանը նորովի կառուցելուց։ Նա հայտարարեց, որ պիտի կարողանալ այնպիսի ծրագրեր իրականացնել, որ իսկապես փոխվի ընդհանուր իրավիճակն ու տրամադրությունը։
«Շիրակի մարզը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի մեզ բոլորիս։ Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ Հայաստանը կառուցենք նորովի։ Հիմա այդ ճգնաժամը, որը որդեգրել էինք ճգնաժամի նախընթաց շրջանում, առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով։
Մենք խնդիրը պետք է ձևակերպենք այդպես, մենք Հայաստանը և Շիրակի մարզը, Գյումրին պիտի կառուցենք նորովի և պետք է ուրախությամբ արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցվելու գործընթացն արդեն սկսվել էր և շարունակվելու է։
Եվ սա շատ լավ դինամիկայի օրինակ է, որ մենք կարող ենք շարունակել»,-ասաց վարչապետը։
Վարչապետն աշխատանքային խորհրդակցությունից հետո հանդիպեց գերի ընկած շիրակցիների հարազատների հետ։ Նրա հանդիպումները եղան փակ։ Դուրս գալով մարզպետարանի շենքից՝ արագ հեռացավ՝ չշփվելով լրագրողների հետ։
Նրա փոխարեն որոշակի պարզաբանումներ ներկայացրեցին Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը, իսկ գերիների խնդրի մասին խոսեց ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Մարզպետ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկել են 2021 թվականի ծրագրերը։
«Բոլորն էլ հույս հայտնեցին, որ այդ ծրագրերն իրականացնելուց հետո լավ արդյունք են թողնելու Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի վրա։ Մասնավորապես այս պահին մարզի մոտ 62 ծրագիր է ներկայացվել 42 համայնքից։ Սուբվենցիոն ծրագրեր՝ մոտ 4,4 միլիարդ դրամի, կապիտալ ներդրումների մասին է խոսքը։ Սա սուբվենցիոն ծրագրերի մասով, կապիտալ ծախսեր նախատեսված են նաև այլ ծրագրերով՝ դպրոցաշինություն, ՎԶԲ-ի ծրագիր և այլն, և այլն։ Բոլոր ծրագրերը մեծ թափով սկսվել են, և հույս ունենք, որ այդ բոլոր ծրագրերը իրականացնելու արդյունքում տնտեսական մեծ շարժ կունենանք Շիրակի մարզում»,-ասաց մարզպետը։
Գյումրիի մասով էլ մարզպետն ասաց, որ քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են, փողոցաշինությունը շարունակվելու է, շատ փողոցներ են հիմնանորոգվելու։ 2022 թվականի ավարտին քաղաքի փողոցների 70-80 տոկոսն ասֆալտապատված կլինի։
Մարզպետն ասաց, որ այսօր խորհրդակցությանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի հետ քննարկվել է տնտեսական նոր ծրագրերի ներգրավման հարցը։
«Շատ մեծ հույս ունենք, որ նախ այս իրականացվող կապիտալ ծախսերը կբերեն տնտեսական ակտիվության, այսինքն՝ ներդրողների համար Գյումրին, Շիրակի մարզը լինելու են ավելի գրավիչ, որովհետև ենթակառուցվածքներ կստեղծվեն։ Ենթակառուցվածքների լինելու դեպքում ներդրողներն ավելի մեծ հավատով կգան մարզ, կգան Գյումրի։ Հույս ունենք, որ ենթակառուցվածքների ունենալուց հետո, կունենանք տնտեսական ակտիվություն ներդրումների տեսքով»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։
Գերիների հարազատների հանդիպումը վարչապետի հետ, բնականաբար, ևս փակ էր։
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Քանի որ գերեվարվածների թեման շատ զգայուն է, և ցանկացած տեղեկատվություն, որը կարող է հայտնվել լրատվական դաշտում, կարող է մեր հակառակորդի կողմից օգտագործվել, թույլ տվեք որևէ կերպ չմեկնաբանել։ Պարզապես վստահեցնում եմ, որ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, և գոնե այսօր ծնողները տեղյակ եղան, թե որ ընթացքից ինչ փուլում են գտնվում»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են ոչ միայն Խծաբերդում գերի ընկած տղաների առումով, այլ առհասարակ բոլոր գերեվարվածների։ Ըստ նրա, աշխատանք է տարվում ամենատարբեր մակարդակներում, տարբեր պետական գերատեսչությունների կողմից, միջազգային ատյաններում։
«Մեր խնդիրն այն է, որ կարողանանք հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրականացումն ապահովել»-, ասաց Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ վարչապետի այցից անմիջապես հետո նորից մարզպետարանի շենք հրավիրեցին գերեվարվածների հարազատներին։
Վարչապետին տեսնելու ու իրենց բողոքը հայտնելու համար Շիրակի մարզպետարանի շենքի մոտ էր հավաքվել նաև Գյումրու թիվ 25 դպրոցի անձնակազմը։ Հիշեցնենք՝ նրանք բողոքում են իրենց դպրոցում հովանավորչությամբ տնօրեն նշանակելուց։ Սակայն վարչապետը նրանց ևս չհանդիպեց, բողոքը չլսեց։ Նա արագ հեռացավ՝ զրույցի չբռնվելով իրեն դիմողների հետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ