Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «ՍՈՒ-30-ը մի անգամ թռավ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, այն էլ առանց սպառազինության»

Փետրվար 16,2021 22:25

«Ալիեւը միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ։ Մենք հաղթել ենք 90- ականներին Ալիեւի հորը, 2016-ին Ալիեւը պարտվել է ինձ, Ալիեւն ինձ պարտվել է ամբողջ բանակցային պրոցեսում։ 2008-2018 թվականներին,եւ նրա մեջ, վստահ եմ, ձեւավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու։ Ալիեւը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չի, նա գիտի, թե ով է հաղթել, նա գիտի այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել»,-այսօր «Արմնյուզի» եթերում 2-րդ (հարցազրույցի 1-ին մասը՝ ) հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հիշեցմանը, թե Ալիեւը հայտարարել է, որ նա հաղթել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած բանակին։

Պարոն Սարգսյանն ասաց՝ Ալիեւը չի հաղթել Հայկական բանակին, Ալիեւը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիեւը հաղթել է ՀՀ ապիկար իշխանություններին եւ կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը եւ ո՛չ էլ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով հանդերձ ու նաեւ թիմից գաղտնի․ «Ալիեւը ինչ-որ առումով ճիշտ է։ Հայկական բանակի ստեղծման գործում ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը ե՛ւ ես, եւ բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ եւ սպաներ մեծ դերակատարում են ունեցել։ Կապիտուլյանտը ի՞նչ դերակատարում է ունեցել, մի օր էլ չի ծառայել բանակում։ Այդ առումով գուցե Ալիեւը ճիշտ է։ Ալիեւի տրամաբանությամբ հաղթել են Մութալիբովն ու Էլչիբեյը։ Անտրամաբանական է Ալիեւի ասածը»։

Անդրադառնալով զինված ուժերի սպառազինությանն, պարոն Սարգսյանն ասաց․«Ես հերքում եմ այն տխմար թեզը, թե մեր բանակը մինչեւ 2018-ը մարտունակ չէր, սպառազինություն չուներ։ Եթե բանակ չունեինք, բա ինչպե՞ս եղավ, որ ապրիլյանի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի, բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչինչ չունեինք, ինչո՞ւ մինչեւ 2016 թվականը Ադրբեջանը դա չէր անում»։

Նախագահն ասաց, որ մենք երբեք Ադրբեջանից շատ եւ Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել, ոչ 90-ականներին, ոչ 2016-ին, եւ ոչ էլ 2020-ին, առաջին եւ երկրորդ պատերազմում դա չի խանգարել, որ մենք հաղթենք, որովհետեւ խնդրով զբաղվել են նվիրված եւ գիտակ մարդիկ։

Սերժ Սարգսյանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո հետաքննություն է անցկացվել պարզելու՝ խնդիրներն ու դասեր քաղելու, սպառազինման կարիքները պարզելու․ «Մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ է կազմվել, մեկը՝ զինված ուժերի զարգացման պլանն էր՝ բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պիտի անենք, ինչ փոփոխություններ պիտի մտցնենք զինված ուժերում եւ ինչ տեսակի մասին է խոսքը, ո՞ր զինատեսակները պետք է զարգացնենք եւ ի՞նչ էինք ստանալու արդյունքում։ Այս փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ձեռքբերման պլան, եւ դրա համար նախատեսված էր 1,3 դոլար։ Աղբյուրներն էլ կային՝ հարյուր միլիոնն ամեն տարի վարկային միջոցներից էր, հարյուրն էլ՝ բյուջետային այլ միջոցներից։ 2018-2020 թվականների համար նախատեսված էր այդ միջոցներից կեսից ավելին հինգ հարյուր միլիոնից ավելին նախատեսված էր ավիացիայի, հակաօդային պաշտպանության, եւ ԱԹՍ-ների կատարելագործման եւ ձեռքբերման համար։ Մի թիվ ասեմ՝ նախատեսված էր մինչեւ 2024 թվականը ձեռք բերել 2500 ԱԹՍ՝ ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից։ Նպատակահարմար չէ ասել, թե որ երկրներից։ Մի օր, եթե նպատակահարմար լինի՝ կասեմ»։

3-րդ նախագահն ասաց, որ իշխանափոխությունից հետո այդ գործարքները չիրականացրեցին, երկու տարվա համար նախատեսված էր ձեռք բերել հազարից ավելի ԱԹՍ, ընդ որում, ԱԹՍ-ները ե՛ւ հարվածային էին, ե՛ւ հետախուզական էին, եւ կախված արժեքից՝ 150 կմ շառավղով գործելու ունակ, եւ մինչեւ 5 կմ շառավղով գործելու ունակ։ Փոխեցին ամբողջ ծրագիրը։ Տեղյակ չեմ՝ ինչ փոփոխություններ են մտցրել, որովհետեւ ТОР-երը, որ նախատեսված էր երեք խմբաքանակ, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը, այն էլ մեր ստորագրած պայմանագրով»։

Պարոն նախագահն ասաց, որ սպառազինություն ձեռք բերելն էլ արվեստ է, ոչ թե PR․ «Որ տեսեք՝ նախկիները Իսկանդեր են ձեռք բերել, մենք ՍՈՒ-30 ենք ձեռք բերում։ Քանի՞ անգամ թռան այդ ՍՈՒ-երը։ Այո մի անգամ թռավ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, էն էլ այնպիսի ապաշնորհ ձեւով, որ ստիպված եմ եղել գործընկերներից մեկին խնդրել, որ զանգի ՊՆ ու ասի՝ այդ հիմարությունը մի արեք։ Մենք տեսնում էինք, որ այդ ինքնաթիռն առանց սպառազինության է թռնում։ Ես ինքնաթիռի սպառազինությունը չեմ տեսել, բայց դա զինվորականներն էլ ասացին, հետո սկսեցին ասել, թե՝ դա շատ բարդ բան է եւ այդ բարդ բանն օգտագործելու համար տեւական ժամանակ է պետք եւ այլն։ Բա գնելուց դա չէի՞ք հասկանում։ Ես տեղեկատվություն չունեցա՝ մենք օգտագործե՞լ ենք ԱԹՍ-ները, թե՝ ոչ, արդյոք արդյունավետ ենք օգտագործել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728