Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի պլանը» ընդունելի՞ էր

Փետրվար 17,2021 10:00

Ակնհայտ էր, որ Հայաստանի երրորդ նախագահի՝ «Արմնյուզին» տված ծավալուն հարցազրույցից հետո իշխանության ներկայացուցիչները, կողմնակիցներն ու քարոզիչները անեծքների իրենց չափաբաժինն են արձակելու Սերժ Սարգսյանի հասցեին: Բայց անձամբ ինձ որեւէ մեկին գովելը կամ փնովելը չի հետաքրքրում, պարզապես արձանագրեմ, որ նախկին նախագահի քննադատության մի մասն, իմ կարծիքով, տեղին էր:

Բայց կան սկզբունքային հարցեր, որոնցում Սերժ Սարգսյանի տեսակետն ինձ համար ընդունելի չէ, եւ կան հարցեր, որոնք հավելյալ պարզաբանման կարիքն ունեն: Ես դրա մասին եմ գրում ոչ թե «անցյալը փորփրելու», այլ հասկանալու համար, թե որ ուղղությամբ պետությունը պետք է առաջ շարժվի:

Ես կտրականապես համաձայն չեմ երրորդ նախագահի հետ, որ 2018 թվականի շարժումն իր էությամբ հակաղարաբաղյան էր: Շարժումը բացարձակապես արցախյան բաղադրիչ չուներ: Քաղաքացիները փողոց էին դուրս եկել, որովհետեւ դժգոհ էին Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետից», այսինքն՝ վարչապետի պաշտոնին տեղափոխվելով՝ իշխանությունը պահպանելու ցանկությունից, մարդիկ ցանկանում էին նաեւ վերջ դնել կոռուպցիային եւ կամայականություններին: Նրանք, ովքեր ղեկավարել են այդ շարժումը, նույնպես առաջնորդվում էին այդ օրակարգով:

Այլ հարց է, որ Փաշինյանը եւ նրա թիմը ունակ չեղան ստանձնել պետության ղեկը եւ, մասնավորապես, ապահովել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Բայց եթե մարդիկ գլուխ չեն հանում պետության ղեկավարումից եւ մտավոր տեսանկյունից այնքան սահմանափակ են, որ դա չեն հասկանում, դա դեռ չի նշանակում, որ նրանց մտադրությունները կեղտոտ են:

Իսկ Արցախի մասին հեղափոխության ժամանակ ասվում էր, որ եթե մենք լինենք ժողովրդավարական եւ կոռուպցիայից զուրկ երկիր, ապա կհաղթենք մեր բոլոր հակառակորդներին: Այդ թեզն, ինչպես պարզվեց, սխալ էր, որովհետեւ մեզ հաղթեցին Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ամենեւին ժողովրդավար երկրներ չեն, եւ որտեղ իշխանությունը շատ ավելի կոռումպացված է, քան Հայաստանի որեւէ իշխանությունը

:

Ավելի կարեւոր է ապագայի տեսանկյունից մեկ այլ խնդիր՝ այն, ինչ պայմանականորեն անվանում ենք «Լավրովի պլան»՝ Արցախը շրջապատող 5, իսկ այնուհետեւ 2 շրջանի զիջում, Լաչինի միջանցքի եւ նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես հայկական տարածքի պահպանմամբ՝ համապատասխան միջազգային երաշխիքներով: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասում է, որ հակված էր այդ ծրագիրն ընդունել, բայց ՀՀԿ-ականների եւ նրանց առաջնորդի նախորդ հայտարարություններից ամենեւին չէր բխում, որ նրանց համար այդ ծրագիրն ընդունելի էր: Հակառակը՝ անգամ հեղափոխությունից հետո նրանք ասում էին, որ այդ ծրագիրը հերոսաբար մերժել են՝ վկայակոչելով նաեւ Բելառուսի նախագահի խոսքերը:

Իրականությունը, հավանաբար, այն է, որ նախորդ իշխանությունը թեեւ «ոչ» չէր ասում «Լավրովի պլանին», բայց մտածում էր, որ որեւէ ձեւով հնարավոր է խուսափել վերջնական «այո» ասելուց: Ի տարբերություն Փաշինյանի, որը կարծում էր, թե նա այնքան «դուխով» է, որ կարող է, հայերեն ասած, «պասլատ անի» «Լավրովի պլանը»: Չեմ ուզում այստեղ որեւէ մեկին կշտամբել: Ցանկանում եմ, որ դա դաս լինի բոլորիս համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սովետի քանդվելուց հետո մենք ոչ մի ինքնուրույն ղեկավար չենք ունեցել, ոչ էլ իրենց անմիջական ղեկավարներն են եղել ինքնուրույն՝ ընդամենը ոչ մասնագետ քաղաքական գործիչները, ոչ մասնագետ դերասանների իրենց անօրակ խաղով զբաղեցրել են պետական պաշտոններ, որպեսզի ինչ որ սցենարի համաձայն վարի տան իրենց պետությունը՝ սովետի քանդոցը շարունակվում է իբր անկախացած հանրապետությունների հետեւողական քանդոցով: Վատ դերասանին մեղադրես պետության վատ ղեկավարման մե՞ջ: Ինչքան օգտակար հանածոներն են ժողովրդինը, այնքան էլ պետությունն է ժողովրդինը, իսկ թե ի՞նչ է գրված Օրենքում, դա չգործող Օրենք է, այդ Օրենքը անպաշտպան է, ո՞վ պետք է պաշտպանի Օրենքը:
    Մըտածել է պետք ) :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728