Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի Դանիելյանների ընտանիքն արդեն երկու անգամ է բնակություն հաստատում Սիսիանում

Փետրվար 17,2021 13:51

Ստեփանակերտցի Մարինե Դանիելյանի 6 հոգանոց ընտանիքը անցած տարվա սեպտեմբերի 28-ից ժամանակավորապես ապրում է Սիսիանի Որոտան թաղամասի շենքերից մեկի բնակարանում։ Տիկին Մարինեն 2-րդ կարգի հաշմանդամ է, ունի մի քանի հիվանդություններ, ուստի երբ Ստեփանակերտը ենթարկվեց հրետակոծության, նրանք տեղափոխվեցին Սիսիան։ «Ես չէի ուզում, բայց աղջիկներս հենց իմ համար ասացին գնանք Հայաստան, որ հանգիստ լինեմ, ինձ չի կարելի սթրեսային իրավիճակ»,–ասում է Մարինե Դանիելյանը։

Մարինե Դանիելյան

90-ականների հայ–ադրբեջանական հակամարտության տարիներին էլ էին տեղափոխվել Սիսիան, քանի որ այստեղ բարեկամներ ունեն։ Հիմա երկու աղջիկների եւ երկու թոռների հետ վարձակալությամբ ապրում են 3 սենյականոց բնակարանում։

Իրինա Աբրահամյան

Մեծ դստեր՝ Իրինա Աբրահամյանի ամուսինը Արցախում պետական համակարգի աշխատող է, հաճախ է Արցախ գնում եւ վերադառնում Սիսիան։ Ստեփանակերտում ինքն էլ էր աշխատում՝ ծաղկի խանութ, ձեւավորումներ։

«Այստեղ աշխատանք չկա, կոմունալ ծախսերը շատ են, ոչ մի տեղից մեզ օգնություն չեն տալիս, պատճառաբանելով, որ տեղահանված չենք, սոցիալական ծրագրերը տեղահանվածների համար են»,–ասում է Իրինան՝ ավելացնելով, որ օգտվել են, միանվագ ստացել են 80 հազար դրամ։ Միայն Սիսիանի քաղաքապետարանն է օգնում պարբերաբար։ «Ամեն ինչով աջակցում են, շնորհակալ եմ քաղաքապետ Արթուր Սարգսյանին, եթե չենք էլ իմանում, որ օգնություն են տալիս, զանգում, տեղեկացնում են»,–ասում է Իրինան։

Նրա խոսքով, հասկանում են՝ տեղահանվածների վիճակը ավելի ծանր է, տուն են կորցրել, ունեցվածք։ «Մեր բնակարանը մնում է Ստեփանակերտում, մի երկու ապակի բան է կոտրվել, բայց կարծում եմ, պետք չէ նման տարբերակումներ մտցնել՝ տեղահանված-ոչ տեղահանված։ Բոլորս էլ կարելի է ասել՝ փախստականներ ենք»,–ասում է Իրինան։

Հոգեպես ծանր է ապրել Արցախում, ադրբեջանական զորքերի հարեւանությամբ, բայց «հո չեն նստելու , տեսնեն, ամեն ամիս՝ ո՞վ է իրենց պահելու»։

«Ոչ մեկից պահանջելու իրավունք չունենք, մենք պիտի մեր հոգսերի մասին մտածենք, հարցերը լուծենք, ուշ թե շուտ պիտի գնանք»,–ասում է Իրինան։

Սիսիանի քաղաքապետարանից Aravot.am–ին տեղեկացրին, որ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո Սիսիանի տարածաշրջան էին տեղափոխվել 2209 անձ։ Այս տարվա հունվարի տվյալներով՝ Սիսիան քաղաքում ժամանակավորապես ապրում է 72 ընտանիք՝ 280 անձ, գյուղերում՝ 177 ընտանիք՝ 518 անձ։ Սիսիանի 2 հյուրատներում ներկայում 7 արցախցի է ապրում։ Սիսիանում ապրող արցախցի ընտանիքներում անչափահաս՝ 0-18 տարեկանների թիվը 344 է։

Ի դեպ, սիսիանցի 27 ընտանիք, որոնք տեղափոխվել էին Արցախի գյուղեր՝ բնակության, ունեին Արցախի Հանրապետության գրանցում, պատերազմից հետո վերադարձան իրենց բնակավայրերը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728