Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովը 251 հարց է պատրաստել, որ կառավարությանն ուղարկի, «Իմ քայլն» ընդդիմանում է, թե կառավարությանը մի ծանրաբեռնեք

Փետրվար 16,2021 16:55

Այսօր «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» նիստն էր:

Հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցության անդամները 251 հարցից բաղկացած հարցաշար են կազմել ու ուղարկել կառավարություն: «Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն չի մասնակցել հարցաշարի կազմմանը, այլեւ դեմ է, որ այդ հարցերն ուղղվեն կառավարությանը:

Հարցերը վերաբերում են գնումների ընթացակարգերին, ֆինանսական հատկացումներին, սոցիալական միջոցառումներին, դրանց արդյունավետությանը եւ այլն:

«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ 251 հարց ուղարկելը ժամանակի կորուստ կարող է լինել, ավելի լավ կլիներ պաշտոնյաներին կանչել հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն էլ պատասխանեց, որ այն հարցերը, որոնք գրավոր ուղղում են պաշտոնյաներին, ամենեւին բանավոր հարցման, հանդիպումների ժամանակ չեն ուղղելու: Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ այնպիսի հարցեր են գրել, որոնք բաց աղբյուրներում կան. «Օրինակ, 37-րդ հարցն է՝ ե՞րբ է հայտնաբերվել պանդեմիան: 93-րդ հարցը օրենսդրական, իրավական կարգավորումների մասին հարց է ու դա հայցել կառավարությունից՝ ծանրաբեռնելու է կառավարությանը: Հարց է ուղղված կարանտինի ժամանակահատվածում աշխատատեղերի պահպանման մասին: Մենք ենք ձեզ հետ ԱԺ-ում «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների փաթեթ ընդունել, սրա մասին կառավարությանը հարցնելու անհրաժեշտություն չկար: Քաղաքական ենթատեքստերով շատ հարցեր կան, քաղաքական գնահատականներով: Ոչ թե տեղեկություն եք հայցում, այլ ուղղակի պնդում եք անում: Օրինակ, 2-րդ հարցը՝ արդյոք կառավարությունը գիտակցե՞լ է համավարակի հետ կապված ռիսկերը, եթե գիտակցել է սկզբնական շրջանում, ապա ի՞նչ է արել այդ փուլում եւ ինչու է քարոզչություն արել: Կառավարությունից պահանջում եք գնահատական՝ իր իսկ կատարած աշխատանքի: Այդ գնահատականը հենց հանձնաժողովը պիտի տա»:

Արկադի Խաչատրյանն էլ պատասխանեց, որ սա ընդդիմության հարցաշարը չէ, քննիչ հանձնաժողովինն է, որտեղ «Իմ քայլը» ունի 8 անդամ, արդյունավետ պետք էր աշխատել ու լումա ներդնել. «Այնպիսի տպավորություն է, որ մենք կառավարության գործողությունների արդյունավետությունն ենք քննելու, դուք՝ մեր, ինչը արդար չէ»:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ այս հանձնաժողովը ստեղծելը իրենց համար ի սկզբանե աննպատակահարմար էր, քանի դեռ համաճարակը հաղթահարված չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728