Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքը բազմաթիվ քննադատությունների արժանացավ․ մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ հանրահավաքի համար օգտագործվել է վարչական ռեսուրս, մասնակիցների մեծ մասը եղել են ոչ թե գյումրեցիներ, այլ բերվել են մայրաքաղաքից, Շիրակի մարզի տարբեր գյուղերից։
Հանրահավաքի կազմակերպիչ, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քննադատություններին, ասաց․ «Հանրահավաքին որևէ կուսակցական, քաղաքական գործիչ, որևէ պատգամավոր չի մասնակցել, ես ի սկզբանե հայտարարել էի՝ միայն ժողովուրդ։
Ես ինքս թույլ չեմ տվել, որ նույնիսկ պատգամավորներ մասնակցեն, անուններ չհնչեցնեմ, բայց պատգամավորներից կային մարդիկ, որոնք ցանկություն ունեին մասնակցելու։ Ու որևէ քաղաքական գործիչ այդ օրը գոյություն չի ունեցել՝ հատուկ, միտումնավոր, իմ կարգադրությամբ, որպեսզի իրական ժողովրդական քայլը երևա։
Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, թե մարզպետարանի աշխատակիցներին են պարտադրել, որ գային, մասնակցեին հանրահավաքի, բացարձակապես նման բան գոյություն չունի, նախ մենք ո՞վ էինք, որ պարտադրեինք։ Մենք լծակ ունե՞նք, որ պարտադրենք։
Կարդացեք նաև
Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց են էդպես վառված, նրանից, որ ժողովուրդը շատ է եղե՞լ։ Նախ՝ մենք լծակներ չունենք, մարզպետարանի ողջ անձնակազմին ճանաչում եմ, բայց մարզպետարանից մի հոգի չկար»։
Մեր դիտարկմանը, թե պատգամավորները չե՞ն օգնել ձեզ, որ մասսա հավաքեք, Արտյոմ Թումանյանն ասաց․ «Եթե նման տեղեկատվություն են տարածում, թող բարի լինեն գրեն անուններն այդ պատգամավորների և պատասխան տան իրենց ասածի համար։ Թող հարցում ուղարկեն պատգամավորներին, տեսնեն՝ կա՞ նման բան, կամ որևէ պատգամավոր կարո՞ղ է հաստատել, որ ես՝ որպես առաջնորդ, իրենց նման խնդրանքով դիմել եմ։ Ես ինքս ցանկություն չեմ ունեցել, որ որևէ պատգամավոր ներկա գտնվի»։
Այն քննադատությանն էլ, որ հանրահավաքին շուրջ 200 մարդ է մասնակցել, այն էլ դրսերից, Արտյոմ Թումանյանն ասաց․ «3000 մարդ է մասնակցել, եթե իրենք ասում են 200 հոգի, խնդրում եմ հստակ մեթոդներով, միջոցներով ցույց տան այդ չափը, թե ո՞նց են հաշվել ու էդ թիվը ստացել ,ու առհասարակ չափման միավորը ո՞րն է եղել իրենց համար»։
Իսկ թե ինչպե՞ս կբացատրի Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանի ու նրա անձնակազմի մասնակցությունը, մեր զրուցակիցն ասաց․ «Սուրեն Թորոսյանին չեմ ճանաչել մինչև երեկ։ Ինքը, իմ կոչը նայելով, եկել է, մենք նույնիսկ Երևանից, Վանաձորից մասնակիցներ ունեինք, որոնք հետևելով իմ կոչին՝ եկել են։ Սուրեն Թորոսյանն ակտիվ քննադատում է նախորդներին, կարող են իր ֆեյսբուքյան էջը մտնել ու տեսնել, նա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, ունի մեծ թիմ Արգածավան համայնքում։ Նա քննադատել է շատերին, կարող են մտնել իր դիրքորոշումը տեսնել, լսել է իմ կոչը, հայտարարությունը, եկել, մասնակցել է հանրահավաքին, որ իրավունքը ունեցել են բոլորը։
Իմ համար դիմություն, ընդդիմություն չկա, իմ համար սևեր-սպիտակներ չկան, բոլոր քաղաքացիները իմ համար հավասար են։ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին ավելի շատ դեր ունի, քան որևէ պաշտոնյա կամ պատգամավոր։ Ես իրոք տեղեկություն չունեմ Սուրեն Թորոսյանը Թալինի ՋՕԸ վերահսկողության պե՞տն է, թե՞ ոչ, նա իմ ֆեսբուքյան ընկերների ցանկում է, կարող եք մտնել ու իրենից հարցնել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ