«Փաստորեն, 2016թ․-ի այս իրադարձություններն Արցախի հարցում իշխանություններին հնարավորություն են տվել ժամկետներ ստանալու, ի դեմս Սերժ Սարգսյանի»,-2016թ․-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով (Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան եւ մյուսներ) հերթական դատական նիստում այսօր պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց մեղադրյալների պաշտպան Տիգրան Եգորյանը՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» վերաբերյալ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։
Տիգրան Եգորյանի խոսքով․ «Այս առիթով էական է այն, որ քննարկվի՝ արդյոք պատկան մարմիների կողմից ձեռնարկվե՞լ են հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը, որպեսզի կանխվի այն գործողությունը, որը կատարվել է։ Կամ, ձեռնարկվե՞լ են միջոցներ՝ այդ գործողությունը բացահայտելու ուղղությամբ։ Կասկածներ եղել են դեռեւս 2015թ․-ին, եւ դա բացահայտվեց կալանքից մեկի գործի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ մինչեւ 2016թ․-ը խմբի անդամներից ոմանց նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ