Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի տների մի մասը շրջանն օկուպացրած ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, քանդել ու պղծել տեղի գերեզմանատունը։ Տեղեկությունն Aravot.am-ին հայտնեց Մեծ Թաղեր (չշփոթել Հին Թաղեր գյուղի հետ․-խմբ.) գյուղի բնակիչ Արմինե Գասպարյանը։
«Ճանապարհ են կառուցում, որը, շեշտեմ, անցնում է գերեզմանատան վերեւով։ Գերեզմանատունը չէր խանգարում ճանապարհը սարքելուն։ Ուղղակի մտածել են՝ մեքենաներով երթեւեկելիս մեր գերեզմաններն աչքներին չերեւա․․․բացի այդ, նման կերպ են վարվում, որ մեր վրա ազդեն։ 1800-ականներից այդտեղ գերեզմաններ ենք ունեցել, որոնք ոչնչացրել են, հավասարեցրել հողին»,-նշեց տիկին Արմինեն։
Նա հավելեց․ «Մեծ Թաղերից մենք ունեցանք 23 զոհ, 2 սպանված խաղաղ բնակիչ, 1 գերի։ Տվյալ պահին 3-4 հոգու դիերը դեռ չենք գտել։ 16 հոգի հուղարկավորված են Եռաբլուրում։ Պատերազմի սկզբնական շրջանում մի քանի զոհվածներին հուղարկավորեցին գերեզմանատանը, իսկ ադրբեջանցիների կողմից գյուղը զավթելուց հետո հուղարկավորությունները տեղի ունեցան Եռաբլուրում»։
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այն կառուցման փուլում է․ «Տանում է դեպի Շուշի։ Նոր են սարքել։ Քանդել ու հողին են հավասարեցրել ահագին տներ՝ գյուղի մեջտեղով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ