Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան «եղբայրների կողքին» է «ոչ թե խոսքով, այլ՝ գործով»

Փետրվար 17,2021 12:00

Անկարան բոլորի հետ «առեւտրի» մեջ մտնելու «լծակ» ունի, գումարած՝ սիրիացի վարձկանների «մոբիլ» զորքը Հարավային Կովկասում, ինչպե՞ս է հակադարձում Երեւանը

Կարսում ավարտվեցին «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: «Մեկ սիրտ, մեկ դաստակ, մեկ բռունցք»՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով ի ցույց դրվեցին Թուրքիայի նոր հավակնությունները մեր տարածաշրջանում՝ հետաքրքրություններ, շահեր ունեցող պետություններին, մյուս կողմից Անկարան հետեւողականորեն առաջ է ընթանում Թուրքիայի ազդեցության ամրապնդման ուղղությամբ:

Զորավարժությունների եզրափակիչ փուլում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին խոսեց «եղբայրական Ադրբեջանի կողքին լինելու» մասին. «Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը ցույց տվեցին, որ ունակ են կատարելու ցանկացած առաջադրանք՝ ցամաքում, ջրում, օդում։ Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հետագայում էլ միշտ կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին իրենց արդար պայքարում»։ Խոսելով «թուրք ու ադրբեջանցի ժողովուրդների եղբայրությունից»՝ Աքարն ասել է, որ դա դրսեւորվել է ոչ թե խոսքով, այլ գործով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում. «Մենք արել ենք այն, ինչ պետք էր։ Համագործակցությունն առաջիկայում էլ կշարունակվի»:

Անցյալ շաբաթ Թուրքիայի ակտիվությանը հետեւող լրատվականները նորից անդրադարձան տարիներ առաջ Stratfor-ի կողմից պատրաստած Թուրքիայի ազդեցության ոլորտի ընդլայնման կանխատեսման վերաբերյալ մի հրապարակման: Առիթը թուրքական պետական TRT1 հեռուստաալիքով Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման կանխատեսման նշյալ նյութն էր՝ համապատասխան քարտեզով, ըստ որի կանխատեսվում է, որ մինչեւ 2050 թվականը Թուրքիան կընդլայնի իր ազդեցությունը դեպի Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք, Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստանի մի մասի վրա: Այդպես, Անկարայի շահերի գոտում քարտեզի վրա էին հայտնվել Հյուսիսային Կովկասի, Ղրիմի հանրապետությունները, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի եւ Աստրախանի շրջանները, Կալմիկիան եւ երկրի եվրոպական տարածքի հարավում գտնվող այլ տարածաշրջանների մասեր: Ըստ կանխատեսումների` Թուրքիայի ազդեցության գոտում պետք է հայտնվեն Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետությունների որոշ հատվածներ:

Stratfor-ը ամերիկյան հայտնի հետախուզական-վերլուծական կենտրոն է, նրա՝ տարիներ առաջ արած կանխատեսումը լիովին համապատասխանում է այսօրվա Թուրքիայի ծավալապաշտական նպատակներին, որով կշոշափեն «ազդեցության գոտում», ըստ հրապարակման հայտնվող պետությունների քաղաքական վերնախավերի ու քաղաքական դաշտի տրամադրությունները: Ինչպե՞ս են տարածաշրջանի պետությունները, գերտերությունները վերաբերվում Անկարայի հավակնություններին ու վարվող քաղաքականությանը:

Արեւմուտքի վերաբերմունքը Իրանի հանդեպ՝ պարզ է, Թուրքիան այստեղ կարող է իր խաղը տանել: Արեւմուտքի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նույնպես գաղտնիք չէ, այս դեպքում էլ Անկարան իր խաղն է տանում: Այսինքն՝ ամեն տեղ Մերձավոր Արեւելքից մինչեւ հետխորհրդային հանրապետություններ ու Հարավային Կովկաս Թուրքիան բոլորի հետ «խոսելու», «առեւտրի» մեջ մտնելու «լծակներ» ունի: Գումարած՝ սիրիացի վարձկանների «մոբիլ» զորքը, որոնք պատրաստվածության են բերված, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը բացեիբաց հայտարարում է, որ պետք է պատրաստ լինի ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի, որոնք մշտապես կարող են փոփոխվել:

Այս իրավիճակում, երբ ակնհայտ է, որ սա 1994-95թթ. Թուրքիա չէ, պաշտոնական Երեւանը հարկ համարեց հայտարարել, որ պատճառ չկա, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ շարունակում է կիրառել շրջափակում:

Ըստ պաշտոնական Երեւանի՝ չկա, իսկ ըստ պաշտոնական Անկարայի՞… Էլ ի՞նչ զիջումներ է Անկարան ակնկալում Երեւանից, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց: Անկարայի կողմից շարունակվող ապաշրջափակման պատճառները պաշտոնական Երեւանն ուսումնասիրո՞ւմ է…

Փետրվարի 10-ին ԱԺ-ում Արա Այվազյանը Գոռ Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ նշեց. «Դուք նշեցիք Կարսում հիմա տեղի ունեցող զինավարժության մասին, եւ անշուշտ, յուրաքանչյուր զինավարժություն մտահոգության առիթ է։ Մի կողմից տեսնում ենք նման դրսեւորումներ, մյուս կողմից՝ լսում նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտության մեջ ընդունված է որոշակի ուղերձներ հղել, սակայն հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ, նախեւառաջ, գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, եւ, նախեւառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը եւ սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը եւ մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»:

Այլ հարց է, եթե պաշտոնական Երեւանի նպատակն է ցույց տալ Թուրքիայի իշխանությունների կեղծ քաղաքականությունը, նպատակադրված Հայաստանը շրջափակման մեջ պահելու հետեւողական քաղաքականությունը, այլ հարց է, եթե պաշտոնական Երեւանը չի գիտակցում, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունի: Իսկ Թուրքիան մի պետություն է, որը առեւտրատնտեսական «հնարավորությունների» գաղափարը պատրաստ կլինի «վաճառել» Հայաստանի վրա, օրինակ՝ Հայոց ցեղասպանության պահանջը մոռանալու դիմաց:

Հաջորդ գործոնը՝ Թուրքիայի ազդեցությունն է Ադրբեջանի նկատմամբ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք գործ ունենք ոչ թե ուղղակի Ադրբեջան պետության հետ, այլ Ադրբեջանում վարվող թուրքական քաղաքականության հետ: Վերջերս, ինտենսիվորեն տեղեկություններ են պտտվում, որ Թուրքիան Ադրբեջանում պատրաստվում է ավիաբազա կառուցել: Այսինքն, ամեն ինչ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հանդեպ, եւ ոչ միայն Ռուսաստանի, թուրքական գործոնի մեծացման, տարածաշրջանային նոր վերադասավորումներին ուղղված քաղաքականություն է տարվում:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն օրերս հարցազրույց էր տվել TACC-ին, Russia Today-ին: TACC գործակալությունը Ռուսաստանի փոխարտգործնախարարից փորձել էր պարզել՝ ճի՞շտ է, արդյոք, այն տեղեկությունը, թե Անկարան մտադիր է Ադրբեջանում ավիաբազա կառուցել: Ռուդենկոն, սակայն, հարցը անտեսել էր եւ Ղարաբաղում Թուրքիայի հետ համագործակցության մասին խոսելիս սահմանափակվել էր միայն նշելով, որ տարածաշրջանում Մոսկվայի եւ Անկարայի փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Պաշտոնական Մոսկվան համարում է, որ նման կենտրոնի բացումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ է։ Ռուդենկոն մատնանշել էր Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ նոր տրանսպորտային ուղիների կառուցման կարեւորությունը՝ շեշտելով, թե դա բխում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ նաեւ Վրաստանի շահերից։ Հետխորհրդային տարածքից խոսելիս Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալն ընդգծել էր, թե Մոսկվան թույլ չի տա, որ Արեւմուտքը եւ առաջին հերթին Միացյալ Նահանգները թելադրեն ԱՊՀ երկրներին ինչպես ապրել:

Իսկ հետխորհրդային տարածքում թուրքական գործոնի ակնառու մեծացմանը Մոսկվան, փաստորեն, նախընտրում է, գոնե հրապարակային արձագանքման տեսանկյունից, շրջանցել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 16.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728