Երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ:
Հոսպիտալացված քաղաքացիները փետրվարի 13-ին մասնակցել են տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն եւ հավով ուտեստ. «Տորթ ենք կերել եւ հավի մսից պատրաստված ճաշատեսակ: Թե ինչն էր պատճառը, չգիտեմ ու սկսեցինք վատանալ: Գիշերը քույրիկս զանգեց, որ ինքն ու հարսիկը լավ չեն զգում, հարսիկն ուշագնաց է եղել: Շտապօգնություն կանչեցինք ու երկուսին էլ բերեցինք հիվանդանոց: Հետո եկա տուն, տեսնեմ իմ հարսիկներն էլ են արդեն վատ: Մենք այդ օրը գոլ ջուր խմեցինք, մնացինք տանը: Հաջորդ օրը մեծ հարսիկս ավելի վատացավ, նորից շտապօգնության միջոցով բերեցինք հիվանդանոց»,- պատմում է Մարինե Բաղդասարյանը:
Ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչեւ 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով 15 հիվանդ հոսպիտալացվել է ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանցից 5-ը երեխաներ են:
Կարդացեք նաև
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Աստղիկ Ափինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, որոշ հիվանդների մոտ արդեն՝ բավարար: Իսկ երեխաների մոտ դրսեւորումներն ավելի թեթեւ են. «Բուժում են ստանում, սիստեմաներ, ներերակային, կաթիլային են ստանում: Դուրս գրման մասին վաղ է խոսել: Մենք նաեւ որպես աղիքային վարակ դիտելու հետազոտություններ են կատարում, դեռեւս պատասխանները չունենք: Նաեւ որպես սննդային տոքսիկո ինֆեկցիաներ, քանի որ շարունակական բնույթ կրեցին»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ