Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Ես զինված չեմ եղել, որ ահաբեկվեն»․ նոյեմբերի 10-ին կառավարության շենք մտած անձ

Փետրվար 16,2021 19:20

Նոյեմբերի 10-ի գիշերը՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ կառավարության  շենք ներխուժածներից Սերգեյ Խառատյանի, Հարություն Մերդինյանի, Էդգար Գրիգորյանի և Հայկ Իսկանդարյանի գործով դատական նիստն էր այսօր։ Ամբաստանյալները մեղադրվում են զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույքի ոչնչացման,  իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածներով։

Դատավորի կողմից մեղադրյալների ինքնությունը ճշտելուց հետո հրապարակվեցին նրանց վերագրվող արարքները։ Այսպես, ռազմական դրության պայմաններում Սերգեյ Խառատյանը, համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հայաստանի տարբեր տարածքներում,  մասնավորապես՝ Կառավարության, ԱԺ-ի շենքերում եւ  պետական այլ օբյեկտներում զանգվածային անկարգությունների մասին, դրանց մասնակցելու նպատակով  միացել է կառավարության շենքի դիմաց գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներին․ «Բռնի գործողությունների ճնշման տակ կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ահաբեկված աշխատակիցները մի կողմ են գնացել՝ այդպես  խուսափելով ապօրինի գործողություններ կատարողների հետ բախումից, որից հետո Սերգեյ Խառատյանը եւ մյուսները, որոնք չունեին շենք մուտք գործելու իրավունք, կոտրել են մուտքի դուռը եւ  լուսամուտները եւ ներխուժել  շենք։  Սերգեյ Խառատյանը,  մուտք գործելով ՀՀ վարչապետի ընդունարան, գույքը դիտավորյալ վնասելու նպատակով ոտքերով  ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածել է աշխատասենյակի դռանը, քաշել-պոկել դռան բռնակը, որից հետո դուռը ջարդել ու ապօրինի մուտք գործել աշխատասենյակ»։

Սերգեյ Խառատյանը հայտարարեց, որ նշյալ մեղադրանքներն իր համար պարզորոշ չեն․ «Ես չեմ մասնակցել զանգվածային անկարգությունների։ Իսկ երբ մտել եմ շենք, չեմ տեսել ոստիկանների։ Այո, ես եմ կոտրել սենյակի բռնակը։ Ես դա ընդունել եմ։ Համացանցում կան տեսանյութերը, բայց ես դա ընդունել եմ մինչեւ դրանց հայտնվելը»։ Սերգեյ Խառատյանը հավելեց, որ պատրաստ է պատճառած վնասը փոխհատուցել։

Էդգար Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա, ձեռքով ոչնչացնելով կառավարության մուտքի դռան ապակին ու վնասելով դուռը, մյուսների օգնությամբ դռան բացվածքից առաջինն է ապօրինի մուտք գործել եւ չենթարկվելով պետական պահպանության ծառայության աշխատողների օրինական պահանջին՝ շարժվել առաջ։ Բացի այդ, Գրիգորյանն է ներսից բացել  վնասված դուռը եւ, ըստ մեղադրանքի, նրա մասնակցությամբ տեղի են ունեցել գույքի ոչնչացմամբ ուղեկցված զանգվածային անկարգությունները: Էդգար Գրիգորյանը հայտարարեց՝ մտել է շենք, բայց ոչ մի բան չի կոտրել։

Նրա համար զարմանալի է մեղադրանքում ձեւակերպած արտահայտությունը, թե իրենք ահաբեկել են պետական պահպանության ծառայության աշխատակիցներին․ «Զենքով մարդիկ կանգնած ո՞նց կարող էին ահաբեկվել․․․Ես զինված չեմ եղել, որ ահաբեկվեն»։ Մյուս երկու մեղադրյալներին եւս մեղսագրվում են գույքի ոչնչացման արարքներ։

Հայկ Իսկանդարյանը, բացի դա, իր եղբոր՝ Սասուն Իսկանդարյանի հետ կառավարության շենքից հափշտակել են փայտյա ձողին ամրացված ՀՀ դրոշը։ Այս նիստում պաշտպանները ներկայացրին Խառատյանին եւ Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու միջնորդություններ, որոնք մերժվեցին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728