Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Ադամյան․ «Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մեծ մասը ենթակա է վերակառուցման, մի մասն էլ՝ ապամոնտաժման»

Փետրվար 16,2021 14:13

Սպիտակի երկրաշարժից մի քանի տարի հետո ՀՀ-ում մշակվեցին սեյսմակայուն շինարարության նախագծման նոր նորմեր, 1994 թվականից հետո դրանք մի քանի անգամ լրամշակվեցին։ Հայաստանի շենք-շինությունների ֆոնդը, հատկապես բազմաբնակարանայինը, 70-75%-ի վաղեմությունը 60-70 տարվա է, այսինքն՝ Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մեծ մասը ենթակա է վերակառուցման, իսկ մի մասն էլ՝ ապամոնտաժման։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանն ասաց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը։


«Սեյսմիկ նոր նորմերով նոր շենքեր կառուցելու խնդիր ունենք։ Մինչեւ 1995 թվականը 9-ը բալ սեյսմակայունության պահանջ չի եղել կառուցապատման դեպքում, եղել է մինչեւ 7 բալի պահանջ։ Այսօր իրավիճակը փոխվել է եւ Հայաստանի տարածքի մեծ մասը սեյսմիկ միջին կամ բարձր վտանգի գոտում է»,-ասաց տիկին Ադամյանը։

Նա նաեւ վստահեցրեց, որ ներկայումս նախագծման հիմքում 9 բալին համարժեք սեյսմակայունության պահանջի դեպքում հատուկ տեխնոլոգիաներով կառուցվող շենքեր են, եւ արդեն 10-12 տարի է՝ կառուցապատման այդպիսի բացառիկ մեծ ծրագրեր են իրականացվում, հատկապես հանրակրթական օբյեկտները․ «Մի քիչ ավելի անտեսված վիճակում է բազմաբնակարան շենքերի ֆոնդը։ Եվ քանի որ բնակչության մի մասը անվճարունակ է եւ չի կարող նոր կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերել, սա նաեւ սոցիալական խնդիր է»։

Իսկ այդ հին շենքերը նորերով փոխարինելը շատ ծախսատար է, եւ ինչպես տիկին Ադամյանն ասաց, կոմիտեն նախնական հաշվարկներ ունի, թե քանի վթարային եւ քանի անբավարար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք կա․ «Դրանք կարծեմ մոտ 600-ն են, այդ ֆոնդի արդիականացման համար ծախսերը գերազանցում են հարյուրավոր միլիարդները։ «Մեր հանրապետության համար այդպիսի մեծ ներդրումների հնարավորությունը շատ սահմանափակ է։ Պետք է կարողանանք այնպիսի ծրագրեր կազմել, որտեղ նշված կլինեն խիստ առաջնահերթություններն ու քայլ առ քայլ գնանք առաջ»։

Տիկին Ադամյանը չնայած նշեց, վերջին տարիներին կառուցված նորակառույցները 9-ը բալ երկրաշարժին դիմանալու նորմերով են կառուցվել, սակայն 100% վստահությամբ հնարավոր չէ ասել, որ բոլոր կառուցապատողները շինարարության ժամանակ կատարել են տվյալ պահանջը։ Փորձաքննության դաշտն էլ, ըստ մասնագետի, 20 տարի է ազատականացված է, լիցենզավորված շատ ընկերություններ կան, որոնք փորձաքննություն են իրականացնում, բայց ինչպես տիկին Ադամյանն ասաց՝ դեպքեր են եղել, այդ փորձաքննությունները ոչ բավարար մակարդակով են եղել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728