Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք ամսում հազարավոր բիզնեսներ փակվել են, բայց կորոնավիրուսն ու պատերազմը պետական համակարգի կողքով են անցել

Փետրվար 16,2021 17:40

«Տարածքը տրվում է վարձով», «Լիկվիդացիա», «Խանութի փակման կապակցությամբ մեծ զեղչեր»: Սրանք հայտարարություններ են, որոնք գրեթե ամեն քայլափոխի հանդիպում են մայրաքաղաքում: Բիզնեսները փակվում են թե՛ կենտրոնում, թե՛ Երեւանի ծայրամասային թաղամասերում:

Պետական եկամուտների կոմիտեի՝ Aravot.am-ին տրամադրած տվյալները հենց այդ էլ փաստում են՝ Հայաստանում երեք ամսում հազարավոր բիզնեսներ փակվել են, հազարից ավելի էլ հաշվառումից հանվել են կամ լուծարվել:

ՊԵԿ-ին խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել 2020 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, քանի՞ տնտեսվարող է դադարեցրել գործունեությունը: Նաեւ հայտնել՝ ո՞ր բիզնեսներն են փակվել կամ լուծարվել:

Aravot.am-ի տեսախցիկն էլ մայրաքաղաքի փողոցներում շրջելիս արձանագրեց բազմաթիվ փակված խանութներ:

Հայտարարություններում նշված հեռախոսահամարներով զանգահարելիս հիմնականում պատասխանում էին տարածքը վարձակալությամբ տվող սեփականատերերը, որոնք մեզ հետ զրույցում նշում էին՝ վարձակալը «արենդան» չի կարողացել վճարել կամ բիզնեսը տեղափոխել է ավելի փոքր տարածք:

Կային այնպիսիք, որ մասնաճյուղն ընդհանրապես փակել էին եւ անցել առցանց սպասարկման:

Նկատեցինք, որ փակվել են անգամ հայտնի բրենդի մասնաճյուղեր, որոնք որեւէ այլ տեղ չէին վերաբացվել, այլ՝ միավորվել էին արդեն եղածին: Խոսքը, մասնավորապես, Աբովյան փողոցի վրա տարիներ ի վեր գործող «Մանգո» ապրանքանիշի մասին է, որի մասնաճյուղը միացել է Թումանյան հասցեում գործողին:

Այսպես. ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության, նշյալ երեք ամիսների ընթացքում հանրապետությունում, ընդհանուր առմամբ, գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 7 հազար 216 տնտեսվարող, 1,041 բիզնես էլ հաշվառումից հանվել է կամ լուծարվել:

Տնտեսական ոլորտի պատասխանատուների ներկայացմամբ, բիզնեսները հիմնականում փակվել են կորոնավիրուսի հասցրած վնասի հետեւանքով:

Եվ չնայած՝ կառավարությունը տասը ամսից ավելի է՝ տնտեսվարողների համար կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու ծրագրեր է իրականացնում, մեծ թվով բիզնեսների դա էլ չի փրկում:


ՊԵԿ-ի տրամադրած ցանկից երեւում է, որ ամենաշատը տուժել է մշակող արդյունաբերության ոլորտը, որտեղ իրենց գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 905 տնտեսվարող, հաշվառումից դուրս են եկել կամ լուծարվել 87-ը:

Մեծ թվով տնտեսվարողներ կորուստներ են ունեցել մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների նորոգման ոլորտում: 2 հազար 889 տնտեսվարող  ժամանակավոր դադարեցրել է այդ ոլորտում ծառայություն մատուցել: Եվ դեռ հայտնի էլ չէ՝ բիզնեսները կգործարկե՞ն, թե՞ ոչ:  592-ն էլ ընդհանրապես լուծարվել է:

Կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում ծառայություն մատուցող 595 բիզնես ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը, 74-ը՝ լուծարվել:

Փոխադրումներ եւ պահեստային տնտեսության ոլորտում բիզնես ունեցող 404 տնտեսվարող նույնպես չի դիմացել ճգնաժամին եւ ժամանակավոր փակ է: 28 տնտեսվարող էլ լուծարվել է:

Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է սպասարկման այլ ծառայություններ մատուցող 881 տնտեսվարող, 133-ն էլ՝ լուծարվել է:

Անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի գործերն էլ այդ երեք ամիսներին լավ չեն եղել: Նրանցից 229-ը ժամանակավոր կասեցրել է աշխատանքը, 5 տնտեսվարող էլ լուծարվել է:

Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությամբ ժամանակավոր չի զբաղվի 313 տնտեսվարող: Այս ասպարեզում 30 ձեռնարկատեր էլ, ընդհանրապես, լուծարման է գնացել:

ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն, վարչարարական եւ օժանդակ գործունեությամբ ժամանակավոր չի զբաղվի 223 տնտեսվարող: Իսկ 28 ձեռնարկատեր լուծարվել է:

Մինչ կորոնավիրուսն ու պատերազմը երկրում «բում» արած շինարարության ոլորտն էլ ճգնաժամից անմասն չի մնացել. 208 տնտեսվարող գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, 7 կազմակերպություն էլ՝ լուծարվել:

Համեմատության մեջ ավելի քիչ տուժել են տեղեկատվության, կապի, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտում բիզնես ծավալող տնտեսվարողները: Ի տարբերություն առեւտրի, ծառայությունների ոլորտների, որտեղ մի քանի հազար բիզնեսներ են փակվել, այս ոլորտներում փակվող բիզնեսները քիչ են: 192 տնտեսվարող է կապի ու տեղեկատվության ոլորտում գործունեությունը ժամանակավոր դադարեցրել, 20-նն էլ՝ լուծարվել: 26 բիզնես էլ ֆինանսական ոլորտում է գործունեությունը ժամանակավոր կասեցրել, 2-ն էլ՝ լուծարվել:

Գյուղատնտեսությամբ, անտառային տնտեսությամբ ու ձկնորսությամբ զբաղվող 95 ընկերություն ու տնտեսվարող, նույնպես ժամանակավոր չեն աշխատում, իսկ 7-ը՝ լուծարվել է:

32 տնտեսվարող էլ տուժել է հանքագործական արդյունաբերության ու բացհանքերի շահագործման ոլորտում, որոնք դիմում են գրել բիզնեսը ժամանակավորապես կասեցնելու, սակայն լուծարվողներ չեն եղել:

Դատելով ՊԵԿ-ի տրամադրած ցանկից, ամենաքիչ կորուստները էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման բիզնեսով զբաղվողներն են ունեցել: Այստեղ լուծարումներ չեն եղել, գործունեությունն էլ ընդամենը 6 տնտեսվարող է ժամանակավոր կասեցրել:

Գրեթե նույն պատկերն է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում:
Գրեթե չի տուժել կամ, կարելի է ասել, կորոնավիրուսն ու պատերազմը պետական կառավարման եւ պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության կողքով են անցել: Այստեղ ժամանակավոր դադարեցված է 1 կառույցի աշխատանք, լուծարված բաժին էլ չկա:

Փոխարենը կրթության ոլորտում գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է  57 տնտեսվարող, 7-ն էլ լուծարվել է:

Առողջապահության եւ բնակչությանը սոցիալական սպասարկում մատուցող 41 կազմակերպություն նույնպես ժամանակավոր չի գործում. այս ոլորտում ծառայություն մատուցող 3 տնտեսվարող էլ արդեն լուծարվել է:

Երեք ամսվա ընթացքում ժամանակավոր չաշխատելու համար հայտ է ներկայացրել մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտի 112 տնտեսվարող, 16-ն էլ արդեն լուծարվել են:

ՊԵԿ-ի ցանկից տեղեկանում ենք, որ այդ ամիսների ընթացքում մեր երկրում ոչ մի օտարերկրյա կազմակերպություն չի լուծարվել, գործունեությունը ժամանակավորապես չի դադարեցրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728