Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում». Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ մասը

Փետրվար 16,2021 23:33

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Մեկ հարց կա, պարո՛ն նախագահ, որին Դուք պետք է անձամբ պատասխանեք: Մենք հիմա պատերազմի մասին ենք խոսում, որը քիչ թե շատ դիվանագիտական գործընթաց է, և դրա տապալումը Ձեզ հետ քննարկեցինք: Պատերազմի ավարտից հետո , երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե  գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, և Ձեր ու Ռոբերտ Քոչարյանի բանակին է հաղթել, այսինքն՝ դուք  պարտվե՞լ եք, ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել:

-Ալիևը, ես վստահ եմ, միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թվականներին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել  և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել:

-Նա գիտի՞, որ սա վերջնական հաղթանակ չէ իր համար:

-Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին,  կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը, ո՛չ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր  թիմից գաղտնի: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարում են ունեցել, կապիտուլյանտն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով գուցե Ալիևը ճիշտ է, բայց եթե Ալիևի տեսակետից մոտենանք, դա նշանակում է, որ այս կապիտուլյանտին հաղթել է Էլչիբեյը, անտրամաբանական է նրա ասածը:

-Պարո՛ն նախագահ, սպառազինության հարցը քննարկենք, այդ մասին շատ է խոսվում: Իշխանությունը շատ է խոսում այդ մասին: Երբ պատերազմը սկսվեց, այս իշխանությունը 2,5 տարի պաշտոնավարում էր և օբյեկտիվորեն չէր կարող սպառազինության մեծ ծավալներ ձեռք բերել, դրանք գործարկել, շահագործել, սպասարկել: Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ժամանակ մենք կարող էինք շատ ավելի տեխնոլոգիական զենքերով սպառազինվել և ավելի պատրաստ լինել այս պատերազմին:

-Ոչ, ես դա չեմ կարող հերքել, որովհետև ինչքան շատ ունենայինք,  այդքան լավ, բայց ես հերքում եմ այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը  մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն, զինվորը ելակ չէր ուտում: Բա եթե մենք բանակ չունեինք, ապա ինչպես 2016-ի Ապրիլյան  պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի, բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչինչ չունեինք, ինչո՞ւ մինչ 2016-ը, 2017-ին, 2018-ին Ադրբեջանը պատերազմ չէր սկսում: Դրանք իրականությանը չեն  համապատասխանում, իրականությանը համապատասխանում է  հետևյալը, որ մենք երբեք Ադրբեջանից շատ և ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել. սա իրականություն է: Ոչ  1992-94 թվականներին, ոչ 2016-ին, ոչ էլ 2020-ին, բայց առաջին երկու դեպքերում դա մեզ չի խանգարել հաղթել, որովհետև… չասեմ պատճառները: Որովհետև խնդրով զբաղվել են նվիրված, գիտակ մարդիկ, և մարդիկ, որոնք անմնացորդ  նվիրված են եղել այդ գործին:

-Պարո՛ն նախագահ, ես հիմա պետք է ասեմ Ձեր ասածի հակառակ մեկնաբանությունը, որը բավական լայնորեն տարածված է: Այն, որ վերջին երկու տասնամյակում բանակը թալանվել է, ինչպես և մենք բոլորս ենք թալանվել, զինվորի հացը թալանվել է. զինվորը  եղել է կիսասոված, և այն փողերը, որոնք պետք է ծախսվեին սպառազինության վրա, ասենք Մոնումենտում դղյակներ են կառուցվել, հավանաբար լսել եք «Մոնումենտի դղյակները մեր անօդաչուները պետք է լինեին» արտահայտությունը: Ի դեպ, անօդաչուների մասին, սա շատ կարևոր դրվագ է: Այս պատերազմի կարևորագույն զինատեսակներն էին անօդաչուները, Ձեր նախագահության օրոք ինչո՞ւ չարտադրվեցին  կամ ինչու չգնվեցին բավարար չափով անօդաչուներ:

-Ես այդ հարցին մի քիչ այլ կերպ պատասխանեմ: Մամուլում էլ տարբեր նախկին պաշտոնյաներ խոսել են այդ մասին: Ուրեմն, Ապրիլյան պատերազմից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ: Եվ մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք  անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք  զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց  ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր  տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:

-Ումի՞ց, երկրնե՞րը կարող եք ասել, պարո՛ն նախագահ:

-Նպատակահարմար չեմ համարում, բայց եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի՝ մի անգամ կասեմ:

-Այդ գործարքները հետո չարվեցի՞ն:

-Ոչ: Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝  5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու:

Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով:

-Բայց ՍՈՒ-30 հո գնեցինք, պարո՛ն նախագահ, մենք կործանիչ ավիացիա չէինք ունեցել:

-Բա որ գնեցիք, հետո օգտագործեցի՞ք: Սպառազինությունը գնելն էլ է արվեստ, հասկանում եք: Հենց այնպես չես կարող նպատակ ունենալ դրանով PR անել, քաղաքական հարցեր լուծել, մտածելով, որ տեսեք-տեսեք՝ նախկինները Իսկանդեր էին բերել , մենք էլ ՍՈՒ-30 ենք  բերում, նախկինները 80-ականների զենք են բերում, մենք էլ նոր ՍՈՒ-30 ենք բերում: Քանի՞ անգամ թռավ ՍՈՒ-30-ը: Այո, այն թռավ մեկ անգամ  Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, այն էլ… ուղղակի ամեն ինչ ասել են տալիս, թռավ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպված եմ եղել խնդրել իմ գործընկերներից մեկին, որպեսզի զանգի ՊՆ և ասի՝ այդ հիմարությունը մի արեք, մենք տեսնում ենք, որ այդ ինքնաթիռը առանց սպառազինության է թռնում, առանց սպառազինության ո՞ւր եք թռնում: Ես ինքնաթիռի վրա սպառազինություն չեմ տեսել, այնուհետև իրենք, զինվորականներն ասացին, որ սպառազինություն չկար: Մեկ փորձում էին արդարացնել, որ սա շատ բարդ բան է, և այդ բարդ բանն օգտագործելու համար շատ տևական ժամանակ է պետք և այլն, բա գնելուց դա չէի՞ք հասկանում: Ես վստահությամբ ասում եմ, որովհետև ես այդպես էլ տեղեկություն չունեցա, թե մենք անօդաչու թռչող սարքեր օգտագործե՞լ ենք, թե՞ ոչ, և արդյո՞ք արդյունավետ ենք օգտագործել:

-Այսինքն՝ քաղաքական որոշման արդյունքո՞ւմ է փոխվել նախագիծը:

-Ես չեմ կարող ասել, միգուցե նախաձեռնությունը գլխավոր շտաբից է եղել այն ժամանակ, երբ արդեն փոփոխություն է տեղի ունեցել:

-Բայց զինվորականները հո հասկանում էին, թե մեզ ինչ է պետք:

-Իհարկե, զինվորականները հասկանում էին, բայց շատ դեպքերում զինվորականների միջև էլ է, լավ առումով ասեմ, պայքար գնում, թե  որ սպառազինությունն է պետք ավելացնել: Մրցակցություն է, այսինքն՝ հրետանավորը ուզում է ժամանակակից հրետանային միջոցներ ունենալ, օդաչուն ուզում է նոր ժամանակակից ինքնաթիռներ ունենալ և այլն: Միշտ ցանկություն լինում է, բայց պետք է շատ սթափ վիճակը գնահատել և պահպանել զենք-զինամթերք ձեռք բերելու տարրական կանոնները: Նախաձեռնությունը պետք է գա ամենաներքևից՝ գլխավոր շտաբի վարչություններից, որը հաշվի կառնի զորքերի պահանջը, ռազմական թատերաբեմին ավելի հարմար ու հակառակորդին զսպող միջոցների ամբողջականությունը, այնուհետև դա գլխավոր շտաբում պետք է միս ու արյուն ստանա,  այնուհետև քննարկվի պաշտպանության նախարարի մասնակցությամբ, այնուհետև, խոշոր զինամթերքի դեպքում՝ համաձայնեցվի գերագույն հրամանատարի հետ:

-Սուղ բյուջեի պայմաններում հասկանալ, թե ինչն է անհրաժեշտ մեզ:

-Այո, եթե մենք ունենայինք հնարավորություն ձեռք բերելու և՛ կործանիչ ավիացիա, և՛ հետախուզական ավիացիա, և՛ շատ մեծ քանակով խոշոր տրամաչափի զինատեսակներ, և՛ հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից միջոցներ և այլն, բայց երբ քո գրպանի պարունակությունը քեզ թույլ չի տալիս բոլոր «վայելքներից» օգտվել, պետք է ընտրել կարևորագույնը, կենսականը, այլ ոչ թե ցուցադրականը:

-Պարո՛ն նախագահ, զենքի առևտրի հետ կապված՝ վարչապետը ոչ մեկ անգամ ձեզ է մեղադրել, պնդելով, որ Դուք չկրակող զենքեր եք գնել: Բառացի մեջբերում անեմ. «Դեպք  ունեք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է զենք է առել, ու այդ զենքը չի աշխատում, ոչ մի բանի պիտանի չէ, պարզապես մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, դա ոչ մի բանի պիտանի չէ, զենք էլ չէ, հիմա քրեական գործ է հարուցվել, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա և ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»: Այս մասով Քննչական կոմիտեն որևէ հաղորդագրություն չի տարածել: Ինչի՞ մասին է խոսքը, սա ի՞նչ զենք է:

-Գիտեք, այդ հայտարարությունից բխում է  հետևյալը, որ եթե ես մի ցորենի հատիկի չափ մեղք ունենայի այդ գործում, վաղուց ուրիշ տեղ կհայտնվեի, պատկերացնո՞ւմ եք ինչ ակցիաներ կանցկացնեին:

-Ձեզ այդպես էլ չե՞ն հրավիրել Քննչական կոմիտե:

-Ոչ, իհարկե ոչ: Նախ ի՞նչ առնչություն պետք է ունենայի, բացի այդ, Սերժ Սարգսյանը զենք գնելու պայմանագի՞ր է ստորագրում:  Սա՝ մեկ, երկրորդ՝ բա ի՞նչ է, այդ մարդիկ ձերբակալվա՞ծ են, ովքեր ուղիղ առնչություն են ունեցել այդ սարքավորումը ձեռք բերելուն, բա մի ամբողջ տարի է անցել, բա ու՞ր է: Ես զարմացած եմ հարց տալիս, հետո ինքս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ վրա ես զարմանում: Այդ ստերի շտեմարանը ամեն անգամ այսպես բավարար չափաբաժին է բաց թողնում, մարդկանց հիմարացնում ու փորձում ստիպել իրավապահներին, որպեսզի իր երևակայությունները դարձնեն քրեական գործ: Իհարկե, գիտեմ ինչի մասին է խոսքը՝ «Ռեպելենտ» և «Ավտոբազա» համակարգերի մասին է խոսքը: Քրեական գործ վաղուց հարուցված է, ինչ-որ մարդկանց հարցաքննել են, բայց որևէ մեկն ինձ որևէ հարց չի տվել:

-Բայց Ձեր անունն է ասվել այստեղ:

-Դե ինքը ամեն ինչ ինձ է վերագրում, խոսում է, հեքիաթներ է պատմում, հետո արդյունքն ի՞նչ է լինում: Իհարկե, ինքը շատ մեծ ցանկություն ունի ինչ-որ կոպիտ  սխալ գտնելու, հաստատելու, ինչ-որ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու և այլն: Մարդն ասել է, չէ՞, որ, իմ ընտանիքն այս աշխարհի ամենակոռումպացված ընտանիքն է, հետո   սրան-նրան համոզել, որ իմ մերձավորներին, իմ բարեկամներին, իմ երեխաներին քրեական պատասխանատվության կանչեն: Այսինքն՝ դա ի՞նչ է, շնորհք է՝ ենթադրությունները պարտադրել, իրականություն դարձնել, այսինքն՝ չարությունը հանելու ուրիշ ձև չկա՞:

-Պատերազմում մեր անպատրաստ վիճակի հետ կապված՝ կա մի տարածված դրույթ, որ Արցախի սահմանագծի երկայնքով, բացի առաջնագծից, մենք փաստացի խոր էշելոնացված պաշտպանություն չենք ունեցել, երկրորդ և երրորդ բնագծեր չեն եղել պաշտպանական, ես ավելին ասեմ՝ Դուք մեղադրվում եք, որ Լավրովյան կամ Կազանյան պլանն իրագործելու նպատակով միտումնավոր թույլ չեք տվել Արցախում խոր էշելոնացված պաշտպանություն իրականացնել, այդ պատճառով հնարավոր է եղել այդքան հեշտ ճեղքել հարավային ուղղությամբ առաջնագիծն ու խորանալ թիկունք:

-Բայց  ո՞վ է նման թեզեր առաջ քաշում, ո՞վ է, որ տեղյակ է, գնացել է, տեսել է՝ մենք ունենք, չունենք, ովքե՞ր են, ովքեր փախե՞լ են, ովքեր պարտվե՞լ են, ովքեր իրենց ստորաբաժանումները վարի են տվել, ինչպես ասում է ժողովուրդը: Այդ ասողներից մեկը կա՞ր, որ տեսել է, չեմ ասում խրամատ չի տեսել, բայց ամբողջ պատկերն ո՞վ է տեսել, կապիտուլյա՞նտն է տեսել,  ինքը մի բան հասկանո՞ւմ է դրանից: Դա իրականությանը չի համապատասխանում, մենք ունեցել ենք բանակային պաշտպանության երկրորդ և երրորդ գծեր, և մեր պաշտպանական պլանում շատ հստակ գրված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պետք է զբաղեցնեն:

-Այս պատերազմում զբաղեցրե՞լ են:

-Ցավոք , ոչ: Ոչ, որովհետև պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:

-Վարչապետի կնո՞ջը նկատի ունեք:

-Ես կանանց հետ գործ չունեմ: Ուրիշներին էլ նկատի ունեմ: Այսինքն՝ իրեն գերագույն հրամանատար հռչակա՞ծն էլ այնքան կոմպետենտ է, որ կարո՞ղ էր ինքն անել:

-Դե նա գոնե հրամանատարական կետում չի գտնվել այդքան երկար:

-Երկար չէ, բայց ամբողջ կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել:

-«Լալա Թեփեի» օպերացիայի մասի՞ն եք ասում:

-Համենայն դեպս, օպերացիայի անունը «Լալա Թեփե» չէր, բայց այդ հատվածի օպերացիայի մասին է խոսքը:

-Խնդիր է դրվել ամեն գնով հետ բերել այդ բարձունքը, դա ճի՞շտ տվյալ է:

-Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի բան է, բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է  կարողանաս միգուցե ռեզերեվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնեն իրենց սանիտարական, զենքի, զինամթերքի կորուստները և այլն, իսկ այդ թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո արդեն կարող ես մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին: Բայց ոչ, մտածել էին, տեսեք-տեսեք, գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր ռեզերվը, մեր լավագույն բրիգադաները, որից հետո պաշտպանության բանակի ղեկավարը զրկված է եղել որևէ ռեզերվային ուժից:

-Դուք դա ասում ես պատերազմի ո՞ր փուլի մասին:

-Ես դա խոսում եմ հոկտեմբերի սկզբների մասին:

-Այսինքն՝ այդ ժամանակվանից անթույլատրելի սխալներ են գործվել:

-Անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ պատերազմի առաջին օրվանից, և դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ, հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեին մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել:

-Իրենք էլ Ձեզ են վերագրում, ասում են՝ նախկին իշխանությունն է: Հիշո՞ւմ եք, քանի անգամ է ասել վարչապետը, որ նախկին իշխանությունը կփորձի դավադիր պատերազմ սանձազերծել, իսկ պատերազմի ժամանակ էլ զորքերի մեջ տարածել են, որ հողերն արդեն ծախած են  և մի՛ կռվեք, նահանջեք:

-Բայց խնդրում եմ, ամեն անգամ այդ սուտասանի խոսքերը մեջտեղ չբերեք, որովհետև իր հետ այդ սուտը հերքել է իր ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած գնդապետը՝ Համբարձումյանը:

Ասել է, չէ՞, որ վարչապետից ցուցում է ստացել հետաքննել, և պարզվել է ամբողջովին հակառակը, էլ ես ինչ պետք է դա հերքեմ կամ չհերքեմ: Այսինքն՝ մենք ինչո՞ւ պետք է դավադիր պատերազմ հայտարարեինք, կամ չհայտարարեինք: Այսինքն, երբ մարդ ինչ-որ անհիմն հայտարարություններ  է անում, երևի ղեկավարվում է այն սկզբունքով, թե ինքն ինչ կաներ այդպիսի պարագայում: Այո, իրենք դավադիր էին 2016-ին, երբ հերյուրանքներ էին տարածում, որ զորքը խոտ էր ուտում, բահով էր կռվում և այլն, և այլն: Դա իրենք էին, չէ՞, անում: Մեզնից մեկը 44 օրվա ընթացքում մի բան ասե՞լ է  հրապարակավ, իրենք ենթադրություններն անում էին, տարածում էին ու, ցավոք, չէին հերքում:

-Ապրիլյանի ժամանակ հերքեցին, պարո՛ն նախագահ, իրենք էլ ընդունեցին, որ բահերով կռիվ չի եղել:

-Բայց որքա՞ն ժամանակ անց: Բայց այդ հերքումը քոռ կոպեկ չարժեր. ինչո՞ւ, որովհետև Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ բանակի քանդման հերթական փուլի սկիզբը դրեցին: Ինչպե՞ս կարելի էր ստեղծել այդպիսի հանձնաժողով, ինչպե՞ս կարելի էր հարյուրավոր սպաների, զինվորների հրավիրել այնտեղ ու ինչպե՞ս կարելի էր բանակը դրանով քանդել: Քանդել բառն այն չէ, միգուցե՝ պատից մի աղյուս հանել:

-Դուք ինչո՞ւ գնացիք, պարո՛ն նախագահ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չգնաց, մերժեց, Դուք ինչո՞ւ գնացիք:

-Ես պարտավոր էի գնալ և առաջին հերթին պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը, բա ո՞վ  պետք է պաշտպաներ, ես գնացել եմ պաշտպանելու, ես գնացել եմ այդ հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է ընդհանրապես պատերազմը, և մենք ինչպես ենք վարվել: Ես գնացել եմ այդ մարդկանց բացատրելու, փորձ եմ արել նրանց համոզելու, որ անիմաստ է, մի արեք այդ բանը, բա ի՞նչ անեի, խուսափեի՞, չէի կարող խուսափել: Նորից եմ ասում, դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր:

-Պարո՛ն նախագահ, հրամանատարական կետում ոչ կոմպետենտ անձանց ներկայությունից խոսեցիք, ես խնդրում եմ պատմել պատերազմի օրերին Արցախ Ձեր այցելության մասին. ո՞ւմ հետ եք հանդիպել, երկրորդ նախագահն ասաց, որ Արցախի նախագահն իրեն չի ընդունել: Դուք վստահ եմ, փորձ արել եք իրեն հանդիպելու, հանդիպե՞լ եք:

-Ոչ, չեմ հանդիպել: Ես գնացել եմ Արցախ և 5-6 հոգու ներկայությամբ խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի իմ մեծ խնդրանքը փոխանցի Արցախի նախագահին՝ մի քանի րոպեով ինձ ընդունել: Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող  ընդունել Ձեզ հայտնի պատճառներով, ես ընդամենը երկու նպատակ ունեի.  Արայիկ  Հարությունյանին բացատրել, որ այս  պատերազմը գնում է դեպի պարտություն ու պետք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և երկրորդ՝ նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ապա ցանկացած սեփական նախաձեռնություն, ինչպես Դուք եք ասում, կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, որովհետև մի կողմից էլ ոնց որ բեռ ես դառնում քո մարտական ընկերների համար, միշտ պետք է ուշադիր լինեն քո հանդեպ և այլն: Դրա համար վերադարձա Երևան:

-Նույնը վերաբերում է նաև առաջին պատերազմի մարտական գեներալներին, մենք լսում ենք, որ նրանցից ոմանց թույլ չեն տվել մասնակցել պատերազմի կառավարմանը, լինել հրամանատարական կետում:

-Ոչ մեկին թույլ չեն տվել, բայց արդեն պատերազմի վերջում, երբ տեսել են, որ ոչինչ չկա, առանց հրամանի, առանց պաշտոնական որևէ բանի խնդրել են, որ գնա այստեղ օգնի, այնտեղ օգնի և այլն:

-Մեկը՝ Շուշին, մեկը՝ Ստեփանակերտը, կազմակերպեն պաշտպանություն:

-Դե դա ակնհայտ է: Գիտեք, շատ տարբեր ձևեր կային այս պատերազմում այսպիսի ավարտ չունենալու: Նախ` ինչն էր խանգարում, ինչ արել են, արել են, փոխել են զարգացման պլանը, ձեռք չեն բերել, կամ ինչ-որ բաներ ձեռք են բերել: Պատերազմը արհավիրք է, արհավիրքի ժամանակ դու պետք է  փորձես ամեն ինչ օգտագործել: Ի՞նչն էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ, առանց ակնկալիք ունենալու, որ այդ խորհուրդը կիրականացվի, բայց բազմափորձ մարդիկ են, չէ՞: Իսկ Օնիկ Գասպարյանը ընդամենը   2-3 ամսվա գլխավոր շտաբի պետ էր, իսկ գլխավոր շտաբի պետ լինելը դա խաղ ու պար չէ, ու հատկապես ռազմական գործողություններ վարելը, իսկ և՛ առաջինը, և՛ երկրորդը, տեսեք քանի ռազմական գործողություններ են վարել: Լավ, ի՞նչ էր խանգարում, նույն անփորձ Ջալալ Հարությունյանի մոտ հրավիրել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին՝ որպես խորհրդատու, էլի մի արեք ասածները, բայց գոնե ինչ-որ բանից կարող էիք օգտվել, այլ ոչ թե պատահական մարդկանց ընդունեիք,   ովքեր այստեղից գնում էին որպես բարձրաստիճան պաշտոնյա: Եվ ավտոմատը գնդացրից չտարբերող մարդիկ հայտնվում են այդ կետում, ախր սա զավե՞շտ չէ, սա հանցագործությո՞ւն չէ:

– Պատերազմի ավարտական փուլում Ձեր ասած անձանց թողնվեց պաշտպանությունը՝ Շուշիի պաշտպանությունը Սեյրան Օհանյանի վրա էր, Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի:

-Դա ուրիշ բանի համար արվեց, վստահ եմ՝ ուրիշ բանի համար էր, որ վերագրվի նրանց:  Եթե  Դուք նկատել եք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե  ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը  Շուշիի պաշտպանության համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր, սկսեցին Սեյրան Օհանյանին  մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել: Ներողություն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խոսքը: Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ, ոչ  էլ վաշտի: Եվ հետո հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Դավի՛թ, տեսեք, ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ,  տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, թեև այդտեղ գաղտնի բան չկա, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը:

-Շուշին ընկե՞լ է, թե՞ հանձնվել: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

-Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել:

-Ձեզ համար պա՞րզ էր, որ ի սկզբանե դա իրենց նպատակադրումն է:

-Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը:

-Պարո՛ն նախագահ, շատ է խոսվում այս պատերազմում Թուրքիայի դերակատարման մասին, Ձեր նախագահության օրոք Թուրքիան հանրային հարթակներում չի դիտարկվել իբրև պոտենցիալ սպառնալիք, իբրև պատերազմի աղբյուր, և չի ենթադրվել մի սցենար, որ մենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կպատերազմենք, և Թուրքիան կդառնա հակամարտության կողմ: 2020-ի ամռանն էլ խորհրդարանական խմբակցության ղեկավարը մեզ ասում էր, որ Թուրքիան չի ներգրավվի այս պատերազմում, ինչո՞ւ, ըստ Ձեզ, Թուրքիան ներգրավվեց այս պատերազմում, որքան է եղել Թուրքիայի մասնակցության չափը, և ես ուզում եմ անհատականացված լսել Ձեր մոտեցումը, Դուք ընդունո՞ւմ եք Ձեր նախագահության շրջանի պատասխանատվությունը, միգուցե հանրային աշխատանք չի տարվել մարդկանց հետ, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, և այս պատերազմում մենակ չի թողնելու Ադրբեջանին:

-Դավի՛թ, ես այնքան էլ համամիտ չեմ Ձեր կարծիքի հետ, որ Թուրքիան միայն վերջին պատերազմի ժամանակ է աջակցել Ադրբեջանին: Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին, միշտ: Այդպես է եղել 90-ականների սկզբին, կարող եմ  օրինակներ բերել, այդպես է եղել 2000-ականների սկզբին ու 2008-ից հետո, և մշտապես հնարավոր թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով: Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարումն ուներ, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական հրահանգիչներն էին մարզել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները, բոլորի համար դա ակնհայտ է: Թե ինչու այս անգամ Թուրքիան այդպես անթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցությունն ունեցավ, միայն մեկ բացատրություն ունի՝ այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային քաղաքականության տապալմամբ: Արմատներն այդտեղ է պետք փնտրել: Ու նաև պետք է փնտրել, թե ինչո՞ւ ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ, և այդ հավասարակշռումը չեղավ, այդ հակակշիռը չգործեց այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի գործեր:

 -Այսինքն՝ Թուրքիայի այսքան մեծ ակտիվությունը եղավ  ի հաշիվ հայ-ռուսական վտանգված ռազմավարական հարաբերությունների՞:

-Վստահ եմ`այո, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ դա էլ տեղի ունեցավ, միգուցե ճիշտ բառը չեմ ընտրում, այն «սուտի» պատկերացմամբ, որ այդ լարվածությունը մեծացնում է մեր ինքնուրույնության աստիճանը: Մարդ պետք է հստակորեն գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է, համենայն դեպս ղեկավարներից մեկը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև ինքը իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է: Ինքը պետք է հասկանա, որ դա տղայական մոտեցումներ չի սիրում, ինքը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների համար, այլև պատասխանատու է ժողովրդի անվտանգության համար: Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես այսպես միանձնյա որոշում կայացնելու ճանապարհով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը խնդիրներ ես ունենալու:

-Գլխավոր քարտուղարի հետկանչի մասի՞ն եք ասում:

-Այո, երբ դու, խախտելով սեփական երկրիդ օրենքները, օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, և այնուհետև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն, թե տես ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը դու դրա համար պատժվելու ես, սա ակնհայտ մի բան է: Դու պետք է հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու, որովհետև նրանք իրենց գործողություններում ջանք են դնում, եռանդ են դնում, հեղինակություն են դնում, հասկանալի է՝ ունենալով իրենց շահերը: Այնպես որ, այստեղ բան չկա զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին` ռազմական գործողությունների վերսկսման համար:

Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես 2016 թվականի ապրիլին, երբ միջազգային  հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակողական գործողությունը: Իսկ ինչո՞ւ մենք ժամանակին չպետք է ունենայինք, նույնիսկ եթե մենք չենք գիտակցել, որ պետք է ունենալ շատ լավ համապատասխան հակաօդային միջոցներ, ինչու մենք ժամանակին չպետք է ունենայինք: Ի՞նչ է նշանակում` Հայաստանի օդային տարածքը անհասանելի է, այսինքն՝ պարզ լեզվով ասված` մեզ արգելեցին Վրաստանի օդային տարածքով և կամ Իրանի օդային տարածքով տեղափոխել ռազմական բեռ: Երբևէ հիշո՞ւմ եք, որ լիներ դա Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ, կամ դրանից հետո, մենք խնդիր ունենայինք Վրաստանի օդային տարածքով ինչ-որ բան տեղափոխելո՞ւ, բա որտեղո՞վ էինք տեղափոխում S300-ները կամ Իսկանդերը և այլն: Այսինքն՝ դու բոլորի հետ փչացրել ես հարաբերությունները և ուզում ես քո նեղ պահին, քո օրհասական պահին նրանք ավելին անեն, քան կարելի՞ է:

-Պարո՛ն նախագահ Իսկանդերը հիշատակեցիք, դա այս պատերազմի ընթացքում ամենաշատ հիշատակված, բայց այդպես էլ թշնամու նկատմամբ չկիրառված զինատեսակն է, ես  հրաշալի հիշում եմ, որ 2016  թվականին, և՛ այն ժամանակ, և՛ 2020 թվականի օգոստոսին Ձեր ասուլիսում Դուք ասացիք, որ իմաստ չուներ ապրիլյան մարտերի ժամանակ կիրառեիք Իսկանդերը, քանի որ թնդանոթից արձակված կրակոց է ճնճղուկներին: 2020 թվականի պատերազմը լայնամասշտաբ էր, բայց չկիրառվեցին մեր օպերատիվ մարտավարական հրթիռները և ոչ միայն դրանք. պարզվեց, որ մենք որևէ ռազմական օդանավակայան, խոշոր զորամիավորման շտաբ, հրամանատարական կետ, նավթագազային ենթակառուցվածք, կամուրջ չենք ոչնչացրել:  Ընդ որում, ՀՀ նախագահը, որին, ի դեպ, Դուք եք հրավիրել, եթե ժամանակ լինի դրան էլ հակիրճ կանդրադառնանք, մի քանի անգամ տարբեր միջազգային լրատվամիջոցների առջև խոստում տվեց, երաշխիք տվեց, որ Հայաստանը չի թիրախավորելու թշնամու տարածքում գտնվող նավթագազային ենթակառուցվածքները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

-Նախ պետք է ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ, որ Իսկանդերը չի կիրառվել, մամուլում եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ Իսկանդերը կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ:

-Ես դրա համար ասացի՝ թշնամու պետության տարածքի ուղղությամբ:

-Այո,  տարածքը, ուրիշ բան: Իսկ թե ինչո՞ւ չի կիրառվել, ես հարյուր տոկոսով չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ չի կիրառվել` վախենալով պատասխան հարվածից: Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ:

-Նմանատիպ հեռահարությամբ մեգահրթիռո՞վ:

-Մեկ այլ հրթիռով, ոչ նմանատիպ հեռահարությամբ, ոչ նմանատիպ ճշգրտությամբ, բայց գիտես, երբ պատերազմի ժամանակ ունենում ես դու շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին:  Իսկ Իսկանդերը պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, Իսկանդերը հենց դրա համար է: Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկը ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը:

-Պարզվեց՝ սուտ է:

-Բայց իրականություն է, որ Կիրովաբադի վրա կրակվել է:

-Քաղաքի բնակելի թաղամասի:

-Ինչը մեծագույն հիմարություն է, ես չեմ հասկանում այդ մարդկանց գործողությունները:

-Միջազգային հանրությունը մեզ սկսեց դատապարտել դրանից հետո:

-Իհարկե, պետք է դատապարտի, ոչ միայն միջազգային հանրությունը սկսեց դատապարտել, այլ դրանից հետո սկսեց անխնա թիրախավորել Ստեփանակերտն էլ, Մարտունին էլ: Ես չեմ ասում, որ մինչ այդ Ստեփանակերտի վրա չէին կրակել, բայց այդ կրակը ուղղված էր երկու թիրախների վրա` մեկը Պաշտպանության բանակի շտաբն էր և երկրորդ` էլեկտրակայանը: Սա է, իհարկե պետք էր կիրառել, բա ինչի՞ համար էինք ձեռք բերել: Եվ ընդհանրապես, այդ հավաստիացումները՝ միջազգային հանրության, ո՞ւմ  էին պետք, ես չեմ ասում, որ առաջին թիրախը պետք է լիներ գազատարները, նավթատարը և այլն, բա այդ Իսկանդերը ինչի՞  համար ենք վերցրել, ինչի՞ համար ենք բերել, որ անհրաժեշտ պահին մենք չենք կիրառում:

-Պայմանավորվածություն է եղել չկրակելու, կարծո՞ւմ եք:

-Չեմ կարծում, որ պայմանավորվածություն է եղել:

-Վախեցել են  գործարկել դա:

-Եթե հիշում եք, որ պատերազմի հինգերորդ-վեցերորդ օրը էլի ինչ-որ այսպես ասած «ուտկաներ» էին պտտացնում, իբր Իսկանդերը մերը չէ, կառավարման համակարգը ուրիշ տեղ է: Դա տգիտություն է, Իսկանդերը մերն է, մենք միակն ենք, ում մեր դաշնակիցը տրամադրել է այդպիսի զենք և չկիրառել դա, ես չեմ հասկանում: Դավի՛թ, այնքան հարցեր կան, որ ինձ համար ուղղակի մի կողմից տարօրինակ են, մյուս կողմից՝ չգիտեմ, այլ մտքերի են տանում:

-Հայկական Շուշին խոցել մեր Իսկանդերով, պարո՛ն նախագահ, սա կարո՞ղ է տեղավորվել մեր բանականության մեջ, եթե անգամ քաղաքը թողնված է, թեև մենք հստակ տվյալ չունեինք՝ ո՞ր օրվա և պահի դրությամբ ենք մենք լքել քաղաքը:

-Արդեն այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել է, կապիտուլյանտը ամսի իննին է գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր: Երբ դրանից գրում են, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին, դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ հետ գրավելը տասը անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի:

-Պարո՛ն նախագահ, երբ հիմա խոսում ենք բանակային իրականության մասին, իմ աչքի առաջ գալիս է վարչապետի` անցած տարվա օգոստոսի վերջում Սարդարապատում կազմակերպած մեծ հանդիսությունը, պարգևատրումը, մոտավորապես 80 հոգի ստացավ մարտական խաչ, առաջին և երկրորդ աստիճանի մեդալներ, հուլիսի Տավուշի մարտերի արդյունքներով մեկ սպա` կապիտան Ռուբեն Սանամյանը Ազգային հերոս դարձավ: Մի շատ կարևոր և նկարագրական դրվագ ասաց վարչապետը և բնորոշեց դրանով Հայոց բանակի մարտունակությունը, ես առաջարկում եմ հիշել այդ դրվագը հենց իր խոսքով և շարունակել…

Տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ. ես հիշում եմ տասնամյակներ շարունակ, օրինակ, ես լսել եմ, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, բայց սա կարծես եղել է ամենամեծ դիֆերամբը, թող ներվի ասել, սրանից այն կողմ մենք չենք անցել: Դուք համաձա՞յն կլինեք վարչապետի այս գնահատման հետ մեր բանակի հասցեին:

-Բացարձակապես, մի բան է մարտունակ բանակ, մի բան է տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցողը: Մենք հասկանո՞ւմ ենք որն է տարածաշրջանը, թե՞ նկատի ունենք միայն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Նույնիսկ այդ պարագայում… այդ «որոշիչ» բառը… բայց այս տեսագրության մեջ, երևի, դրանք ամենակոշտ բնորոշումները չէին: Կապիտուլյանտը ասում էր, որ տավուշյան հերոսամարտը ցնցող ազդեցություն ունեցավ շատ երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար: Այսինքն՝ ես անկեղծ եմ ասում, չեմ թերագնահատում բացարձակապես երրորդ բանակային կորպուսի, այսինքն՝ Տավուշը պաշտպանող կորպուսի և՛ հրամանատարի, և՛ սպաների, և՛ զինվորների, աշխատանքը, և՛ կատարածը, անկեղծորեն՝ իրենք իրենց աշխատանքը լավ են կատարել, բայց այդ աշխատանքը վերցնել դարձնել PR, փորձել սահմանային միջադեպից կերտել, դարձնել Սարդարապա՞տ, իսկ իրական Սարդարապատի ժամանակ հիմարություննե՞ր անել: Իմաստը ո՞րն է: Ակնհայտ էր, չէ՞, բոլորի համար պարզ էր, որ դա վերջին կետն է, որից հետո սկսվում է հաշվարկը, թե քանի օրից կլինեն ռազմական գործողություններ: Ես անցած տարվա օգոստոսին  ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ պատերազմը շատ մոտ է, ակնհայտ էր այդ ամենը: Ինչո՞ւ արվեց:

-Սադրեցի՞ն պատերազմը, կարծում եք՝ հրահրեցի՞ ն:

-Գիտեք, այդտեղ երկու շատ մեծ պրոբլեմ կա: Նախ` նորից անդրադառնամ նրան, թե ինչու չի կարելի խաբել դաշնակցին, երբ դու նախաձեռնում ես դիրքային բարելավում, այնուհետև այդ կոնֆլիկտը մի քիչ մեծանում է, ու հետո աշխարհով մեկ սկսում ես գոչել, որ ադրբեջանցիները հարձակվեցին, մենք սկսեցինք պաշտպանվել, դու մի պարզ բան պետք է  գիտակցես, որ մինչև դու դա հայտարարում ես, այնպիսի երկրներ ինչպիսիք Ռուսաստանն է, ԱՄՆ-ն է, Ֆրանսիան է, արդեն գիտեն, թե ով է հրահրել:

-Եվ Ռուսաստանը հայտարարեց այդ մասին, Լավրովն ասաց, փաստորեն մենք ենք սկսել:

-Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում, այդ ինչո՞ւ ես խաբում, փորձում ես խաբե՞լ, ո՞ւմ: Ախր վստահությունը հասնում է զրոյի այդպիսի դեպքերում, ուղղակի զրոյի է հասնում: Իսկ ինչո՞ւ դա եղավ: Եթե հիշում ենք, Լավրովը արդեն 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ պետք է, վերջապես, անցնել առարկայական բանակցությունների: Մի ամբողջ տարի այս տկարամիտները մեզ փորձում էին համոզել, որ ընդհանրապես բանակցային սեղանին թուղթ չկա, փաստաթուղթ չկա և ընդհանրապես բանակցություններ տեղի չէին ունենում, իհարկե իրենք խճճվում էին իրենց ստերում: Մեկ արտգործնախարարը ասում էր՝ լուրջ բանակցություններ ենք վարում, մեկ ասում էին՝ չկա:

-«Ինչ-որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

-Բայց ես հարյուր տոկոս գիտեի, որ կան բանակցություններ, և այդ մասին ես ասել եմ Ղարաբաղի ղեկավարությանը, որ կան բանակցություններ և այդ բանակցությունները լավ բանի չեն բերելու:

-Խոսքը Արցախի նախկին նախագահի՞ մասին է:

-Խոսքը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին է:

-Նրան տեղյակ չէի՞ ն պահվում բանակցությունների արդյունքների մասին:

-Ոչ: Քանի որ հարցրել եք, պետք է պատասխանեմ. ես նրան ասում էի, որ այսպիսի բան կար, ինքը, այդպես,  ոչինչ չէր պատասխանում, այնուհետև հարցնում էր սրանց և սրանք ասում էին` չկա, և քանի որ Բակո Սահակյանը շատ ազնիվ մարդ է, ինձ ասում էր՝ հարյուր տոկոսով չկա:

-Իր իշխանության  օրոք  Արցախի նախագահը չի՞ իմացել՝ Արցախի հարցով բանակցություն կա՞, թե՞ ոչ:

-Ոչ, չի իմացել: Ոչ միայն չի իմացել, այլ նաև չի հավատացել, որ կա նման բան: Բայց հետո հիշում եք, մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետև միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է: Միգուցե էլի ինչ-որ բաներ են եղել, ու որպեսզի այդ փաստաթուղթը ջրեն և ցույց տան, որ գիտեք, թե մենք ինչպիսի բանակ ունենք, այդ ամենը կազմակերպվեց:

-Ձեր ասածը ստացվում է դավադիր պատերազմ: 

-Ներողություն, կամ գոնե եթե այդ մտքով չի արվել այլ ուղղակի եղել է դիրքային բարելավում և դրա  մասին զինվորականները չեն իմացել, ա՛յ այդ բարելավումը,  կոնֆլիկտը սրանք օգտագործեցին այդ նպատակով: Տեսեք, Դավի՛թ, մենք 1994 թվականից հետո բազմաթիվ դիրքային բարելավումներ ենք ունեցել, հարցրեք այն ժամանակվա բոլոր կորպուսի հրամանատարներին, հարցրեք երրորդ կորպուսի հրամանատարին, չորրորդ կորպուսի հրամանատարին, հարցրեք Սեյրան Օհանյանին, հարցրեք այսօրվա գլխավոր շտաբի պետին, որը այն ժամանակ գնդի հրամանատար, կորպուսի հարմանատար էր: Մենք 2012, թե՞ 2013 թվականին, միգուցե ավելի շուտ կամ միգուցե ավելի ուշ, ունեցել ենք մի դիրքային բարելավում, որ առնվազն 100  քառակուսի   կիլոմետրից ավելի բարելավում ենք ունեցել, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե դու այդպիսի բաները գովազդում ես, դու անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ստիպված ինչ-որ տեղ պետք է պատասխան տար, և Ալիևը մեզանից սովորել էր դա, և երբ որ ինքը 2018 թվականի մայիսին, հունիսին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում,  դրա մասին բարձրաձայն չհայտարարեց: Հասկանում էր, որ կարևորը այն չէ, որ դու հայտարարես և ինչպես ասում է  ժողովուրդը՝ «աչոկ» հավաքես, կարևորը դիրքերդ բարելավելն է:

-Դե մերոնք էլ էին թաքցնում բավականին երկար ժամանակ մինչև գլխավոր շտաբի նախկին պետը չասաց այդ մասին, որ հենց այդ շրջանում մենք զգալի դիրքային կորուստներ ենք ունեցել:

-Բայց դա ե՞րբ եղավ: Երկու տարբերակ կա. կա՛մ դու պետք է աշխատես «աչոկ» հավաքելու վրա, այսինքն՝ լինես պոպուլիստ կամ ծայրահեղ պոպուլիստ, կա՛մ քո նպատակը պետք է լինի աշխատելով մի բան առաջ գցես և որի մասին հայտարարելը վնաս չի տալիս, կարող ես անել: Ես չեմ ասում, որ չպետք է մտածես, թե քո վարկանիշը ինչքան է, բայց քո նպատակը քո վարկանիշը չպետք է լինի, քո նպատակը քո պարտականությունները կատարելը պետք է լինի: Հիմա այս տեսագրությունից հետո ինձ մոտ հարց առաջացավ, Դավի՛թ: Մի կողմից ասում եք, որ կա այսպիսի կարծիք, որ բանակը թալանվել է 20 տարի, սպառազինություններ ձեռք չեն բերվել և այլն, և մյուս կողմից՝ կա այսպիսի տեսագրություն, և այդ տեսագրությունները բազմաթիվ են` սկսած նրանից, որ 2018 թվականից հետո աննախադեպ քանակի սպառազինություններ են իբր ձեռք բերվել, որոնք կա՛մ նոր էին` այսինքն 2019 թվականի, կա՛մ ընդհանրապես չօգտագործված, որը փակում էր 80-ականների զենքերի ամոթալի էջը, ընդհուպ մինչև բանակի գովերգում և այլն: Հիմա ես առաջարկում եմ Ձեզ էլ, և այդ կարծիքը տարածողներին էլ` կողմնորոշվեք, հիմա մեր բանակը եղել է մարտունա՞կ, թե՞  խեղճուկրակ, թալանված:

– 2020 թվականի հուլիսին մարտունակ էր, այո, դիրքային մարտ վարելու համար մարտունակ:

-Այսինքն՝ հուլիսին մարտունակ էր, իսկ սեպտեմբերին դարձավ թալանվա՞ծ:

-Լայնամասշտաբ պատերազմի համար անպատրաստ:

-Բա լայնամասշտաբ պատերազմի համար եթե անպատրաստ էր, բա ինչպե՞ս էր տարածաշրջանային որոշիչ դերակատարություն ունեցել, բա այդ ինչպե՞ս էին ցնցվել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում, բա ինչպես էր հայտարարվում, որ Ադրբեջանը համոզվեց վերջնականապես, որ խնդիրը ռազմական լուծում չունի, բա ի՞նչ է, սահմանային կոնֆլիկտո՞վ էր որոշվելու՝ ռազմական ճանապարհով  լուծվում է, թե չի լուծվում: Հասկանում ես, սուտը պետք է գոնե չափավոր ասվի, եթե ընդհանրապես ճիշտը այն է, որ պետք է բացառվի: Բայց երբ մարդ ամեն օր, ամեն ժամ ստեր է տարածում, ինքն էլ է խճճվում այդ ստերի մեջ, ի վերջո մեկ տրամաբանական բան չի կարող լինել. չի կարող լինել այդպես՝ թալանել են, թալանված է, իսկ թալանի մասին մենք կխոսենք, երևի, իշխանափոխությունից հետո ավելի լուրջ, ինչու եմ ասում, որովհետև բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը և պատերազմից հետո, բայց գայթակղվեմ՝ մի փաստ ասեմ. պատերազմի ժամանակ, շրջանցելով պաշտպանության նախարարությանը, այս կառավարությունը գնումներ է կատարել, անհասկանալի է, թե ինչու են շրջանցել պաշտպանության նախարարությանը, ընդ որում, օրինակ, երկու-երեք անգամ թանկ գներով, քան դա կարելի էր ձեռք բերել:

-Սպառազինության մասի՞ն է խոսքը:

-Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում   ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել:

-Բայց հանրային ընկալումը ձևավորվում էր այդպես, պարո՛ն նախագահ: Վերջին երեք տարում մեզ ասվում էր, որ թիկունքային ապահովման, զինվորների սննդի, հագուկապի և մի շարք այլ  հարցերում` թիկունքի հետ կապված, ո՛չ սպառազինության, ո՛չ մարտունակության, մենք հարցերը լուծել ենք, հետևաբար մեր բանակը լավագույնն է, այո, մեր զինվորը կուշտ է:

-Այդ իրենց է թվում, թե իրենք հարցերը լուծել էին, որովհետև իրենք տեղյակ չէին, թե այդ բանակը ինչպես է կայացել, իրենք տեղյակ չէին, որ այդ բանակի կայացման սկզբնական փուլում այդ բանակը ո՛չ զորանոց ուներ, ո՛չ համազգեստ ուներ, ո՛չ սնունդն էր տեղը, լացս գալիս էր, երբ  Հորադիզում  մեր 18 տարեկան զինվորները կոշիկ չունեին, որովհետև երկրի վիճակն էր այդպես: Տարեցտարի բարելավվել է, և մենք, երբ մինչ բանակ «կլուբնիկ» ներմուծելը, ունեցել ենք զինվորի համար բավարար սնունդ, և թող չշահարկեն, թե ծնողներն ինչու էին տանից ծանրոցներ ուղարկում զինվորներին, դա տասնյակներով ձևավորված դեռևս Սովետական Միության տարիներից տրադիցիա է:

-Հիմա էլ է, ի դեպ, շարունակվում:

-Իհարկե, պետք է շարունակվի, նախ բանակում չեն կարող անհատական մոտեցում ցուցաբերել և զինվորին տալ այն սննդամթերքը, որը ինքը շատ է սիրում:

-Այո, բանակը հյուրանոց չէ:

-Բանակը սանատորիա չէ, երբ որ բանակը փորձում են վերածել սանատորիայի, ունենում ենք ա՛յ այսպիսի արդյունք: Երբ զինվորին ասում են, եթե դու սպայից դժգոհություն ունես անմիջապես գրի վարչապետին, դու դրանով բանակը քանդում ես: Խոսքս անպարկեշտ բաների մասին չէ, խոսքս զինվորի հաշվին, այո այդպիսի բաներ էլ են եղել, հարստացող սպայի մասին չէ, խոսքս ընդհանուրին է վերաբերում: Եվ պատասխանը չուշացավ, չէ՞, Մեղրիում մի ամբողջ զորամասով դասալքեցին, այդպիսի բան չէր եղել մեր բանակի պատմության մեջ:

-Ինչո՞ւ եք հեռու գնում, հեղափոխության օրերին հիշեք, խաղաղապահ կորպուսին…

-Իսկ հիմա ասում են, թե ինչ-որ մեկը փախել է, բա ի՞նչ էիք ուզում, երբ որ վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին՝ «սերմացու գողացող մկներ»: Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է՝ «կռի՞ս» է, ոնց կարել էր վերցնել և երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է, որևէ մեկը դրանցից պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործառույթներ ունի իրական գլխավոր շտաբի պետը, թե ինչպիսի փորձառություն պետք է ունենա, ինչպե՞ս կարելի էր Պաշտպանության բանակի երեք հրամանատար փոխել, Լևոն Մնացականյանը, որ երկու պատերազմի փորձ ուներ, ինչպե՞ս կարելի էր նրան փոխել միայն այն պատճառով, որ ինքը նախկի՞ն էր, այսինքն՝ պրոֆեսիոնալներին փոխել հարմարվողներո՞վ:

Արդյունքը դա էր, ինը պաշտպանական շրջանի հրամանատարներին փոխել էին, ընդ որում որոշ դեպքերում երկու-երեք անգամ: Բոլոր կենտրոնական ենթակայության զորամասերի կարևոր հրամանատարներին, բացառությամբ մեկի, փոխել էին, որ ի՞նչ, ինչի՞  համար, որ մենք այնտեղ դավադրություն չանեի՞նք, ախր մենք ո՞նց կարող էինք այնտեղ դավադրություն անել, ո՞նց կարող էինք մենք մեր հայրենիքի հանդեպ դավադրություն անել, այդ նրանք են դրան ունակ: Մենք մեր անցած ճանապարհով այդպիսի առիթ երբեք չենք տվել, շատ բամբասանքներ են տարածվել, շատ վարկաբեկիչ նյութեր՝ 99 տոկոսով իրականությանը չհամապատասխանող, հետո՞, սա էր նրանց արածը: Այսպիսի հարվածներ հասցրեցին բանակին ու հետո էլ փորձում են բանակի վրա գցել: Մարտի դաշտում բանակն էր, բայց այդ բանակը այլևս չուներ այն հրամանատարները, որ պետք է ունենար, այդ բանակը այլևս չուներ այն ոգին, որ պետք է ունենար: Այդ բանակը, ցավոք սրտի, մնաց միայնակ, ո՛չ մարդավարի լրահամալրում կազմակերպեցին և ո՛չ էլ… ապշելու բան է, մեր բանակի հայաստանյան  հատվածի կեսն էլ չի մասնակցել այդ ռազմական գործողություններից մեկին:

-Կորպուսներից մեկն է ամբողջությամբ մասնակցել:

-Ես տեղյակ եմ, որ տարբեր կորպուսներից էլ են ինչ-որ ստորաբաժանումներ տարել, բայց դա չպետք է լիներ:

-Այսինքն՝ հայաստանյան բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում:

-Այո, հայկական բանակի մեծամասնությունը   փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում: Դուք պատկերացնում էիք՝ մի կողմից ասում էին, թմբկահարում էին, որ Ադրբեջանը ուժեղ է, ավելի մեծաքանակ զորք ունի, իսկ  մեր զորքը ամբողջովին չի մասնակցել, տարօրինա՞կ չէ, հիմա պետք է սկսեն հեքիաթներ պատմել, թե այդ զորքը պետք էր Հայաստանի Հանրապետության սահմանները պահելու համար, ՀՀ սահմանները պահելու մի քանի ձևեր կային:

-Միջազգայնորեն երաշխավորված նաև:

-Մի քանի ձևեր կային: Նախ` մենք մեր դաշնակցի հետ ունենք երեք պայմանագիր, համաձայն որոնց՝ իրենք պարտավոր են մասնակցել մեր անվտանգությանը, ուղղակի մեր անվտանգության ապահովմանը:

-ՀԱՊԿ-ը, Միացյալ զորախումբը:

-Ոչ, ուրեմն զուտ երկկողմ` դրան գումարած ՀԱՊԿ: Ընդ որում, երբ քեզ մի ամիս առաջ առաջարկել էին զորավարժությունների տեսքով, որ ՀՀ-ի վրա հարձակում է լինելու և այլն,  տայիք այդ առաջարկությունները, նույնիսկ տեսականորեն տայիք, ասեիք մեզ համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը շատ կարևոր է, մենք նրա երաշխավորն ենք, մենք մեր զորքը ամբողջովին տանելու ենք այնտեղ, խնդրում ենք մեր անվտանգությունը ապահովել` ձեր դրոշակները տեղադրելով: Մենք դիմե՞լ ենք մեր դաշնակցին, չենք դիմել, չէ՞, այդ հարցով, բայց ուրիշ տարբերակ էլ կար, ինչու՞ պահեստազորայիններին ուղարկել էիք Ղարաբաղ՝ անկանոն, տարբեր տեղեր, կամավորներին ուղարկել էիք այնտեղ, բա ուղարկեիք ՀՀ սահմաններ, այդ կանոնավոր զորքը տանեինք այնտեղ, ինչո՞ւ չեք արել:

-Դուք ՀԱՊԿ-ին կդիմեի՞ք այս իրավիճակում, պարո՛ն նախագահ:

-Այս իրավիճակում ես ինչպես փորձեցի բացատրել, այդպես էլ կվարվեի, նախ՝ առաջին հերթին ես կխոսեի մեր գլխավոր դաշնակցի հետ` ասելով հանդերձ, որ ես կանխատեսում եմ այսպիսի բան, խնդրում եմ, ասեք՝ ինչով կարող եք մեզ օժանդակել, և ելնելով դրանից, իմ խնդրանքները կձևակերպեի: Մամուլում երևաց` ասացին՝ բա եթե դիմեինք, կարող է մերժեին, այսինքն՝ դուք ի՞նչ է, այսպես, տղա-աղջիկ հարաբերություննե՞ր եք մեջտեղ բերում պետական հարաբերություններում՝ ամուսնության առաջարկով գնաս, կմերժեին, քեզ համար դա վիրավորական է:

– Հիմնական հակադարձումն այն էր, որ ՀԱՊԿ-ի իրավազորությունը չի տարածվում Արցախի վրա:

-Բայց մինչև ՀԱՊԿ, մենք ունեինք դաշնակից, ինչո՞ւ մեր դաշնակցին չենք դիմել, բա եթե մենք ՀԱՊԿ-ին համարում ենք մեր անվտանգությունն ապահովող բաղկացուցչ մաս, բա ինչո՞ւ էինք ՀԱՊԿ-ի նկատմամբ այդպես վարվում: Լավ, դա էլ գլխներին տված, բա երբ զորավարժության ժամանակ քեզ համարյա թե հասկացնում են, որ լսիր, այսպիսի վտանգ կա, բա դու ինչո՞ւ չես քո առաջարկություններն  անում: Այո, ՀԱՊԿ-ը Ղարաբաղի համար պատասխանատու չէ, բայց Հայաստանի համար պատասխանատու է, թող խնդրեին Հայաստանի անվտանգությունն ապահովեր:

-Իսկ մեր զորքը զբաղվեր Արցախով:

-Իհարկե, ես որևէ մտադրություն չունեմ թերագնահատելու կամավորականներին, ընդհակառակը, հայտնի պատճառներով ես իրենց շատ հարգալից եմ վերաբերվում, բայց  ո՞րն ավելի արդյունավետ կլիներ՝ այդ կամավորականները գնային ՀՀ սահմանները պահեի՞ն, թե՞ գնային Ղարաբաղ, ինչպես ասում են` չգիտեմ ուր, ինչ զորամասի կազմում: Նույն պահեստազորայինները, հարցնում եմ` ինչո՞ւ նախ բավարար քանակով չուղարկեցիք, ինչո՞ւ չհամալրեցիք ՀՀ սահմանները պաշտպանող զորամասերին, իսկ զորամասի բուն անձնակազմը, ովքեր պատրաստվել էին պատերազմի համար, համենայն դեպս այդպես պետք է լիներ: Գիտեք պատասխանը որն է, ուժեղ բռնվեք. բա ժողովուրդը չթողեց, ժողովուրդը դուրս եկավ և չթողեց զորքը տանենք:

-Այո, զորամասերի մուտքերը փակեցին, կա՞ այդպիսի պնդում:

-Բա մենք հազարավոր ռազմական ոստիկաններ ունենք, բա այդ ոնց է, երբ ժողովուրդը դուրս է գալիս, ոստիկանությունը գնում է ջարդելով, ինչպես Իջևանում և այլ դեպքերում, կարգուկանոն է հաստատում, բա ռազմական դրությունը ինչի՞ ես մտցրել, եթե մի քանի հոգի պետք է դուրս գային և ասեին՝ զորքը չենք թողնում տանեք: Բա հոխորտում էր չէ՞, չեմ ուզում նմանակել, թեև մեծ ցանկություն կա, հոխորտում էր չէ՞, որ իմացեք, ես փայլուն գիտեմ գերագույն հրամանատարի պարտականությունները:

-Բայց պատերազմից հետո  ասում էր` վարչապետը հո մարտ չի՞ ղեկավարել:

-Դե գիտես, ասել միշտ էլ կարելի է, բայց իրականության մեջ ինքը գերագույն հրամանատար չէր:

-Հայաստանը պատերազմ չէր հայտարարել:

-Այո, բայց այդ չհայտարարված պատերազմում ինքը այդ դերակատարությունն էր տանում, գոնե հրապարակավ կուրծք չպետք է ծեծեր և ասեր, որ ինքը այդ բոլոր բաները փայլուն գիտի:

-Հիմա հրամանատարական ուղղահայացի մասին, սա շատ կարևոր դրվագ է, պարո՛ն նախագահ, պաշտպանության պաշտոնաթող եղած…

-Ես հասկանում եմ ինչպիսի հարց եք ուզում տալ:

-Պատասխանատուների մեղքի չափը եկեք գծենք:

-Ես ուզում եմ հետևյալը ասել.  այդ ուղղահայացի ոչ արդյունավետ լինելը և այլն, դրանք հեքիաթներ են, դրանք մարդկանց կարծիքներ են, որոնք լավ չեն տիրապետում ոչ միայն մեր Սահմանադրությանը, այլ նաև օրենքներին, մեր պաշտպանության մասին օրենքում շատ հստակ գրված է, որ այդ ուղղահայացը պետք է գործի, իսկ թե ինչու պաշտոնատար անձինք չկարողացան այդ ուղղահայացը ձևավորել այնպես, ինչպես պարտավոր են, ապա ո՞վ է մեղավորը: Երևի, ոչ մենք, էլի ուզում են մեր «ջեբը» գցեն, էլի ուզում են ասեն, որ հստակ չի:

-Որը ձեր գրած Սահմանադրությունն է:

-Այդ Սահմանադրության մասին խոսողները թող իրենց նեղություն տան, ոչ թե մի անգամ ընթերցելու և անցնելու, այլ էությունը հասկանալու համար, բայց, քանի որ առիթ է, մի բան ես կրկնեմ. գերագույն հրամանատարը շատ կարևոր ֆունկցիաներ ունի, բայց ունի երկու կարևորագույն ֆունկցիա, երբեք գերագույն հրամանատարը չի նստում այսպես քարտեզի կողքը կամ կանգնում և տքնելով  մտածում ու ասում` ա՛յ այս գունդը այստեղ պետք է գնա, այս դիվիզիան՝ այստեղ, այս հրետանին` այստեղ:

-Մարտավարություն չի մշակում:

-Դա իր գործը չէ բնավ, և նույնիսկ եթե ինքը քաջածանոթ լինի էդ իրավիճակին, ինքը իրավունք չունի դա անելու, որովհետև դրանով իսկ դու խոչընդոտում ես կոնկրետ հրամանատարին՝ իրականացնելու իր մտահաղացումները, միևնույն ժամանակ, երևի, ինչ-որ չափով թուլացնում ես իր պատասխանատվությունը: Գերագույն հրամանատարը պարտավոր է մոբիլիզացնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այն է` կանգնեցնելու հակառակորդին, կամ ջախջախելու հակառակորդին, կամ գոնե նվազագույնը արժանի դիմադրություն ցույց տալու: Սա առաջին կարևորագույն պարտականություն է: Բայց երբ մենք ինչ-որ պատճառներ ենք բռնում, բա էսինչ պատճառով չկարողացանք լրահամալրում անել, էսինչ պատճառով չկարողացանք զորք ուղարկել, նորից փորձեցինք վերադառնալ  ջոկատներին, որոնցից դեռևս 90-ական թվականներին էինք այսպես ասած՝ ազատվել, դա նշանակում է`դու պետք է լռես:  Գերագույն հրամանատարի երկրորդ կարևորագույն ֆունկցիան այն է, որ նա պարտավոր է  տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ  գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է  հայտնում,  դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել: Այսինքն, եթե բոլոր տեղերից այդպիսի զեկույց է գալիս, և դու հասկանում ես, որ ի վիճակի չես արժանապատվորեն շարունակել ռազմական գործողությունները, դու պարտավոր ես ուղղակի բոլոր ջանքերը գործադրելու, որպեսզի կանգնեցնես այդ ռազմական գործողությունները` հետևանքների մասին երբեք չմտածելով, թե դա անձնական վարկանիշի վրա ոնց կազդի և այլն,  նվազագույնը գոնե պետք է դիմես քո դաշնակիցներին` ասես խնդրում եմ, պատերազմը կանգնեցրեք: Հիշո՞ւմ եք, ոնց էր կապիտուլյանտը արդարանում, երբ ասում էին՝ բա ինչո՞ւ Ջաբրայիլից հետո պատերազմը չկանգնեցրիք, ասում է՝ կանգնեցնեի, որ ասեին դավաճա՞ն է: Այսինքն՝ որպեսզի իրեն չասեին դավաճան, ինքը պատրաստ էր հազարավոր մարդկանց զոհելու, հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելու, այսինքն, սա ինչ վերաբերմունք է, այս ամենը պետք է մնա անպատի՞ժ, մեր ժողովուրդը այդպե՞ս է մտածում: Սրանք հարցեր են, որ բազմաթիվ անգամներ հնչել են և հնչելու են:

-Պարո՛ն նախագահ, հրամանատարական ուղղահայացը կամ կառավարման անհստակությունները ինչպե՞ս էր ձևակերպվում, տեսեք մի քանի հիմնական պերսոնաժի թվարկեցինք`վարչապետ, որը գերագույն հրամանատար էր համարվում, մինչդեռ պատերազմ հայտարարված չէր, պաշտպանության նախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Արցախի նախագահ և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գոնե հիմնական պատասխանատուների անունները թվեցի, Դուք հիմա կարող եք ասել նրանցից յուրաքանչյուրի մեղքի չափը, որովհետև տեսեք, ասում եք զինված ուժերի գլխավոր շտաբի պետը,   պաշտպանության նախարարը չորրորդ օրը զեկուցել են, այսինքն՝ իրենք իրենց գործը արել են ու վե՞րջ, թե՞ իրենք ունեն իրենց մեղքի բաժինը:

-Ես որևէ ցանկություն չունեմ ինձ վրա վերցնել դատավորի դերակատարություն, ոչ թե դրանից ես, կոպիտ ասած, վախենում եմ, այլ ուղղակի ճիշտ չեմ համարում գնահատականներ տալը յուրաքանչյուրին հատկապես մեղքերի բաժնում, որովհետև դրա համար անհրաժեշտ է հետաքննություն: Մի բան կարող եմ ասել, որ ակնհայտորեն գերագույն  հրամանատարի դերակատարությունը ուղղակի ձախողված է, փոքր օրինակներից սկսած` մեծով ավարտած: Ես մեծերի մասին ասացի: Մի  փոքր օրինակ էլ ասեմ: Ինչպես հայտարարվեց, գերագույն հրամանատար ասվածը միայն պատերազմի հինգերորդ օրն է զանգահարել պաշտպանության բանակի հրամանատարին, պատկերացնո՞ւմ եք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքնաթիռից անմիջապես  կապվել եմ նաև պաշտպանության բանակի հրամանատարի հետ` ոչ թե որպեսզի ղեկավար ցուցումներ տամ, այլ որպեսզի մարդուն ոգևորեմ, որպեսզի  ասեմ, որ ես ամբողջ հնարավորություններով քեզ սատարում եմ, ինչպե՞ս կարելի է, հատկապես այդպիսի ծանր կորուստներ ունենալուց հետո, ո՞նց կարելի է  այդպես վարվել: Առաջին հայացքից կարող է թվալ՝ դա մանր բան է, բա այդ դեպքում ո՞նց ես ճշտել, թե ինչպես պետք է շարունակվի: Ես Օնիկ Գասպարյանին չեմ արդարացնում, անկեղծ եմ ասում, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր պատասխանատուն է: Ասեմ նաև, որ ես չեմ պաշտպանում Օնիկ Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը ներգրավված լինեն ենթադրյալ ինչ-որ դավադիր գործողությունների մեջ, բայց որպեսզի նրանք կարողանային իրենց ասածին հետամուտ լինեն, հստակ կանգնեին, նրանք առնվազն պետք է ունենային արդեն բավականաչափ փորձառություն, որը նրանց հնարավորություն կտար ասելու՝ վերջ, ես չենթարկվելու կոչ չեմ անում…

-Կառավարումը վերցնում ենք մեր ձե՞ռքը:

-Ոչ, խոսքը, կառավարումը ձեռքը վերցնելու մասին չէ, խոսքը հետևյալի մասին է, որ եթե դու համոզված ես՝ որ որպես հրամանատար այլևս ի վիճակի չես շարունակելու մարտական գործողությունները այնպես, ինչպես դու ես ցանկանում կամ ինչպես դու պարտավոր ես և ունենալու ես անդառնալի կորուստներ, եթե ուրիշ բան չլինի, չեմ ասում հրաժարական տա, բայց գոնե ինչ-որ չափով պետք է հրապարակայնացվի դա: Միշտ էլ կարելի է ասել` ասաց, արեցի, բայց քո պարտականությունը մենակ անելը չէ: Նույնիսկ այդքան փոփոխություններից հետո գրագետ սպաներ էին մնացել, լավ ճանապարհ անցած, այդ մարդկանց կարծիքն էր պետք հաշվի առնել: Ախր, դա «դմփ-դմփ-հու» չէ, կամ փողոցում խորոված անելը չէ, դու պետք է կարողանաս, այդ մարդիկ պետք է հասկանան, պետք է քեզ հավատան: Պետք է քեզ հասկանան, որ դու հանիրավի իրենց չես մեղադրելու, մեղքը իրենց վրա չես բարդելու, բա գերագույն հրամանատար ինչո՞ւ են ասում, թիվ մեկ պատասխանատուն է, թիվ մեկ մեղավորը կամ թիվ մեկ հաղթողը:  Իսկ այս բառախաղերը` թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր, բա էդ պատասխանատվությունը ինչպե՞ս է դրսևորվում, ինչպե՞ս: Ասես՝ ես եմ պատասխանատու, բայց ես այնքան էլ մեղավո՞ր չեմ: Մեքենայի վարորդը՝ վարելու պատասխանատուն ես եմ, բայց վթար արեցի, ես չեմ մեղավո՞ր:

-Պարո՛ն նախագահ, քիչ առաջ, երբ խոսում էինք 80-ականների զենքերից, քանի որ խոսեցիք հիմա պատասխանատվության և մեղավորության մասին, իշխող խմբակցության թեզերից մեկն այն է, որ, այո, հիմնական պատասխանատուն իրենք են, բայց հիմնական մեղավորը  չեն և, այո, քանի որ մեր  սպառազինության մեծագույն մասը գնվել է Ձեր օրոք, և դա եղել է 80-ականների զենք, և քանի որ խոսում ենք 80-ականների զենքից, ես պետք է մեջբերեմ Ձեր օգոստոսյան ասուլիսից մի հատված` կապված 80-ականների զենքի նպատակային նշանակության հետ և շարունակենք…

«Այդ հայտարարությունը հնչել է քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016 թվականին Գերմանիան  նախագահում էր ԵԱՀԿ-ում։ Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ՝ անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը․ դա շատ պարզ բան էր։ Բայց ուզում եմ ավելացնել՝ կապված 80-ականների զենք հասկացողության հետ։ Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե կա՞ այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80 -ականների զենք։ Եթե կգտնենք այդպիսի բանակ, ամենաժամանակակից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում»:  80-ականների զենքը կարո՞ղ է հաղթել հինգերորդ սերնդի պատերազմում:

-Նախ ես կխնդրեմ, որպեսզի այս տեսագրությանը զուգահեռ նաև լսարանին ցույց տաք այն տեսագրությունը, որի մեջ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, հայտնի Արծրուն Հովհաննիսյանը ինչպիսի լավ խոսքեր է ասում 80-ականների զենքերի մասին, և ընդհանարապես ի՞նչ է նշանակում 80-ականների զենք, սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ պետք չէ չափազանցնել իրադարձությունները և խոսել հինգերորդ սերնդի պատերազմի մասին, դա լուրջ խոսակցություն չէ: Աստված մի արասցե, երբ կլինի հինգերորդ սերնդի պատերազմ, այն ժամանակ կտեսնեք 80-ականների զենք օգտագործո՞ւմ են, թե՞ չէ: Վերջը այդ մարդիկ, որ այդպես բարձր բաներից են խոսում, ի՞նչ են կարծում, օրինակ, 60-ականներին, 70-ականներին ստեղծված միջուկային հրթիռները լիցքերով ոչնչացվե՞լ են ամբողջովին, կամ այլևս B-52 ինքնաթիռներ չկա՞ն,  F16-եր չկա՞ն, ի՞նչ ապուշություն է, տարրական մի բան է, չէ՞, որ պետք է հասկանալ: Հինգերորդ սերնդի պատերազմ. Հայաստանն ու Ադրբեջանն էլ «ունակ» են հինգերորդ սերնդի պատերազմի, այդ մեծախոսությունը մեր տունը քանդեց, առավելապաշտության հետ միասին այդ մեծախոսությունը, այդ անհասկանալի հանցագործության հասնող անպատասխանատվությունը: Ախր, այդ մարդիկ պատասխանատու  են մեր քաղաքացիների անվտանգության համար, ինչպես են մատների արանքով նայում այս հարցերին: Չի կարելի, մեզնից յուրաքանչյուրի աշխատանքում բազմաթիվ թերություններ են եղել, բայց արդյո՞ք մենք ունեցել ենք այդպիսի անպատասխանատու մոտեցում, վստահաբար չենք ունեցել, խոսքս բոլորի մասին չէ, բայց գոնե առանցքային պաշտոններ զբաղեցնողների մասին է: Ախր ղեկավարի կարևորագույն հատկություններից մեկը պատասխանատվության բարձր գիտակցումն է, որ քեզ ընտրել են կամ նշանակել են այս բարձր պաշտոնին, դու պետք է շատ պատասխանատու մոտեցում ցուցաբերես, չեմ ասում այնքան դանդաղկոտությամբ՝ յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի, չէ, ախր դու քո շուրջը պետք է ունենաս մասնագետներ, դու պետք է կարողանաս պատասխանատվության մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ կարողանան ազատորեն իրենց կարծիքը արտահայտել,  որից հետո որպեսզի դու կարողանաս որոշում կայացնել: Բա չէ` ես ամեն ինչ գիտեմ, ես այսպես եմ համարում, ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ:  Այսպիսի մոտեցումը անթույլատրելի է, ո՞նց կարելի է Ղարաբաղի բանակցության պատմությունը լսել Ալիևից, ո՞նց կարելի է քո թշնամուն ավելին վստահել, քան քո քաղաքական հակառակորդին, արդյոք դա թույլատրելի՞ բան է: Նալբանդյան Էդիկին, որ այդ գործի վարպետն է, լսել են  15 րոպե:

-Իր պաշտոնաթողությունից հետո:

-Այո, այսինքն՝ 30 տարվա բանակցային պատմությունը լսել են 15 րոպեում:

-Լավ, Դուք քաղաքական հակառակորդ էիք, ինքը սկզբունքային պատճառներով չէր ընդունում Ձեզ, բայց արտգործնախարարությունը հո  համակարգ է: Զոհրաբ Մնացականյանը եղել է Էդվարդ Նալբանդյանի տեղակալը, իրենք չունե՞ն այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, որ դա էլ են փորձել կտրել:

-Բայց ինստիտուցիոնալ հիշողությունը ձևավորվում է նաև փաստաթղթերով, որպեսզի դու կարողանաս այդ փաստաթուղթը յուրացնել, դու պետք է այդ թեմայից տեղյակ լինես, որովհետև այդ փաստաթղթի ամեն մի բառ, ամեն ստորակետ էական նշանակություն ունի. իսկ բանակցային պրոցեսը այնպիսին չէ, որ շատ լայն շրջանակ  կարողանաս ներառել, բայց բոլոր փաստաթղթերը մեր արտաքին գործերի նախարարությունում կային, բայց եթե դու տեղյակ չես, ապա նաև այդ էվոլյուցիան դժվարությամբ կարող ես հասկանալ: Եթե դու մտածում ես բանակցային գործընթացում կարևորը ինչ տալ-չտալն է, քո ուշադրությունը այդտեղ կլինի և ոչ թե՝ ինչ ես ստանում:

-Պարո՛ն նախագահ, գործող իշխանությունը շատ է խոսում նախկինների ռևանշի մասին՝ նաև Ձեզ նկատի ունենալով: Ձեր ղեկավարած  կուսակցությունը ակտիվորեն գործում է արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում, բայց Դուք չեք երևում հանրային ասպարեզում, հարթակներում տևական լռությունից հետո սա ձեր առաջին մեծ հարցազրույցն է: Դուք ունեք անձնական ծրագրեր` կապված պետության ապագայի հետ, միգուցե  ունե՞ք ցանկություն  վերադառնալու  մեծ քաղաքականություն ինչպես,  օրինակ, երկրորդ նախագահը: Ի՞նչ ծրագրեր  ունեք:

-Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ: Ես հասկանում եմ հարցի իմաստը և հստակ ասում եմ` ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խոսակցության, այլ հարցազրույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կա՝  որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի:

-Որևէ պարագայո՞ւմ:

-Որևէ պարագայում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում , որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու է՛լ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն,  մենք ակտիվորեն մասնակցելու ենք:

-Իրենք հրաժարվել են ընտրությունների գաղափարից, ինչպես տեսնում ենք:

-Դե, ես չունեմ այն՝ միամտությունն ասեմ, ազնվությունն ասեմ, որ հավատամ սա վերջնական որոշում է: Քանի՞ անգամ է եղել՝մեկ այս են ասել, մեկ այն են ասել:

-Սա վերջնական որոշում չէ՞:

-Իհարկե, վերջնական որոշում չէ. եթե մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ի՞նչ արժե  սուտ ասել, կամ էլ կեղծել ընտրություններ: Ընտրությունն ավելի կարևոր չէ, քան պատերազմը:

-Ինչո՞ւ, Սասուն Միքայելյանը ասում էր, որ Արցախյան ազատամարտը պակաս կարևոր է քան հեղափոխության հաղթանակը:

-Դե, ասում էին, դա իրենց կարծիքն է: Իմ կարծիքը մի քիչ ուրիշ է, դրա համար և ոչ միայն դրա համար, մենք հրաժարվեցինք:

-Նրա կազմակերպած ընտրություններին չէի՞ք պա տրաստվում մասնակցել:

-Այո, բայց դա որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես պասիվության նշան, մենք ակտիվ ենք լինելու: Բայց   կրկնում եմ՝ այլևս չեմ լինելու որևէ ղեկավար պաշտոնում:

-Պարո՛ն նախագահ, պետք է ամփոփենք ապագայի պատկերով, մենք շատ ծանր ժամանակահատված ենք ապրում, համընդհանուր բարոյալքում  է և սարսափելի ծանր հարված ենք ստացել բացի ամեն ինչից, բացի մնացած բոլոր կորուստներից, ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Արցախի ապագան և Հայաստանի ապագան:

-Ես կարծում եմ, որ առաջին բանը, որ պետք է անենք՝ Արցախի և Հայաստանի  բաժանում չպետք է անենք, մենք չենք կարող ունենալ Արցախի վատ ապագա ու մտածել, թե Հայաստանում կարող ենք ունենալ լավ ապագա: Անկախ նրանից, թե ինչպիսի ողբերգության առաջ մեզ կանգնեցրեցին այս կապիտուլյանտները, մենք պետք է մեզնից վանենք հուսահատությունը: Անկասկած շատ ծանր վիճակում ենք, անկասկած տեղի է ունեցել աներևակայելին, բայց մյուս կողմից էլ մենք ուղղակի պարտավոր ենք առանց վախենալու վերլուծել իրականությունը և նայել ճշմարտության աչքերին: Մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ ավելի ծանր վիճակներում, բայց գտնվել են անհատներ, գտնվել են համախոհներ, գտնվել են կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, ովքեր կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել,և մենք կարողացել ենք ազգովի հառնել ավերակներից: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ սերունդը կարողացավ կյանքի-մահու կռիվ տալ և հաղթել:  Հեշտ չէր, և նույնիսկ այն պահերին, երբ թվում էր թե ամեն ինչ վերջացած էր, երբեք մենք մեղավորներ չէինք փնտրում, բայց կարողանում էինք գնահատել և պատասխանատվության կանչել մարդկանց, ովքեր իրենց գործը լավ չէին անում: Ի վերջո, 30 տարի մենք հաղթած ժողովուրդ էինք, և աշխարհը մեզ ընդունում էր որպես այդպիսին, մենք հնարավորություն էինք տվել մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Հայաստանից հեռու՝ լինեն հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ, հնարավորություն էինք տվել, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել այդ հաղթած ժողովրդին: Ես ինչու եմ նաև այս ասպեկտի վրա ուշադրություն դարձնում, քանի որ շատերը խոսում են արտագաղթի մասին:Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ: Բոլորը պետք է հասկանան, որ լքելով Հայաստանը, որտեղ էլ հայտնվեն, միգուցե նրանց կենցաղային պայմանները կլինեն ավելի լավը, գուցե իրենց երեխաները  կսովորեն ավելի լավ դպրոցներում, բայց նրանք լինելու են պարտված ժողովրդի ներկայացուցիչներ և ուզեն, թե չուզեն՝  չեն կարողանալու գլուխները բարձրացնել: Պետք է մնալ Հայաստանում և գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում, բոլորս՝ մեծ ու փոքր, պետք է լծվենք դժվար աշխատանքի, պետք է գիտակցենք, որ կարճ ժամանակում ամեն ինչ չենք կարողանալու վերականգնել, բայց այս գիտակցումով և այսպիսի մոտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը: Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է:Եվ պետք է գան իմ ասած ունակություններով օժտված անհատներ, որպեսզի կարողանան առաջնորդել մեր ժողովրդին, հակառակ պարագայում՝ մենք կորցնելու ենք մեր պետությունը և որպես ժողովուրդ դադարելու ենք գոյություն ունենալուց: Իհարկե, այս վերջին հանգամանքը ես քիչ հավանական եմ համարում, բայց եթե ամեն օր մենք այսքան բանից հետո էլի ինչ-որ բաներ պետք է զիջենք, պետք է ամեն անգամ ստորաքարշություն անենք, ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, ո՞ւմ է պետք է այդպիսի ժողովուրդը:  Մի բան պետք է հստակ հիշենք՝ օգնում են նրանց, ովքեր ուզում են դեպի լավը տանել իրենց կյանքը կամ պետությունը. մուրացկաններին խղճում են, մենք երբեք մուրացկան չենք եղել և չպետք է լինենք, պետք է կարողանանք ապահովել մեր անվտանգությունը և կարողանանք բարելավել մեր սոցիալական վիճակը:

-Ես շնորհակալ եմ այս հնարավորության և հարցերիս պատասխանելու համար, ամենայն բարիք Ձեզ:

-Ես էլ եմ շնորհակալ այս հնարավորության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728