Պրոդյուսեր Էդգար Այվազյանը որոշ «փակագծեր» է բացում
Պրոդյուսեր եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ Էդգար Այվազյանին անդրադարձել ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին «Սպիտակ խաչի պաշտպանը» վավերագրական ֆիլմը ներկայացնելիս: Նա այդ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է: Նշել էինք, որ նախագծի հեղինակը եւ ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը:
Էդգար Այվազյանն ավելի քան տասը տարի է՝ զբաղվում է տարբեր նախագծերի պրոդյուսինգով եւ նկարահանմամբ, հայտնի է նաեւ որպես PR նախագծերի եւ բիզնեսի զարգացման առաջատար մասնագետ, որը երկու անգամ Համազգային վստահություն խորհրդի կողմից ճանաչվել է որպես «Հասարակայնության հետ կապերի տարվա լավագույն մասնագետ»։
2013թ.-ից Էդգար Այվազյանը համագործակցել է «Ծագումով հայեր» հաղորդաշարի հետ, իսկ 2019թ.-ից հաղորդաշարի գեղարվեստական ղեկավարն է։
Կարդացեք նաև
Էդգար Այվազյանը զբաղվում է նաեւ բարեգործական ծրագրերի կազմակերպմամբ եւ իրականացմամբ, ինչպես «Քսանչորս Կադր Փրոդաքշնի», այնպես էլ այլ կազմակերպությունների հետ համատեղ: Մեզ հետ զրույցում նա իր հաջողված նախագծերից է համարում «Քոմ Ինֆո» ֆիլմերի շարքը 21TV-ում, որը մի քանի տարի նկարահանվեց եւ խթանեց հայրենական արտադրողին: Նա իրականացրել է GlanceJournal project-ը, որը պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներ էր անցկացնում հայկական բրենդային բուտիկների համար։
Այս տարի Էդգար Այվազյանն իրականացնում է «Տարվա լավագույն հայկական բրենդ» մրցանակաբաշխությունը Գելլափ Հայաստանի եւ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հետ համատեղ, որի գլխավոր պրոդյուսերն է: Նա կարեւորում է հատկապես պատերազմից ու համավարակից հետո հայկական արտադրողին շեշտադրելը:
«Առավոտի» հետ զրույցում պրոդյուսերը նշեց, որ «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմի նկարահանումները բոլոր երկրներում ավարտված են, ԱՄՆ-ում ավարտելուն պես ֆիլմը «մարմին» կստանա ու պրեմիերաները կկայանան Լոս Անջելեսում, Երեւանում եւ Փարիզում:
Էդգարից պարզեցինք, որ ԱՄՆ-ում շուտով պատրաստվում են սկսել «Երջանկության մեխանիկա-2» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ասաց, որ ֆիլմում կհանդիպենք ինչպես հայտնի եւ սիրված դերասանների, ժողովրդական արտիստների, այնպես էլ երիտասարդների: «Երջանկության մեխանիկա-2»-ի պրոդյուսերներից մեկը Էդգար Այվազյանն է, մյուսը՝ Մանանա Հակոբյանը:
Նա նաեւ առանց փակագծեր բացելու հայտնեց, որ աշխատում են մեկ այլ նախագծի վրա. եւս մեկ վավերագրական ֆիլմ էլ են նկարելու ամերիկացի հայտնի քաղաքական գործչի մասին, որը հայանպաստ գործունեություն է ծավալում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2021