Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ «Արմեն Գրիգորյանը ստում է»

Փետրվար 16,2021 19:40

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր «Ազատության» հրապարակում հանդիպել է քաղաքացիների հետ, զրուցել։

Քաղաքացիներից մեկը պարոն Մանուկյանի խորհուրդ տվեց ծրագրերով հանդես գալ, որպեսզի ավելի շատ մարդ հավաքվի։

Լրագրողների հետ զրույցում պարոն Մանուկյանն ասաց, որ այս հանդիպումների ընթացքում նկատել էր, որ որոշ մարդկանց մոտ անհանգստությունն այն աստիճանի է, որ դա բերում է նրան մոտ անտարբերության․ «Չեն հավատում, որ այս երկիրը կարող է նորից ոտքի կանգնել, կարող է նորից ինչ-որ մի բան դառնա։ Հայրենիքի վերականգնումը միայն վարչապետին փոխելը չէ։ Դա նշանակում է՝ ինչ իշխանություն պիտի ձեւավորվի, արդյոք մենք կունենանք այնպիսի պետություն, որտեղ երազում էին ապրել, արդյոք ընտրությունները արդար կլինեն եւ այլն։ Եվ քանի որ մարդիկ իրենց կյանքում մեծամասամբ վատ բաներ էին տեսնում կամ նրանց համոզում էին, որ վատ բաներ են, լավ բան էին ուզել տեսնել, նորից վատ բանի մեջ ընկան»։

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում հնչած պնդումներին, պարոն Մանուկյանը հիշեցրեց․ «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1992-93 թվականներին, երբ մենք անընդհատ առաջ էինք գնում, մենք օրինակ` Լաչինը վերցրեցինք, որովհետեւ առանց Լաչինի Ղարաբաղը պահել հնարավոր չէր։ Հետո Քելբաջարը, որովհետեւ եթե մեր ձեռքում չլիներ Քելբաջարը, Մարտակերտը չէինք կարող վերցնել ու պահել։ Սրանք անհրաժեշտ քայլեր էին։ Մենք ուզում էինք Արցախն ունենար անկախություն, եւ ինչ-որ ճանապարհով կամ ինչ-որ շրջանով միացված լինի Հայաստանին։ Բանակցություններում հենց այդ հարցն էր քննարկվում։ Ամենաբարդ հարցը անկախության հարցն էր, Ադրբեջանը ոչ մի դեպքում չէր ընդունում անկախության հարցը։ Դրա համար այս վերջին հատվածում՝ Կազանի բանակցություններում՝ Մադրիդյանից սկսած՝ հարցը դրվում էր անորոշ ժամանակով հետաձգել Լաչինի եւ Քելբաջարի հարցերը, մյուս հարցերը լուծել։ Ինձ թվում է այդ ճանապարհին լուծումներ կային եւ ափսոս, որ այդ ճանապարհով չշարունակեցինք գնալ, այլ լրիվ քարուքանդ արեցինք ամբողջ բանակցային գործընթացը»։

Հարցին՝ իր վարչապետ դառնալու դեպքում հնարավո՞ր է հետ գնալ այդ բանակցություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․«Այո։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը երեք հզոր պետությունների ներկայացուցիչների եւ համաշխարհային կարծիքով, բաղկացած էր երկու հարցից՝ Ադրբեջանի տարածքների ամբողջականություն, եւ ինքնորոշման հարց։ Ամբողջ խնդիրը այդ երկու հակադիր սկզբունքները ոնց ձեւավորել։ Երբ մենք հաղթեցինք պատերազմը Ադրբեջանը չընկճվեց, շարունակեց բանակցություններն ու պատերազմի միջոցով ինչ-որ չափով լուծեց այդ հարցը։ Բայց հարցը դեռ լուծված չէ, որովհետեւ միջազգային հանրությունն ընդունում է, որ Արցախի ինքնորոշման հարցը գոյություն ունի, հարցի լուծումն առջեւում է»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է․«Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց է ենթադրում և այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացքում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով Սերժ Սարգսյանը ևս որոշակի չափով հետաձգում է մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիայի հետաձգում, բայց այդ մարդը բազմաթիվ այդ խոստումները տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի Հանրապետության համար լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է, որ «ես պատրաստ էի ստորագրելու, ես պատրաստ էի ինչ-որ քայլերի», մինչդեռ ես հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»: Այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան պարոն Մանուկյանն ասաց՝ Գրիգորյանը ստում է։

«Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը փորձարկում կատարեց, քսան տարի պատրաստվում էր պատերազմի։ Միշտ, որ պարտվում ես, վախենում ես, հիմա տեսեք, Նիկոլն էլ վախենում է։ Ադրբեջանը սպառազինություն գնեց, քառօրյայի ժամանակ երկու օր հաջողվեց առաջ գնալ, հետո հակահարված ստացան, որոշ մասերում հետ նահանջեցին։ Իրենք համարեցին, որ դա անհաջող փորձ է ու դրանից հետո ՀՀ-ն բանակցային գործընթացում առավելություն ստացավ՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնագրերն էին։ Այնպես որ, իր ասածը լրիվ սուտ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728