Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, իր հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»։
Ըստ էության, այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում էր նվազեցնել Կարեն Կարապետյանի վարկանիշը, բայց չստացվեց: Ի վերջո, եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։
2018թ. մայիսի 08-ի ընտրությանը Հանրապետականը կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։
Իհարկե, Հանրապետական կուսակցության բուն կորիզը չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն կուսակցության հորդորով խմբակցության մի քանի պատգամավորներ ընտրեցին հենց Փաշինյանին, եւ, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սա էլ ամենը չէ. արդեն հոկտեմբերին Հանրապետական խմբակցության պատգամավորները երկու անգամ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որն էլ հանգեցրեց խորհրդարանի ինքնալուծարմանը:
Կարդացեք նաև
Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում