Արցախի Հանրապետության երեք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի նախատեսվում է գրական հայերենից բացի՝ ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։
Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է․ «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը:
Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»: