Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում եւ Շուշիի ուղղությամբ»

Փետրվար 16,2021 23:23

«Շուշին հանձնվել է, ես չեմ ասում կոպիտ ասած՝ միտումնավոր տրվել է, բայց Շուշին հանձնվել է։ Շուշին հանձնվել է, որովհետեւ արդեն հայտնի էր, գոնե ինձ հայտնի էր, թե պատերազմն երբ է ավարտվելու։ Հոկտեմբերի 19-ից հետո, իմ շատ ծանոթները ինձ հարցնում էին՝ ե՞րբ է ավարտվելու պատերազմը։ Ասում էի՝ երբ Ադրբեջանը գրավի Շուշին»,- այսօր «Արմնյուզի» եթերում 2-րդ (հարցազրույցի 1-ին մասը) հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ասաց, որ դա իր համար պարզ էր ադրբեջանական բանակի գործողություններից ելնելով, Ալիեւի հայտարարություններից ելնելով, թե՝ ադրբեջանցիները դեպի ուր են շարժվում եւ ով է դրանց դիմադրում։

Պարոն նախագահն ասաց, որ Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին, բայց մշտապես թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու նաեւ միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով․«Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարությունն ուներ, գաղտնիք չէ, որ թուրքական հրահանգիչներն էին մարզել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները։ Թե ինչու այս անգամ Թուրքիան այսպես անթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցությունն ունեցավ, մի բացատրություն ունի՝ այս ապիկար իշխանության դիվանագիտական եւ անվտանգային քաղաքականության տապալմամբ»։

Պարոն Սարգսյանն ասաց, որ թեեւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի իննին գրել է, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր․«Որ գրում էին՝ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար, դա նշանակում էր, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին։Տաս անգամ ավելի դժվար էր հետ գրավելը, քան պաշտպանելը։ Ու ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, ընդ որում այդ համառ մարտերի ժամանակ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, շատ դեպքերում՝ անհասկանալի»։

Սերժ Սարգսյանն անդրադառնալով «Իսկանդեր»-ի կիրառմանն ասաց․«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ`Շուշիի ուղղությամբ»:

Թե ինչո՞ւ Ադրբեջանի ուղղությամբ այն չի կիրառվել, պարոն Սարգսյանն ասաց․«Ես ենթադրում եմ, որ չի կիրառվել վախենալով պատասխան հարվածից, այսինքն՝ ՀՀ որ տարածքից կրակեն, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ՝ ոչ նմանատիպ հեռահարության, ճշգրտության, բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում եւ այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է։ Մյուս թեզն էլ, որ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մի պարծենկոտ կար, ասում էր՝ հրաման եմ տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավականը, հետո դա հերքվեց, բայց կրակվել է քաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչը մեծագույն հիմարություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728