Հայաստան-եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջապես ավարտեց իր վավերացման՝ ավելի քան եռամյա ոդիսականը եւ, համաձայն վերջին պաշտոնական տեղեկատվության՝ ս.թ. մարտի 1-ից կգործի ողջ ծավալով։ Սա դե-յուրե, իսկ դե-ֆակտո, ինչպես տեսնում ենք փետրվարի դրությամբ՝ գլխին սեւ ամպեր են կուտակվել։
Անցյալ շաբաթ, Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելի Մոսկվա կատարած սկանդալային այցից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չբավարարվելով այցի արձանագրված «սպեցէֆեկտով», անցավ սպառնալիքների. «Ելնում ենք նրանից, որ մենք պատրաստ ենք [Եվրամիության հետ կապերի խզմանը]։ Այն դեպքում, եթե մեկ անգամ էլ տեսնենք, ինչպես ոչ մեկ անգամ զգացել ենք, որ ինչ-որ ոլորտներում սահմանվում են պատժամիջոցներ, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց պետք է դրան պատրաստ լինել։ Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի», – հայտարարել է Լավրովը ռուսական հեռուստաալիքին տրված հարցազրույցում։
Պարոն Լավրովը գիտի ինչ է ասում, գոնե կանխազգացումների առումով։ Բայդենի վարչակազմը քայլեր է նախատեսում, որոնք պետք է զսպեն ռուսական ծավալապաշտ քաղաքականությունը, եւ Բորրելի այցը Մոսկվա, որը կոչված էր դռները բաց պահելու հնարավորություն ապահովել՝ ոչ միայն անարձագանք մնաց, այլեւ այցելուն ենթարկվեց հրապարակային ծաղրուծանակի։
Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի նկատմամբ նման վերաբերմունքը Մոսկվայում, այնուհետեւ Լավրովի սպառնալիքները՝ Բրյուսելում եւ եվրոպական մայրաքաղաքներում զայրույթի ալիք բարձրացրեցին, բայց եւ դրա հետ մեկտեղ՝ անօգնականության զգացում։ Եթե զայրույթը միանգամայն բացատրելի է, ապա անօգնականությունը սոսկ արդյունքն է այն քաղաքականության, ավելի ճիշտ՝ քաղաքականության բացակայության, որով առերեւույթ միասնական Եվրոպան «զբաղված է» Սառը պատերազմից հետո ընդհանրապես, իսկ 2013-14 թվականների դրամատիկ իրադարձություններից հետո՝ հատկապես։
Կարդացեք նաև
Եվ ահա, 2013-ի սեպտեմբերի 3-ի համատեղ հայ-եվրոպական էպիկական ձախողման փորձից «խրատված» Հայաստանը 2017-ի նոյեմբերին նոր համաձայնագիր ստորագրեց, առանց ընդհանուր մաքսային գոտուն եւ ազատ առեւտրի ռեժիմին վերաբերվող բաժինների, դրան հետեւեց Եվրամիության բոլոր անդամ-երկրների կողմից վավերացման տեւական գործընթացը, որի ավարտի մասին տեղեկացանք օրերս։
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո շարունակելով դաշնակցային հարաբերությունները, Հայաստանը եւ Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերություններում ակնհայտորեն գտնվում են միանգամայն հակառակ դիրքերում։ Եթե Մոսկվայի հետ որեւէ մերձեցում Բրյուսելից ոչ միայն չի սպասվում, այլեւ սպասվում է արդեն իսկ առկա պատժամիջոցների խստացում, ապա Երեւանի պարագայում հետագա մերձեցման բոլոր դռները բաց են։ Սակայն, բաց է մնում նաեւ այն հարցը, թե արդյո՞ք պատրաստ են Երեւանը եւ Բրյուսելը վավերացված համաձայնագրով նախանշված՝ հարաբերությունների խորացմանը։ Արդյո՞ք այդ ընթացքն ապահովագրված է երրորդ կողմի ճնշումներից։ Այդ հարցի պատասխանը ներկայումս բացակայում է, ավելին, առկա իրավիճակում բացասական պատասխանի հիմքերը, ցավոք, թվում են ավելի զորեղ, քան հակառակ պատասխանի, ընդ որում՝ երկուստեք։
Թե Թավշյա հեղափոխությունից առաջ, թե մանավանդ դրանից հետո՝ Երեւանն այդպես էլ որեւէ շոշափելի ռազմավարություն չներկայացրեց, թե ի՞նչ է պատրաստվում անել այդ համաձանագրով եւ այդ համաձայնագրի հետ։ Մինչդեռ դա հերթական սովորական համաձայնագիր չէ։ Համաձայնագրի «քաղաքական» մասը՝ կատարյալ ճանապարհային քարտեզ է, թե ինչպիսի փոփոխություններ պետք է կատարվի Հայաստանում, համաձայն եվրոպական ստանդարտների, եւ ըստ էության, Երեւանը որպես համաձայնագրի կողմ՝ արդեն իսկ ստանձնել է այդ քայլերի կատարումը որպես միջազգային պարտավորություն։ Եվրոպայի մոտեցումը եղել եւ մնում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, սակայն, թե ի՞նչ կլինի, եթե այդ «ավելիի» կարողություն Երեւանն ինչ-ինչ հանգամանքների բերումով (այդ թվում՝ արտաքին) չդրսեւորի՝ այդքան էլ պարզ չէ։
Ավելի շուտ՝ լավ էլ պարզ է. մոտեցումը կլինի՝ «չե՞ք ուզում, ուրեմն ձեր քարը՝ ձեր գլուխը»։ Եվ խնդիրը ոչ միայն Բրյուսելում է (այդ մասին՝ ստորեւ)։ Անցած երեք եւ ավելի տարվա ընթացքում այդ համաձայնագիրն այդպես էլ «մնաց անտեր», նախապատրաստական աշխատանքների մասին որեւէ տեղեկություն չկա, էլ չխոսենք ռազմավարության կամ ավելի բարդ բաների մասին։ Գոնե դատական համակարգի բարեփոխումների «փառահեղ» ընթացքը մեր երկրում՝ դրա առնվազն անուղղակի վկայությունն է։
Բազում անհայտներ կան նաեւ Եվրոպայի կողմից։ Խոստովանենք, որ Հայաստանը որպես առաջնահերթություն՝ Եվրոպայի համար ունի տասներորդական նշանակություն ի սկզբանե, եթե առաջնահերթությունները պայմանականորեն աստիճանակարգենք։ Սակայն, հաստատապես, դա «զրո» չէ, առավելեւս, Իրանի հետ սպասվող դիվանագիտական «գրոհի», Թուրքիայի հետ դժվարացող հարաբերությունների եւ ռուսական գործոնի համատեքստերում։ Եվ լրջագույն խնդիրն այն է, որ «բրեքզիթից» հետո Բրյուսելում ինչպես չի եղել, այնպես էլ հիմա շարունակվում է որոշակիության բացակայությունը, թե ի՞նչ է, ի վերջո, ուզում Եվրոպան ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կարելի է բերել ընդհանուր հայտարարի մի քանի տասնյակ տարբեր դիրքորոշումներ իրենց խայտաբղետ երանգներով, երբ, ասենք, Փարիզը եւ Բեռլինը միանգամայն հակառակ կերպով են դիրքավորվում առանցքային խնդիրներում։ Եվ սպասել որոշակիություն առանձին հայաստանյան ուղղությամբ՝ պարզապես իրատեսական չէ, եթե Երեւանից չլինեն որեւէ ազդակներ։
Թվում է, ինչպես 1945-ից հետո էր, այժմ եւս. հարցերը լուծվելու են Ամերիկայի գործուն համակարգմամբ՝ ի շահ Ազատ Աշխարհի, ի հեճուկս տոտալիտար եւ ավտորիտար «եֆրեյտորների»։ Դեհ, իսկ մինչ այդ, ինչպես ասում են, դեռ ողջ մնալ է պետք…
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2021