Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ». Արա Զոհրաբյան

Փետրվար 17,2021 13:00

Անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին 100-ից ավելի փաստաբաններ հանցագործության մասին հաղորդմամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «պետական դավաճանություն» հոդվածի հատկանիշներով:

Հաղորդումը վերաբերում էր մինչ պատերազմը, պատերազմից հետո զարգացումներին, իրադարձությունների համադրմանը, պետական, ռազմական գործիչների առանձին հայտարարություններին, որոնք վկայում են առերեւույթ պետական դավաճանության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազությունը ուղարկել էր ՀՔԾ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Նոր Նորքի նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, երեկ լսվեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին՝ նրանց բողոքը, ով ասաց, որ խախտվել է իրենց՝ հանցագործության մասին հաղորդում տվածների իրավունքը, որոշում ստանալու վերաբերյալ իրենց իրավունքները, լեգիտիմ ակնկալիքը խախտվել է՝ ՀՔԾ անգործության պատճառով: Ըստ Ա. Զոհրաբյանի, փաստաբանների հաղորդման հիման վրա պետք էր հարուցվեր քրեական գործ:
«ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել է, որ՝ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու եւ դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածների համաձայն՝ 10 օրվա ընթացքում հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Առայսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը:

Դատախազությունը կամ քննչական մարմինը այս երեք ճանապարհներից մեկը պետք է ընտրեր, այսինքն՝ (1) քրեական գործ հարուցեր, եթե «տեսներ» հանցագործության առիթը եւ հիմքը, (2) քրեական գործ հարուցելը մերժեր, եթե «չտեսներ» հանցագործության առիթը եւ հիմքը, կամ (3) հաղորդումը որոշումով ուղարկեր իրավասու մարմնին:

Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ:

Մինչդեռ, դատախազությունը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ընտրել են չորրորդ ճանապարհը, դիմող փաստաբաններիս զրկելով նշված երեք տեսակի որոշումներից մեկը ստանալու իրավունքից»,-ասաց Ա. Զոհրաբյանը:

Դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոքին առարկություն ներկայացրեց պատասխանող դատախազ Մուրադյանը, ով ասաց, թե հարուցված քրեական գործին՝ Մովսես Հակոբյանի, միացվել են «բողոքաբերների կողմից ներկայացված փաստական տվյալները»:

«Եթե կասեն Մովսես Հակոբյանի գործով Նիկոլ Փաշինյանը մեղադրյալ է ներգրավված, իրավական նորմը կգործի, բոլոր դեպքերում փաստակազմն առկա չէ»,-ասաց Ա. Զոհրաբյանը:

Դատարանը չէր ստացել հանցագործության մասին հաղորդումը, ինչին նախագահողն ասաց, թե ժամանակ անհրաժեշտ կլինի ամբողջական ծանոթանալու համար, Ա. Զոհրաբյանն ասաց՝ ողջամիտ ժամկետ է նախատեսված այս կարգի գործերում:
Ի դեպ, կողմերը չառարկեցին լրատվամիջոցներին տեսանկարահանել, ձայնագրություններ կատարել:

ՀՀ դատախազության եւ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքի քննությունը նշանակվեց փետրվարի 26-ին, ժամը 14.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728