Լրահոս
Օրվա լրահոսը

Քարահունջ եւ Խնձորեսկ համայնքները սահմանամերձ չեն․ տեխնիկական վրիպա՞կ, թե…

Փետրվար 16,2021 16:10

Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված սոցիալական արտոնություններից այսուհետ կօգտվեն նաեւ 2020թ․ պատերազմական գործողությունների հետեւանքով սահմանամերձ դարձած Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։

Սյունիքի մարզում սահմանամերձ են համարվում Կապան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ագարակ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Ուժանիս, Ճակատեն, Ծավ գյուղերը։

Մեղրի խոշորացված համայնքից սահմանամերձ է ճանաչվել Նռաձոր գյուղը։

Տեղ խոշորացված համայնքից Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն գյուղերը․ Տաթեւ խոշորացված համայնքից՝ Խոտ գյուղը։

Գորիս խոշորացված համայնքի կազմից սահմանամերձ են ճանաչվել Աղբուլաղ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Բարձրավան գյուղերը։

Հետաքրքիր է, որ ցանկում չկան Կապան եւ Գորիս քաղաքները, ինչպես նաեւ Խնձորեսկ ու Քարահունջ գյուղերը։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հույս ունի, որ գոնե Խնձորեսկ եւ Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալը ընդամենը տեխնիկական վրիպում է։

«Չի կարելի թշնամուն բերել հասցնել բնակիչների քթի տակ ու ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։ Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։ Իրավիճակը նույն է նաեւ Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումները անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Իրինա Յոլյանը։

Խնձորեսկում այսօր ապրում է 434 մարդ, իսկ Քարահունջում՝324 բնակիչ, եւ ոչ մի ընտանիք այդ բնակավայրերից չեն լքել իրենց տները։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Քարահունջում գտնվող ՀԷԿ–ի սեփականատիրոջն ասել են, որ ժամանակավորապես չաշխատեցնի, հնարավոր է՝ տարածքների սահմանորոշումից հետո ՀԷԿ–ը գտնվի թշնամու տարածքում։

Նշենք նաեւ, որ կառավարության որոշմամբ կփոխհատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաեւ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ասաց, որ տարբեր հարթակներում փորձել են իրավիճակը ներկայացնել, որպեսզի խնդիրը լուծում ստանա եւ կառավարությունը վերանայի իր որոշումը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Խնձորեսկն ունի 434 տնտեսություն, ոչ թե ապրում է 434 մարդ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728