Աշխարհահռչակ ֆրանսահայ դրամատուրգ Ռաֆֆի Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունն առաջին անգամ հանդիսատեսի դատին կհանձնվի փետրվարի 17 եւ 18-ին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Այն Modd-Events հայ-ֆրանսիական ընկերության (համահիմնադիր-տնօրեն` Արմենուհի Հարությունյան) պրոդյուսերական նախագիծն է:
«Կապի՛ր ինձ մահճակալին»-ը ընտանեկան կատակերգություն է` նախատեսված 16+ լսարանի համար։ Ներկայացումը պատմում է մի զույգի մասին, որի ընտանեկան տարաձայնությունների լուծմանն ուղղված բոլոր փորձերը ստեղծում են մեկը մյուսից զվարճալի իրավիճակներ: Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է, ներկայացման մեջ ներգրաված են Անդրանիկ Հարությունյանը, Լիա Զախարյանը, Լեւոն Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սաթենիկ Հազարյանն ու Արա Սարգսյանը:
Հավելենք, որ Ռաֆֆի Շարտը միջազգային փառատոնների մրցանակակիր է, ռեժիսոր, սցենարիստ եւ կոմպոզիտոր։ Նա ներկայում ստեղծագործող ֆրանսիացի ամենաշատ ցուցադրվող հեղինակն է աշխարհում։ Նրա պապը հանրահայտ ֆրանսահայ երգահան Ժորժ Կառվարենցն է, իսկ տատիկը՝ Աիդա Ազնավուրյանը՝ Շառլ Ազնավուրի քույրը:
Ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանն ասում է, որ որոշ գեղարվեստական փոփոխություններ են կատարել, մասնավորապես Ֆրանսիական տարբերակում ստեղծագործությունը կոչվում է «Կապիր ինձ ջեռուցման համակարգին», իսկ իրենք դարձրել են «Կապիր ինձ մահճակալին», ստացել են իրավիճակային կատակերգություն` մեկ գործողությամբ:
Կարդացեք նաև
«Չեմ ուզում ասել, թե ներկայացումն ինչի մասին է, կարեւորը լինի լավ ներկայացում ու ծիծաղելի… Սա թատրոն է՝ թատրոնում»,-ասաց ռեժիսորը:
Դերասան Լեւոն Հարությունյանի ձեւակերպմամբ, ներկայացումը սիրո մասին է, պարզապես արտահայտչամիջոցները ֆրանսիական են. «Իրենք սերը գտնում են նաեւ մազոխիզմի մեջ, փոխհարաբերությունների մեջ, բաժակ ջարդելու մեջ… Կարեւորը սերը կա… Կինն իր տեսակով խելառ է, աշխարհին ուրիշ կերպ է նայում, տեսնում է այն, ինչ մենք չենք կարողանում տեսնել»:
Դերասանն ասում է, որ այս իրավիճակում դժվար էր բեմ բարձրանալը, բայց պետք է ուժ գտնել, սովորել շատ բաներ թողնել անցյալում` օրն ամեն օր լավ ապրելով. «Մենք պիտի շուտ հետ գանք, մենք կերել ենք մի չափալախ, որը տվեց այն սերունդը, որին չէինք վստահում…Այս չափալախից հետո հասկացա, որ մենք պետք է մեր հետեւից եկող սերնդի կողքին լինենք… Եթե իրենք գժվում են, պետք է հասկանանք, թե ինչու են գժվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ