Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հավատում, թե Սևանի ափամերձ հազարավոր օբյեկտները, որոնք պատկանում են ներկա ու նախկին պաշտոնյաների, կապամոնտաժվեն». Արթուր Գրիգորյան. «Ժամանակ»

Փետրվար 17,2021 10:32

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին տեղեկացրեց, որ մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը, և իր հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը շատ է կարևորում Սևանի ափամերձ գոտուց ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը՝ հույս հայտնելով, որ սկսված գործընթացը իսկապես ավարտին կհասցվի: «Փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ մենք խոսել ենք դրա մասին, կառավարությունն է խոսել, նախորդ նախարարներն են հանդես եկել նման նախաձեռնություններով, բայց սայլը տեղից չի շարժվել։ Թե հիմա կշարունակվի այն, ինչ որ սկսվել է, չեմ կարող ասել, բայց ցանկալի է, որ այդ շինությունները՝ անկախ նրանից, թե ում են պատկանում՝ նախարարների, թե գործարարների, իրականում ապամոնտաժվեն»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև, որ ապամոնտաժումը խորքային լինի, հիմքից հեռացվեն բետոնային, քարային, մետաղային մասերը, որ այդ ամենը չմնա լճի մեջ։

«Եթե դա ստացվի անել, ապա հրաշալի բան կստացվի։ Միանշանակ լճի համար շատ լավ կլինի։ Հենց երեկ ես ուսումնասիրում էի 2011 թվականի նախագիծը, որը վերաբերում էր Սևանա լճի կառուցապատմանը. ուղղակի սարսափելի էր։ Դա կառավարության կողմից հաստատված մեծ նախագիծ էր, հրեշավոր մի բան, որից ես ապշած էի, թե մենք ոնց ենք կարողացել թույլ տալ, որ հատուկ պահպանվող տարածքներում իրականացվի տնտեսական գործունեություն։ Այսինքն՝ կառավարությունը ժամանակին թույլ է տվել այդ տարածքներում շինարարություն անել, իսկ հիմա նորից փող է ծախսում և նորից քանդում է դրանք, ասում է՝ մաքրենք բերենք նախկին վիճակին։ Հուսամ, որ այս սկսված գործընթացը ավարտին կհասցվի»,- եզրափակեց Ադամյանը։

Բնապահպան, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, սակայն, չի հավատում, որ Սևանի ափամերձ գոտու ապօրինի շինությունները կքանդվեն։ Նրա խոսքով՝ նման մի քայլ էլ նախաձեռնվել էր դեռևս նախորդ նախարարի ժամանակ, ըստ որի՝ առաջին փուլով պետք է ապամոնտաժվեին դեռևս սովետական ժամանակահատվածում կառուցված շինությունները, հետո մյուսները, բայց դա էլ կյանքի չկոչվեց:

«Ես չեմ հավատում, որ Սևանի ափամերձ գոտում կիրականացվի որևէ ռեալ գործընթաց գործող իշխանության պայմաններում։ Միգուցե առաջին փուլով որոշակի ժամանակ ձգեն պետական ինչ-ինչ շինությունների վրա, բայց որ Սևանի ափամերձ հազարավոր օբյեկտները, որոնք պատկանում են ներկա ու նախկին պաշտոնյաների, կապամոնտաժվեն, ես դրան չեմ հավատում։ Գործող իշխանությունը չունի նման լայնամասշտաբ բարեփոխում իրականացնելու ոչ կամք, ոչ էլ այլևս ռեսուրս»,- ասաց Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ, բնապահպանի խոսքով, Սևանա լճի մակարդակի բարձրացման միակ ճանապարհը հենց ափամերձ գոտիների մաքրումն է տարբեր շինություններից:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728