«Ես երկու շեշտադրում ունեմ անելու. Առաջինը՝ հստակ ասվեց, որ այս մարդիկ իշխանությունը զավթեցին լոզունգներով, թե մարդը խոստացել է իշխանության չգալ, բայց դարձել է վարչապետ: Այս մասով նախագահը նշեց, որ բանակցողի փոփոխությունը կարող էր ճակատագրական լինել երկրի համար: Իսկ «Ժամանակը ցույց տվեց, որ բանակցողի փոփոխությունը ճակատագրական եղավ Հայաստանի համար. մենք ունեցանք թե՛ տարածքային, թե՛ մարդկային կորուստներ»,- այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
Հարցազրույցը, ըստ Կարինե Աճեմյանի, սպասված էր, բովանդակային առումով հագեցած, պատասխանները՝ հիմնավորված և փաստարկված: Այդ հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2018-ին տեղի ունեցածը հակաղարաբաղյան շարժում էր: Կարինե Աճեմյանը շատ է կարևորում Նախագահի այս արձանագրումը. «30 տարի առաջ մենք անկախացել ենք հենց ղարաբաղյան շարժմամբ: 2018թ-ը մի շարժում էր, որի նպատակը հենց Արցախի հանձնումն էր»:
Հարցազրույցի հաջորդ կարևոր շեշտադրումը, ըստ բանախոսի, վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին. «Բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանն այն եզակիներից է, որ տիրապետում է բոլոր ելևէջներին: Այս ընթացքում ոչ մի սակարկում, ոչ մի զիջում չի եղել: Սերժ Սարգսյանն անցել է ճանապարհ, որի ընթացքում իր երազանքը, նպատակը, կյանքի իմաստը եղել է Արցախի կարգավիճակի լուծումը, ինքնորոշման իրավունքի տարածումը: Նրա օրոք փոխզիջումները, սակարկումները եղել են ածանցյալ, հիմքը եղել են Արցախի ինքնորոշումն ու կարգավիճակը: Իսկ այս կապիտուլյանտն ու իր խմբակը երբևէ չեն խոսել ինքնորոշման մասին: Գրել են ազգային անվտանգության ռազմավարություն, որի մեջ չկար ոչ մի կետ Արցախի մասին: Այդ տղան, Անվտանգության խորհրդի նախագահը, նույնպես արցախցի է, ես զարմանում եմ քաղաքականապես ինչ տգետ հայտարարություններ է անում»:
Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ 2018 թվականին մենք բարոյահոգեբանական, արժեքային տեսանկյունից անկում կատարեցինք մինչև փողոցային լեքսիկոնի և պահվածքի մակարդակ. «Ես միշտ ասել եմ, որ Արցախի հարցի լուծումն այս իշխանության խելքի բանը չէ, որովհետև իրենք տգետ են, չեն սովորում: Իրենց ղեկավարը տարիներ առաջ Արցախն անվանել է օկուպացված տարածք: Այսօր նա միայնակ ստորագրում է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որն առաջ կհամարվեր սենսացիոն, իսկ Սերժ Սարգսյանը մշտապես շոշափել է հանրության տրամադրությունները, խոսել է բանակցային գործընթացի մանրամասների մասին: Այս հանգրվանին մեզ հասցրին տգետ պատգամավորներն ու երկրի տգետ ղեկավարը: Բոլորն, ովքեր մնում են երկրի ղեկավարի հետ՝ մեղսակիցներ են»:
Կարդացեք նաև
Ըստ Կարինե Աճեմյանի՝ 2018-ին իշխանությունից հեռանալով՝ ՀՀԿ-ն թողել է «ծաղկող ու բարեկեցիկ երկիր, Արցախ, որտեղ ներդրումներ ենք արել»: Ըստ նրա՝ ոչ ոք, ներառյալ՝ Սերժ Սարգսյանը, չէր ուզենա, որ այն հանձնվեր այդ տեսքով: Բանախոսի դիտարկմամբ, որ Արցախը ծաղկող երկիր է՝ ժողովրդավարական համակարգով, արձանագրել են նաև բոլոր այն օտարերկրյա քաղաքական և դիվանագիտական այրերը, ովքեր այցելել են Արցախ. «Իսկ այսօր Երևանն է անբարեկարգ ու դժգույն, Սյունիքում ամեն օր ադրբեջանցիներն առաջ են բերում իրենց դրոշները»:
«Ես մեղադրում եմ զինվորականներին, որովհետև բունկերում եղել է կապիտուլյանտի կինը և մարդիկ, որոնք կապ չեն ունեցել ռազմական գործի հետ: Նրանց պետք է պարտադրաբար հեռացնեին: Իհարկե, եղել են արժանի գեներալներ, մի մասին մեկուսացրել են, կոչումներ շնորհելուց եղել են նաև սխալներ, բայց մեր տարիների սխալները համեմատելի չեն այս 3 տարիների հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ