Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատելու հարցով ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստն էր:
Հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցության անդամները 251 հարցից բաղկացած հարցաշար են կազմել ու ուղարկել կառավարություն: «Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն չի մասնակցել հարցաշարի կազմմանը, այլեւ դեմ է, որ այդ հարցերն ուղղվեն կառավարությանը:
«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը նեղսրտել էր, որ այդ հարցերի մեջ գնահատականներ տվող, թեթեւ լիրիկական զեղումներով հարցեր են. «Ես խնդրեցի ձեզ, ասեցի՝ ուզում եմ ի սկզբանե հարցերը տեսնել, նոր հրապարակեք: Եթե ի սկզբանե տեսնեի, կասեի՝ սրա պատասխանը հնչել է այսինչ նիստին: Կառավարությունը այդպիսի գործառույթ չունի, որ պատասխանի, թե միստր Ռայնիչը ինչ է ասել ու մեկնաբանի»:
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն էլ պատասխանեց, որ սա քննիչ հանձնաժողովը հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերը պետք է ուղղի ու ամփոփի իր զեկույցի մեջ:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց. «Պրոցեսը չի ավարտվել ու միջնամասում գնահատական տալ կորոնավիրուսին համարում եմ սխալ: Նույնն է թե մարաթոնյան վազորդին գնահատական տանք, երբ ինքը դեռ 20 կմ է վազել ու առջեւում մի այդքան էլ, կամ դրանից ավելի կա: Գուցե տակտիկայի խնդիր է, սկզբում արագ է անցնում, հետո՝ դանդաղ»:
Պապոյանն ասաց, որ դիրքորոշում են որդեգրել որեւէ կերպ չխանգարել հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին ու ավելին՝ նույնիսկ պատրաստ են օգնել, որ կառավարության անդամներին հրավիրեն հանձնաժողով:
Արկադի Խաչատրյանն էլ պատասխանեց, որ արդեն կարող են գնահատական տալ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացրել 2020-ին ու դա պետք է նրա համար, որ մեր երկիրը ձեւավորի կարողություն՝ նմանատիպ համաճարակները հաղթահարելու համար:
Միքայել Մելքումյանը զարմացած էր՝ ինչու են կառավարության փոխարեն իմքայլականները այդքան մտահոգվում, այնպես չի, որ կառավարությունը հազարավոր էջերով պիտի պատասխանի այդ հարցերին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ասաց. «Եթե «իմ քայլը» որոշում է կայացրել, որ հարցադրումներ չի ուղարկելու, միայն մեր անունից է գնալու, այդ պասիվությունը որեւէ բան չի արդարացնում: Ես անարդար ու անարդյունավետ եմ գտնում մյուս ակտիվ մասնակիցների վարքագիծը, հարցերը ենթարկել գրաքննության: Այն, ինչ դուք անում եք այսօր, դա իրականում գրաքննություն է, որովհետեւ դուք որոշել եք, որ մեր հարցերը որակապես վատն են: Ամեն հարցը կազմելիս մենք խորը վերլուծական աշխատանք ենք կատարել, թե ինչ ենք ակնկալում: Տպավորություն է, որ ամբողջ տարվա ընթացքում ինչ եկել է մեր գլուխը, որոշել ենք ուղարկել կառավարությանը՝ հարցերի տեսքով: Մենք օգտվել ենք բաց աղբյուրներից, մշակել ենք: Պարոն Պապոյան, ասում եք՝ կորոնավիրուսը չի ավարտվել, մենք սովորել ենք ապրել համավարակի հետ: Երբ ասում են՝ սպասեք COVID-ը ավարտվի, դա նույնն է, որ ասեն՝ սպասեք գրիպի հարուցիչը վերանա, նոր ինչ-որ բան անենք: Համավարակը արդեն մեր իրողությունն է: Ունենք թարմ տեղեկատվություն, պետք է արագ վերլուծել: Եթե կարողանում եք՝ մասնակցեք, եթե ոչ՝ եկեք միմյանց չգրաքննենք: Ընդդիմությունն արդեն ուղարկել է հարցերը, մարդիկ պատրաստվում են այդ հարցերին պատասխանել, բայց դուք այստեղ դեռ չափում ք արդյունավետությունը այս հանձնաժողովի եւ իրավաչափությունը: Դուք հետ եք ընկնում ընդդիմությունից, կա՛մ եկեք հասեք ընդդիմությանը, կա՛մ այս նույն հարցերով հանձնաժողովի արդյունավետության վրա բացասական մի ազդեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ