«Տոյոտա Երեւան» ՍՊ ընկերությունը դատի է տվել իր աշխատակից Գոռ Մելիքբեկյանի կնոջը՝ Գայանե Հովհաննիսյանին:
Ընկերությունը Հովհաննիսյանից պահանջում է զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:
Նշենք, որ Գայանե Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ 17 կուսակցությունների դեկտեմբերի 23-ին կազմակերպված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով իր ամուսինը՝ Գոռ Մելիքբեկյանն ազատվել է աշխատանքից: Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ ամուսինն աշխատում է «Տոյոտա Երեւան»-ում: Իսկ ընկերությունը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չէր տվել:
Եվ ահա, մի քանի ամիս անց, ընկերությունը որոշել է դիմել դատարան: «Տոյոտա Երեւան»-ի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից կատարված գրառումը՝ կապված իր ամուսնու կողմից աշխատանքից ազատվելու դրդապատճառների հետ, զրպարտիչ են դիտարկում:
Կարդացեք նաև
Հարցին՝ ազատում չի՞ եղել, թե՞ այլ պատճառով է եղել, նա պատասխանեց. «Ընդհանրապես ազատում չի եղել: Գոռ Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է լինել «Տոյոտա Երեւան» ընկերության ներկայացուցիչը, աշխատանքից ազատման վերաբերյալ վերջինիս որեւէ ծանուցում՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր չի տրվել: Գոռ Մելիքբեկյանը հանդիսանում է «Տոյոտա Երեւան» ընկերության ներկայացուցիչը: Ավելին՝ նրան հիշեցրել ենք եւ ծանուցել, որ դուք շարունակում եք լինել աշխատող, ներկայացեք աշխատանքի կամ պատճառներ ներկայացրեք չներկայանալու վերաբերյալ, բայց դա տեղի չի ունեցել»:
Դանիելյանի խոսքով՝ այդ գրառումը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: