Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ պետի առաջին տեղակալը հաղթեց արդարադատության նախարարին

Փետրվար 17,2021 13:30

Հայցվորի հետ վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ թիվ 255-Ա, 15.06.2018թ.-ի Մանուկ Միքայելյանին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին թիվ 256-Ա հրամաններն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, հայցվորին իր նախկին աշխատանքում այն է` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելու, միջին ամսական աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը մեկ ամսվա համար կազմում է 476.000 ՀՀ դրամ` սկսած 15.06.2018թ.-ից մինչեւ դատարանի վճռի փաստացի կատարումը հայցվորի օգտին բռնագանձելու պահանջով ՀՀ վարչական դատարան էր դիմել ԱՆ ՔԿՀ առաջին տեղակալ, «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների նախկին պետ Արսեն Աֆրիկյանը: Հայցադիմումն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ էր:

Դատավոր Դանիել Դանիելյանի որոշմամբ. «Արսեն Աֆրիկյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018թ. Արսեն Աֆրիկյանի հետ վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ թիվ 255-Ա հրամանը եւ ՀՀ արդարադատության նախարարի 15.06.2018թ. Մանուկ Միքայելյանին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին թիվ 256-Ա հրամանն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, Արսեն Սամվելի Աֆրիկյանին իր նախկին աշխատանքում, այն է՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելու, հայցվոր Արսեն Աֆրիկյանի օգտին միջին ամսական աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը մեկ ամսվա համար կազմում է 476,000 ՀՀ դրամ՝ սկսած 15.06.2018թ.-ից մինչեւ դատարանի վճռի փաստացի կատարումը, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից բռնագանձելու պահանջների մասին, ընդունել վարույթ»:

ՀՀ արդարադատության նախարարությունից դատարանը պահանջել է որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչական դատարանին ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարի վիճարկվող հրամանների ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

Նախնական անդրանիկ դատական նիստը հրավիրվել էր 2019 թվականի հունիսի 25-ին: Դատարանի 2019թ. ապրիլի 4-ի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներգրավվել է որպես երրորդ անձ:

Վճռի հրապարակման օրը՝ 2019թ. հոկտեմբերի 28-ին դատարանի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել էր. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաեւ այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:

Դատարանը, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները, նկատի ունենալով, որ սույն վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտը կարող է շոշափել Արտակ Հարությունյանի իրավունքները, գտնում է, որ վերջինիս սույն վարչական գործով դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձ»:

Դատարանը օրեր առաջ վճռել է բավարարել Արսեն Աֆրիկյանի հայցապահանջը, վերականգնել նրան աշխատանքում եւ վճարել պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար պահանջվելիք գումարը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728