Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ուզում ենք հային արժեւորել նախ մեր տանը». ֆրանսահայ պրոդյուսեր

Փետրվար 17,2021 16:06

Modd-Events հայ-ֆրանսիական ընկերության ֆրանսիական կողմի ներկայացուցիչ, պրոդյուսեր Վարդան Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով աշխարհահռչակ ֆրանսահայ դրամատուրգ Ռաֆֆի Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգության առանձնահատկության մասին, որն առաջին անգամ ներկայացվում է հայ հանդիսատեսի դատին, ասաց, որ առաջին հերթին պիեսի հեղինակն է յուրահատուկ: «Նա ֆրանսահայ երգահան Ժորժ Կառվարենցի եւ Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամ է: Ռաֆֆի Շարտի պապը հանրահայտ ֆրանսահայ երգահան Ժորժ Կառվարենցն է, իսկ տատիկը՝ Աիդա Ազնավուրյանը՝ Շառլ Ազնավուրի քույրը: Ինքը ապրել է այս շրջապատում, իր եղբայր Պատրիկը եղել է Ազնավուրի մենեջերը` Նիկոլա Ազնավուրի հետ: Այսինքն` նա կառվարենցյան-ազնավուրյան ընտանիքի անդամ է: Ռաֆֆի Շարտի հայրը` Սերժ Շարտը եղել է հայտնի նկարիչ` Բեյրութում ծնված, բայց Ֆրանսիայում ապրած, Կառվարենցն էլ Ազնավուրի թոփ 20 երգերի հեղինակն է»:

Վարդան Գաբրիելյանի բնորոշմամբ, Ռաֆֆի Շարտը բազմատաղանդ արվեստագետ է, գրել է գիրք Հայոց ցեղասպանության մասին, սիմֆոնիկ երաժշտություն, ֆիլմեր ունի, որոնք նրա խոսքով, պետք չէ համարել կինեմատոգրաֆիական լավագույն ստեղծագործություններ, բայց հաջողված գործեր են: «Ինքը դրամատուրգ է եւ ոչ միայն կատակերգակ: Իր թատրոնը ներկայացվում է ավելի քան 60 երկրում, դրանով ինքը հատկանշվում է որպես 21-րդ դարում ֆրանսիացի ամենատարածված հեղինակն աշխարհում»,-հավելում է պրոդյուսերը:

Ինչ վերաբերվում է պիեսին, այս մասին էլ նշեց. «Հայաստանում այս հեղինակի գործերից ամենահայտնին «Կնոջս անունը Մորիս է» պիեսն է: Ըստ հեղինակի, «Կապի՛ր ինձ մահճակալին» պիեսն ավելի ուժեղ է, քան «Կնոջս անունը Մորիս է» գործը:

Հետաքրքրվեցինք, թե Ռաֆֆի Շարտը երբ է գալու Հայաստան: Վարդան Գաբրիելյանը հայտնեց, որ դեռեւս անցյալ տարի նախատեսված այցը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով. «Կարելի է ասել, որ այս պիեսը պատրաստված էր 2020թ մարտի համար, սակայն չեղարկվեց հայտնի պատճառներով»:

Մեր զրուցակիցն ասում է, որ պատերազմից, համավարակից ու այլ դժվարություններից հետո համարձակվել են կատակերգությունը բեմ բարձրացնել, սակայն միաժամանակ չմոռանալով պահի լրջության, սգի մասին. «Նաեւ մշակույթի պայքար է գնում, միաժամանակ կարոտ ունենք մշակույթի, իսկ մշակույթի մեջ մտնում են նաեւ թեթեւ, ծիծաղաշարժ պիեսները»:

Վարդան Գաբրիելյանը խոսելով հայաստանյան բեմադրության հետ կապված ակնկալիքներից` նշեց, որ Modd-Events հայ-ֆրանսիական կազմակերպություն է, որը երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայում, ու արդեն 10 տարի է Հայաստանում է: Նրա խոսքով, որպես միջոցառումների կազմակերպման եւ պրոդյուսերական աշխատանքի առաջատար ընկերություն, այժմ էլ ֆրանսիական թատրոնն են ուզում ներկայացնել Հայաստանում. «Մենք ուզում ենք հային արժեւորել նախ մեր տանը: Ներկայացման հետ կապված մենք բիզնես ակնկալիքներ չունենք, պարզապես ուզում ենք մշակույթում մեր ասելիքն ունենալ եւ որակ բերել: Իհարկե, առաջին հերթին որակը բերում է հեղինակը, երկրորդ` բեմադրիչը, երրորդը` դերասանները, ապա սրահի ընտրությունը: Այս բոլորի հանրագումարում բերում ենք նրբություններ` ստորագրություն, կնիք, նրբանկատություն, ոճ, ֆրանս-հայկականի համադրություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Modd-Events-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728