2019 թվականի փետրվարին մենք ամփոփել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ունեցած հեռախոսազրույցներն այլ երկրների ղեկավարների հետ։
Մասնավորապես, 2018 թվականի մայիսի 8-ից, երբ նա ստանձնել էր ՀՀ վարչապետի պաշտոնը, մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը, երբ հրապարակվել էր մեր համապատասխան հոդվածը, Փաշինյանը մեկական հեռախոսազրույցներ էր ունեցել Կանադայի, Իրանի, Վրաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի առաջնորդների հետ, իսկ Ռուսաստանի նախագահի հետ՝ հինգ հեռախոսազրույց, որոնց մասին հրապարակվել էին պաշտոնական հաղորդագրություններ, ինչպես նաև երկու հեռախոսազրույցներ, որոնց մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել էր անձամբ։
Այդպիսով, արձանագրել էինք, որ Փաշինյանը հեռախոսազրույցների միջոցով առավելապես շփվում է եվրասիական գործընկերների հետ։
Այս հոդվածում մենք կանդրադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի փետրվարից հետո ունեցած հեռախոսազրույցներին և կփորձենք հասկանալ, թե արդյո՞ք փոխվել է դրանց աշխարհագրությունը։ Այստեղ, թերևս, հարկ կլինի առանձին վերապահում կատարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ տեղի ունեցած հեռախոսազանգերի մասով, քանի որ և՛ ըստ Նիկոլ Փաշինյանի, և ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, պատերազմի 44 օրերի ընթացքում տեղի են ունեցել ամենօրյա ինտենսիվ հեռախոսային քննարկումներ, որոնց մասին, սակայն, առանձին հաղորդագրություններ չեն եղել։
Կարդացեք նաև
2019՝ բնականոն կյանք
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարին և հաջորդ ամիսներին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի (5), Ղազախստանի (3), Վրաստանի (2), Լիբանանի (1), Թուրքմենստանի (1), Բելառուսի (1), Ղրղզստանի (1), Իրանի (1) և Ֆրանսիայի (1) ղեկավարների հետ․
Բացի վերոնշյալ հեռախոսազանգերից, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ (2 անգամ), Նուրսուլթան Նազարբաևի հետ՝ որպես Ղազախստանի առաջին նախագահի և Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի։ Նաև, Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ (2 անգամ), Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդի և Արամ Ա կաթողիկոսի հետ։
2020՝ կորոնավիրուս
2020 թվականի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած պաշտոնական հեռախոսազրույցների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ արդեն ապրիլ-մայիս ամիսներից սկսած միջազգային հանդիպումներն ավելի ու ավելի շատ տեղի էին ունենում առցանց եղանակով՝ տեսակապի միջոցով։ Մեր հոդվածում, սակայն, մենք կհաշվենք միայն, այսպես ասած, ավանդական հեռախոսազրույցները՝ չներառելով վերոնշյալ տեսակոնֆերանսները և տեսակապի միջոցով տեղի ունեցած հանդիպումները հեռախոսազրույցների թվի մեջ։ Բացի սա, հոդվածի այս հատվածում կներկայացնենք Փաշինյանի հեռախոսազրույցները մինչև սեպտեմբերի 27-ը, այսինքն՝ մինչև պատերազմի սկիզբը։
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում՝ 2020 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 27-ը, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի (2), Բելառուսի (2), Վրաստանի (1), Իրանի (1), Ղրղզստանի (1) և Լիբանանի (1) առաջնորդների հետ:
Բացի սրանից, վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
2020՝ պատերազմ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա՝ սկիզբ դնելով 44-օրյա արյունալի պատերազմին։
Հենց պատերազմի առաջին օրից ակտիվացան Հայաստանի վարչապետի հեռախոսային շփումներն այլ երկրների առաջնորդների հետ։ Այստեղ, թերևս, հարկ է մեկ անգամ ևս շեշտել, որ ըստ արված հայտարարությունների, այս պատերազմի ընթացքում եղել են բազմաթիվ հեռախոսազրույցներ, որոնց մասին չեն եղել առանձին մամուլի հաղորդագրություններ՝ հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այսպես, պատերազմի ընթացքում, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի (5), Ֆրանսիայի (3), Գերմանիայի (3), Իրանի (1), Բելառուսի (1), Ավստրիայի (1), Նիդերլանդների (1) և Կանադայի (1) առաջնորդների հետ․
Բացի սա, Նիկոլ Փաշինյանը, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, պատերազմի 44 օրերի ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի (2 անգամ), ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։
Պատերազմից հետո
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությամբ։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև այս հոդվածի պատրաստման պահը, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի (3), Ռուսաստանի (1) և Վրաստանի (1) առաջնորդների հետ․
Բացի սա, նույն ժամանակահատվածում, ըստ ՀՀ վարչապետի կայքի, Փաշինյանը երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ և մեկ հեռախոսազրույց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մալիկիվաբոյի հետ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում շարունակում է ավելի հաճախ հեռախոսազրույցներ ունենալ եվրասիական գործընկերների հետ, թեև պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո ակտիվ հեռախոսային շփումներ է ունեցել նաև եվրոպական առաջնորդների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։
Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»