«Փողոցից եկած» իմքայլականների կարծիքով՝ 17-ի շուրջ հավաքված զանգվածը ժողովուրդ չէ, «ինչ-որ խմբավորում է», հետեւաբար հրաժարականի նրանց պահանջը չի կարող հանրային պահանջ դիտվել: Ժողովուրդը, իշխող ուժի համոզմամբ, միշտ «իր վարչապետի» կողքին է եղել ու կմնա: Այսինքն՝ փորձում են ձեւացնել, թե ոչինչ չի պատահել՝ ոչ ամոթալի պարտություն է եղել, ոչ՝ մարդկային ու նյութական ցավալի կորուստներ, ոչ՝ հայրենիքի մի մասի հանձնում, իբր ամեն ինչ օքեյ է:
Սակայն, որքան էլ ջանան սքողել, զբաղվել ինքնախաբեությամբ, Փաշինյանը եւ նրա թիմակիցները հարկադրված են լինելու ընդունել, որ «իր վարչապետի» ժամանակներն արդեն անցյալ են, եւ վարչապետն այսօր չունի երբեմնի հանրային վստահությունը: Ավելին՝ շատերի համար նա դարձել է ատելի, վախկոտ եւ հայրենադավ գործիչ: Այնպես որ, պետք չէ այլեւս խոսել ժողովրդի անունից կամ, ավելի ճիշտ, շահարկել ժողովրդի անունը, թե՝ «ժողովուրդը կորոշի», «ցանկացած տարբերակ կքննարկենք ժողովրդի հետ», «պատասխանատու ենք միայն ժողովրդի դատի առջեւ», «ժողովրդի մանդատը մեզ պարտավորեցնում է» եւ այլն:
2020թ. նոյեմբերի 10-ից հետո ժողովրդի եւ «իր» վարչապետի միջեւ անջրպետն այնքան ակնհայտ է, որ հակառակն ապացուցելը նույնն է, ինչ՝ պնդելը, թե մածունը սեւ է: Չեն օգնի անգամ այնպիսի թատերականացված տեսարանները, որոնցից մեկը ցուցադրվեց փետրվարի 3-ին վարչապետի՝ Աշտարակ այցի ժամանակ, ինչը, ըստ էության, խնամքով նախապատրաստված բեմականացնում էր:
Իրականում վարչապետը չի կարողանում «մարդամեջ» դուրս գալ, ժողովուրդը նրա հետեւից «դավաճա՛ն», «հողատո՛ւ», «թո՛ւրք» եւ նման կարգի այլ բացականչություններ ու սպառնալիքներ է հնչեցնում, եւ նա ստիպված է լինում շրջագայել ուժեղացված վերահսկողության ռեժիմով՝ փակված ոստիկանական ուժերի, թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների հոծ օղակում: Ամեն տեղ նա անցանկալի հյուր է, այդ թվում՝ եկեղեցում: Նրա ճանապարհը փակել եւ թույլ չէին տվել այցելել Սյունիք, իսկ Եռաբլուր այցելել հաջողվել էր միայն ժողովրդի նկատմամբ ուժայինների կողմից բռնի միջոցներ կիրառելու շնորհիվ: Բայց, մեկ է, սեւազգեստ մայրերի ցասումն ու անեծքներն անպակաս էին:
Կարդացեք նաև
Փաշինյանի նկատմամբ ուժեղ հսկողություն է իրականացվում ամեն քայլափոխի. անգամ Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտնում է զրահաբաճկոնով: Նրա կյանքը շատ թանկ է ազգի համար՝ թեկուզ պատերազմում կրած պարտության բազմաթիվ մութ հանգամանքներ պարզաբանելու առումով: Գերագույն գլխավոր հրամանատարը, ի շարս պատերազմական այլեւայլ գործընթացների, նաեւ ռազմական գաղտնիքների «թիվ մեկ» տիրապետողն է եւ, անտարակույս, պատմելու շատ բան կունենա: Այնպես որ, նրան փայփայել է պետք: Բայց գանք մեր թեմային՝ Նիկոլ Փաշինյանի հանրային վստահության խնդրին:
Իշխանավարման սկզբնական շրջանում «ժողովրդի վարչապետը» փողոցում ազատ հեծանիվ էր վարում, գրքեր ու գովազդային նյութեր էր բաժանում, անկաշկանդ շփվում էր քաղաքացիների հետ՝ երանելի ժամանակներ էին: Ինչպե՞ս եղավ, որ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, հպարտ քաղաքացիների շնորհած հանրային լեգիտիմությունից, նրանց աներկբա վստահությունից, որի մասին Փաշինյանը միշտ սնապարծությամբ էր խոսում, այսօր փշրանքներ են մնացել:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի Հայացք Երեւանից կայքէջի 5-րդ համարում