2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց՝ մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված։ Դատարան էր հրավիրվել շտապօգնություն։ Դատավոր Աննա Դանիբեկյանը Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց՝ ի վիճակի՞ է շարունակել նիստին մասնակցել։
Խաչատուրովը թողեց դատավորի հայեցողությանը՝ միայն ասելով, որ գլխապտույտ ունի, իսկ ճնշումը բավականին բարձր է։ Դատարանը գտավ, որ նման պայմաններում հնարավոր չէ նիստը շարունակել։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդությունն էր քննվել դռնփակ ռեժիմով։
Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույց ունենալու առաջարկին ի պատասխան նախընտրեց մանրամասներ չներկայացնել։ Խաչատուրովը նիստին եկել էր վիրակապված ձեռքով։
Կարդացեք նաև
Հաջորդ նիստը փետրվարի 23-ին է՝ 13:00-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ