Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը այսօր խոսելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ դրվագների մասին՝ կարեւորեց մի քանիսը:
Առաջինն այն է, որ ըստ նրա Սերժ Սարգսյանի օրոք վարված բանակցությունների արդյունքում մեր պետական շահերն ավելի ճիշտ էին գնահատվելու եւ գործընթացները ավելի շատ էին բխելու մեր պետական շահերից: «Այն գործընթացը, որ տասը տարի ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, հնարավորություն էր տալու փոխզիջումային տարբերակով Արցախում ունենալ անկախության կարգավիճակ: Եթե սա այսօրվա կոնտեքստում ենք նայում, դա իդեալական տարբերակ կարող էր լինել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար, քանի որ չէինք ունենա զոհեր, գերիներ, անհետ կորածներ: Կունենայինք տարածքային փոխզիջումներ, բայց կունենայինք անկախ Արցախ, ինչը թուրքերին, ադրբեջանցիներին ձեռք չէր տալիս: Նրանք ուզում էին ամեն ինչ եւ միանգամից, ինչը արեցին այսօրվա կապիտուլյանտ իշխանության մանիպուլյատիվ կարողությունների հիման վրա: Ու ստացանք մի վիճակ, որն ամենավատն է:
Հայաստանում կա՞ մի մարդ, որը կարող է վստահեցնել, թե Սյունիքում անվտանգ է: Սակայն մոտեցումների խնդիր կա: Մարդկանց ուղեղը, ասես, որոշ չափով մթագնել է: Ու մինչեւ թուրքերը չգան Կասկադի իրենց տան դուռը թակեն, ասեն՝ դու այստեղ այլեւս չես ապրում, մարդիկ չեն հասկանա, թե որն է իրականությունը»:
Վահան Բաբայանին անհասկանալի է նաեւ սփյուռքի հոգեբանությունն ու պահվածքը: «Ո՞ւր են սփյուռքի մեր հարյուրավոր կառույցների պոռթկումները, որոնք տարիներ շարունակ ցեղասպանությունից են խոսում, հայրենասիրական երգեր երգում, միջոցառումներ կազմակերպում, պատմական արդարությունը վերականգնելու համար ցույցեր անում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այլ երկրներում: Հիմա Սյունիքը, ձեր Մայր Հայրենիքի սահմանները վտանգված են, ձեր հայրենի երկրի իշխանության ղեկը գտնվում է հողատուի ձեռքում ու դուք լռո՞ւմ եք»,-հռետորական հարց հնչեցրեց Վահան Բաբայանը:
Կարդացեք նաև
Բանախոսի կարծիքով, Սերժ Սարգսյանը հարցազրույցում բացառիկ բացահայտումներ է արել: Օրինակ, որ ինքը իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ Կարեն Կարապետյանին: Aravot.am-ի հարցին՝ ստացվում է, որ հիմա էլ «վերելակային դիվանագիտության» հետ միասին օրակարգային է դառնալու «մեկուսարանայի՞ն դիվանագիտություն» հարցը, թե ինչ էին պայմանավորվել հեղաշրջման օրերին ոստիկանության մեկուսարանում հայտնված Նիկոլ Փաշինյանը եւ նրան այցելած Կարեն Կարապետյանը, Վահան Բաբայանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանն, իրոք, ակնկալվում է եւ դա պետք է անի Կարեն Կարապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ