Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհիմն պահում են ռազմական դրությունը, որը լիազորություն է տալիս նման սահմանափակում կիրառելու նաև լրատվամիջոցների նկատմամբ». Արա Զոհրաբյան

Փետրվար 16,2021 16:47

«Դա փաստաբանների պալատի նախաձեռնությունը չէ: Փաստաբանների պալատը ապաքաղաքական կազմակերպություն է: Դա ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիների նախաձեռնություն է»,-«Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ» ուղեցույցի հրատարակման վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շուրջ 170 փաստաբանների՝ դատարան դիմելու փաստին, որով մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ հատուկ քննչական ծառայությանն անգործության մեջ։

Արա Զոհրաբյանն ասաց՝ երբ հանրության շրջանում  հրապարակայնորեն լուրեր էին պտտվում, որ պատերազմի ընթացքում դավաճանական դեպքեր են տեղի ունեցել, և բոլորն էլ տեսել են այդ հրապարակումները, և մինչև նոյեմբերի 9-ը մտածում էինք, որ հաղթում ենք, բայց պարտվեցինք, կազմակերպչական լուրջ խնդիրներ ենք ունեցել, և այլն, ուստի, քանի որ կա նման կասկած, իրենք հաղորդում են ներկայացրել, որպեսզի իրականությունը պարզվի: Այս առիթով նա շարունակեց. «Մենք ներկայացրել ենք հաղորդում, հրապարակված աղբյուրներից ենք ներկայացրել տեղեկություններ, իրադարձությունները շարել ենք մեկը մյուսի հետևից՝ պատերազմի ժամանակ և հետո, ասել ենք, որ այս լույսի ներքո՝ հիմնավորված կասկած է առաջանում, որ կա դավաճանության մասը: Իշխանությունը, հակառակը, ինքը պետք է հենց այդ հոդվածով քրեական գործ հարուցեր և ստուգեր ու ապացուցեր, որ դա անփութության արդյունք է, ոչ թե դիտավորություն, թշնամուն օժանդակություն ցուցաբերելու արդյունք: Բայց հակառակը տեղի ունեցավ: Քրեական օրենսդրությունը նման դեպքերում երեք ճանապարհ է տալիս: Երբ ստանում ես հանցագործության մասին հաղորդում, կամ պիտի հարուցես քրեական գործ, այս դեպքում առիթը մեր հաղորդումն էր, կամ դու կարող ես քրեական գործ հարուցելը մերժել, և եթե քո ենթակայության տակ չէ, կարող ես ուղարկել ըստ ենթակայության:

Այս երեք որոշումներից որևէ մեկը չկայացրեց դատախազությունը, այլ ՀՔԾ գրություն է ուղարկել՝ ասելով՝ ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի ասուլիսի հետ կապված քրեական գործին, մինչդեռ այդ գործը վերաբերում է պատերազմի որոշակի հատվածին. մինչև պատերազմ և հետո եղած իրադարձությունները չի ներառում: Մենք դիմել ենք դատարան, վիճարկել դատախազության և ՀՔԾ-ի անգործությունը: Երեկ նիստ կայացավ, հաջորդը կկայանա փետրվարի 26-ին»:

Խոսելով իր քաղաքացիական ակտիվության մասին, մասնավորապես, հանրահավաքների մասնակցելու մասին, Արա Զոհրաբյանն ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր երկիրը վտանգված է: Ինձ ասում են՝ ինչո՞ւ եք որպես փաստաբան մասնակցում նման հավաքների, ասում եմ՝ որպեսզի մարդու իրավունքները պաշտպանես, դրա համար պիտի լինի մարդը և ՀՀ դրոշը կրող դատարանը: Հիմա վտանգված է և՛ ՀՀ դրոշը կրող դատարանը, և՛ մարդու գոյությունը: Մենք բոլորս էլ պետք է մեր քայլերը ձեռնարկենք այս իրավիճակից դուրս գալու համար: Այսօր նախկին-ներկա չկա. բոլորս մեղավոր ենք: Երբ 1994-ից հետո ունեցանք զոհված զինծառայողների սոված ու անգործ ընտանիքի անդամ, վերջը այսպես պիտի լիներ»:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում այն, որ լրագրողները Սյունիքի սահմաններին թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ թույլտվությունը, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Այսօր պետական ինստիտուտներից մարդու իրավունքների պաշտպանն է, որ ստանձնել է սահմանապահի լիազորությունները և նաև հասարակությանը այդ մասով իրազեկել է: Կարծում եմ՝ իշխանություններն այդ առումով խնդրահարույց վիճակում են: Անհիմն պահում են ռազմական դրությունը, որը լիազորություն է տալիս նման սահմանափակում կիրառելու նաև լրատվամիջոցների նկատմամբ: Սա անթույլատրելի եմ համարում»:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ ռազմական դրության պահպանումը խանգարում է նաև գերիների վերադարձի գործընթացին: Նա պարզաբանեց. «Կա ռազմագերիների կոնվենցիա, որտեղ գրված է՝ ռազմագերիները վերադառնում են ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո: Ունենք ստորագրված փաստաթուղթ, որտեղ ռազմագերիների վերադարձի մասին նշում կա, ժամկետ չկա: Ես, օրինակ, կարծում էի՝ ՀՀ իշխանությունները կարող էին այդ կոնվենցիային հղում կատարելով պայմանագիրը ցույց տալով հանդերձ ժամկետների մասով հղում կատարել կոնվենցիայի այն դրույթին, որտեղ նշված է անմիջապես վերադարձնել եզրույթը: Իրավաբանորեն ադրբեջանական իշխանությունները կարող են ասել, որ ռազմական գործողությունները դեռ ավարտված չեն, քանի որ դուք դեռ ռազմական դրությունը պահպանում եք: Եթե ռազմական գործողություններն ավարտվել են, ինչո՞ւ է մեր երկրում պահպանված ռազմական դրություն, ինչո՞ւ Ադրբեջանին հնարավորություն տանք օգտագործել այս իրավական փաստարկը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728