Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով. «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 53 հայտ

Փետրվար 16,2021 14:04

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր:

Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: Վերոնշյալ անվանակարգում Գայանե Սիմոնյանը և Լուսինե Ավագյանը, հավաքելով ամենաբարձր միավորը, արժանացել են հաղթողի կոչմանը։ Գայանե Սիմոնյանն աշխատում է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ, իսկ Լուսինե Ավագյանը՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Գայանեն Սիմոնյանը նշում է, որ երկու անգամ՝ 2014 և 2016 թթ.-ին մասնակցել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթին: «Մեզ հատկապես դուր եկավ այս ձևաչափը, երբ անհատական կամ խմբային եղանակով ուսուցիչները ներկայացնում էին իրենց ծրագրերը: Մրցութային հանձնաժողովը համեմատում էր ներկայացված բոլոր ծրագրերը և ընտրում լավագույնին, ինչը հրաշալի է»,-մրցույթի մասին իր տպավորություններով կիսվում է Գայանեն: Մրցույթին ուսուցիչները ներկայացրել են «Արտակարգ իրավիճակներում (նոր կորոնավիրուսով պայմանավորված) աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը» ծրագիրը, որը կազմված է ինչպես անհատական, այնպես էլ համատեղ հեռավար դասընթացներից։ Դրանք տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում:

Գայանեի վարած դասընթացներում Լուսինեն ներգրավվել է որպես դիտորդ-խորհրդատու ուսուցիչ և հակառակը։ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ բացակայել է համապատասխան առարկայի ուսուցիչը, մանկավարժները 5-6-րդ դասարանների «Մաթեմատիկա» առարկայի համար պատրաստել են ամբողջական հեռավար դասընթաց՝ ներառելով իրենց հեղինակած ցուցադրությունները, տեսադասերը և այլ լրացուցիչ ուսումանաօժանդակ էլեկտրոնային նյութեր և շարունակում են դասավանդել հեռավար ձևով։

Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանը ևս տվյալ անվանակարգի հաղթողներից մեկն է: Նա մրցույթին ներկայացրել է «Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով» ծրագիրը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին: Նախագիծն իրենից ներկայացնում է դպրոցական կայքի հարթակ, որտեղ տեղադրվում են առարկայի թեմատիկ պլանին համապատասխան տեսանյութեր, թեստեր և առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, ինչպես նաև հետաքրքրաշարժ, ակտիվացնող նյութեր։ Հարթակը նպատակ ունի օգնել 5-12–րդ դասարանների աշակերտներին ցանկացած պահի թեմաներին հասանելիություն ունենալ՝ որպես հեռավար ուսուցման այլընտրանքային տարբերակ: «Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին ձևաչափն առավել հետաքրքիր դարձնելու և ոգևորելու համար: Կարծում եմ՝ այն ապագայում ավելի շատ մասնակիցների կներառի, որից կշահի միայն կրթությունը»,-ասում է Հասմիկը:

Հավելենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։

Հիշեցնենք, որ խմբային հայտ կարող են ներկայացնել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Մրցույթի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին ու երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած հմուտ մանկավարժական անձնակազմի աշխատակիցներին: Մրցույթը նպատակ ունի նաև տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական լավագույն փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728