Երեկ Գյումրիում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դերասան Գնել Սարգսյանը իր ելույթում հայտարարեց․ «Ես համարում եմ՝ մենք էս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել: Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթելու՝ մեր միասնականության շնորհիվ՝ մեր հավատքով, մեր արած արժեքների, որոնք որ այսօր ամեն օր փորձում են տրորել, փորձում են արժեզրկել, փորձում են հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ։
Այսօր շատ են հնչում խոսքեր, որ մեր ժողովուրդը պետք է լինի միասնական. դիմում եմ նման բաներ ասողներին՝ չգիտեմ հարգելիներս, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է»։
Գյումրեցի ընդդիմադիր Կարապետ Պողոսյանն, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով դերասանի խոսքերն, ասաց․ «Այո՛, Գնել Սարգսյանը շատ անկեղծ էր, շատ ճիշտ էր ասում, որովհետև իրենք հաղթել են։ Որպես ադրբեջանական կուսակցության ներկայացուցիչ, որպես կապիտուլյանտ անձի գլխավորած կուսակցության ներկայացուցիչ, բնականաբար, համարում են, որ հայ ժողովրդի նկատմամբ տարել են հաղթանակ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ